2007 թ-ին` ՌԴ-ում 80 ռասիստական հարձակում
Ռուսական իրավապահ մարմինները ձերբակալել են Մաքսիմ Մարցինկեւիչին, որը նաեւ հայտնի է «Տյոսակ» մականունով, ազգամիջյան ատելության հրահրման մեղադրանքով: BBC-ի ռուսական ծառայությանը հղում անելով «Պանարմենիըն.նեթ»-ը տեղեկացնում է, որ Մարցինկեւիչին մեղադրանքներ են ներկայացված Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282 հոդվածով (ատելության եւ թշնամանքի սերմանում, մարդկային արժանապատվության ստորացում):
Որոշ տվյալներով, Մարցինկեւիչը ծայրահեղ ազգայնամոլական «Ֆորմատ-18» սափրագլուխների խմբավորման պարագլուխն է. վերջինս Մոսկվայում ամենահայտնիներից մեկն է: Որպես սափրագլուխների առաջնորդ «Տյոսակը» մի քանի անգամ հարցազրույցներ է տվել ռուս լրագրողներին, այդ թվում եւ հեռուստատեսային:
Մոսկվայի մարդու իրավունքների գրասենյակի (ՄՄԻԳ) տվյալներով, որը հիմնականում մասնագիտացած է ֆաշիզմի եւ այլատյացության դեմ պայքարի գործում, վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանում սափրագլուխների թիվը աճել է 20 հազարով եւ հասել է 70 հազարի: ՄՄԻԳՏ-ը հայտնում է, որ 2007 թվականի հունվարից ապրիլ ամիսներին Ռուսաստանում 80 ռասիստական հարձակում է տեղի ունեցել, որի արդյունքում 25 մարդ զոհվել է, 80-ըՙ վիրավորվել:
ՄՄԻԳ-ի ղեկավար Ալեքսանդր Բրոդը խոստովանում է, որ վերջերս ռուսական իշխանությունները սկսել են ավելի խիստ ու արդյունավետ գործել ծայրահեղ ազգայնամոլների դեմ, սակայն իրավապահ մարմինների գործողություններում դեռեւս համակարգվածություն չի նկատվում: