ՀՀ ներկայիս կառավարությունը ժամանակավոր է ու կոմպրոմիսայինՙ գործող նախագահի եւ վարչապետի միջեւ: Իշխանությունների ներսում էլ մրցակցություն էՙ մի կողմից ամենաերիտասարդ թոշակառուի տիտղոսից հեռու մնալու ձգտումով նախագահն է փորձում ապահովել իր ազդեցության տեւականությունը, մյուս կողմիցՙ սեփական իշխանությունը առավելագույնս ամբողջացնելու ձգտող վարչապետը: Այս կարծիքին է ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը երեկ հյուրընկալվել էլ «Փաստարկ» ակումբում: Նա հավանական չի համարում, թե գործող վարչապետի նախագահ դառնալու պարագայում վերջինս կհամաձայնի գործող նախագահի վարչապետ դառնալուն, սակայն չի էլ բացառում, որ եկող տարի նախագահի ընտրությունից հետո երկրի եւ ԱԺ նախագահների ու վարչապետի պաշտոնները բաժին հասնեն նույն կուսակցությանը: Պատգամավորը գտնում է, որ իշխանությունները նախագահի երկու թեկնածու կառաջադրեն առաջիկա ընտրություններումՙ Սերժ Սարգսյան եւ նա ում առաջադրելու է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նա, ըստ Վիկտոր Դալլաքյանի կառաջադրի նրան ով «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում» փոփոխությունների նախագծի քվեարկությանը ձեռնպահությամբ է մասնակցել: Ձեռնպահ էր ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Ընդդիմությունն էլ թեկնածու կունենա, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն ուղղակի իշխանափոխության քաղաքական տեխնոլոգիա է, ըստ բանախոսի, ու թե ընդդիմությունը խորհրդարանի ընտրություններից դասեր քաղի, ապա իշխանության նախագահի թեկնածուներին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորություն կունենա. «Սակայն սահմանադրությունը ԱԺ մեծամասնությանն ու նրա հավանությունը վայելող վարչապետին անվերահսկելի իշխանություն է տալիս: Իսկ նախագահն ԱԺ մեծամասնության ու վարչապետի մոտ անգլիական թագուհի է աշխատում»:
Աժ մեծամասնությունն էլ իր հերթին հարաբերական է, քանի որ անգամ ՀՀԿ ներսում տարբեր ճյուղավորումներ կան եւ նախագահի ընտրություններում իր դրսեւորումն ունենալու է, ի տարբերություն ՀՀ նախագահի ընտրությունների ԼՂՀ նախագահի ընտրությունից Վիկտոր Դալլաքյանն անակնկալներ չի սպասում եւ չի էլ համարում թե դրանք ազդեցություն ունենան ՀՀ նախագահի ընտրութունում:
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու հարցն էլ, ըստ բանախոսի, կոռեկտ կլիներ վերջինիս համապատասխան հայտարարությունից, այլ ոչ այս ու այն կուսակցության, քաղաքական գործչի բարձրաձայնումից հետո քննարկել:
Կնքահայրով ավտորիտար ռեժիմ Հայաստանում
Պետության մոդելի ստեղծումը, մրցակցային պետության կայացումն ու հայության գոյաբանական ճգնաժամի հաղթահարումը Հայաստանի զարգացման այն երեք գերակայություններն են, որոնց չի պատասխանում Սերժ Սարգսյանի կառավարության գործունեության ծրագիրը: Սրանում համոզված է Վիկտոր Դալլաքյանը եւ գտնում է, որ ներկայումս Հայաստանում նախընտրում են քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունեցող պետության կնքահայրով ավտորիտար ռեժիմը: Որպես ապացույց բանախոսը անդրադարձ կատարեց Հայաստանում եւ Ադրբեջանում 1998 թվականի եւ այսօրվա տնտեսական աճի տարբերությանը. «Եթե 1998-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պետբյուջեների տարբերությունը 1.5 անգամ էր ի վնաս Հայաստանի, ապա այսօր արդեն 5 անգամ: Նրանց տնտեսական աճը 34 տոկոս է»: Ներկայացվածի հնարավոր բացասական ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա նույնպես ընդգծեց Վիկտոր Դալլաքյանը:
«Աստծո ձեռքն էլ խառն էր»
5 հարց էր ընդգրկված ԱԺ արտահերթ նստաշրջանում: 4-ը ՀՀ կառավարության գործունեությանն ու ծրագրին էր վերաբերում, մեկն էլ «Ազատություն» ռադիոկայանը փակելուն ուղղված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր: Այն ոչ մի կապ չուներ կառավարության ծրագրի հետ, այսինքն ՀՀ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել փակել «Ազատություն» ռադիոկայանը, ինչը ես դատապարտում եմ»: Այս կարծիքը հայտնելովՙ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ այս անգամ իշխանությունների փափագած օրինագիծը տապալվեց մի քանի գործոնների մեկտեղման շնորհիվ: Իսկ գործոններն, ըստ Դալլաքյանի հետեւյալն ենՙ ժողովրդի բացասական վերաբերմունքը, արտաքին ազդակները, ներիշխանական մրցակցությունը, կոճակային մեծամասնության անկազմակերպվածությունն ու խորհրդարանական ընդդիմության կազմակերպվածությունը: Աստծո ձեռքն էլ նախագծի տապալման գործում կա, քանի որ անհրաժեշտ 66 ձայնի փոխարեն քվեարկությանը մասնակցեց ընդամենը մեկով պակաս` 65 պատգամավոր:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ