Մտավորականների մի խումբ այս տարվա հունվար ամսի վերջին տասնօրյակից մինչեւ օրս Մաշտոցյան Մատենադարանի անվան շուրջ բարձրացրել է մի աղմուկ, որի իմաստը մեզ համար անընկալելի է, իսկ նպատակն այս խմբի տարբեր անդամների համար երեւի թե տարբեր է:
Աղմուկը սկսեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Լուվր թանգարանում նախատեսված եւ ս.թ. փետրվարի 19 - մայիսի 21-ի ընթացքում ըստ ամենայնի հաջողությամբ կայացած, 300.000 այցելու ունեցած, Սրբազան Հայաստան ցուցահանդեսին Մատենադարանի ձեռագրեր տանելու առիթով: Այս «մտահոգությունը» վերջերս հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ ձեւակերպվեց հետեւյալ բառերով. «Բա՛ որ ինքնաթիռը օդում պայթե՞ր»: Մի կողմ դնենք այն ճշմարտությունը, որ ըստ այս «բա՛ որ» սկզբունքի մարդիկ ընդհանրապես չպետք է տնից դուրս գան («մեքենայի տակ կընկնեն») կամ տուն մտնեն («երկրաշարժ կլինի»): Ավելի կարեւորը, եւ ցավալին այն է, որ Հայաստանի պատմության թանգարանից եւ Մայր աթոռ Ս. Էջմիածնից նույն ցուցահանդես տարված ո՛չ պակաս արժեքավոր ցուցանմուշների մասին այս տեւական աղմուկի ընթացքում որեւէ մտահոգություն չարտահայտվեց: Ավելի քան պարզ է, որ ցուցահանդեսը սոսկ պատրվակ էր, որ հաստատվեց դեպքերի հետագա ընթացքով:
Հաջորդ «պատեհ» առիթը չուշացավ. Մատենադարանի ձեռագրերի թվայնացման վերաբերյալ ամերիկյան Հիլլ թանգարանի հետ կնքված նախնական համաձայնագիրը: Սա այլազան մեկնաբանությունների եւ գնահատականների առիթ տվեց. ճիշտ կամ սխալ լինելը մի կողմ թողնենք, որովհետեւ առավել քան զարմանալի է, որ պայմանագրի լուծարմանը վերաբերող պաշտոնական հայտարարությունից հետո անգամ նույն մարդիկ հանկերգի նման շարունակ կրկնում են, թե այն լուծարված չէ եւ թե իբր ինչ որ գաղտնի ուժեր շարունակում են այդ ծրագիրը...
Շատ ցավալի է, որ աղմկող «մտավորականների» զգալի մասը որեւէ պատկերացում չունի թե՛ Մատենադարանի եւ թե՛ այնտեղ պահվող ձեռագրերի մասին: Բայց ամենացավալին այն է, որ գրեթե բոլոր թերթերն ու հեռուստածրագրերը ողողած այս աղմուկի («շոու», ավելի ճիշտՙ «թամաշա») բուն պատճառը Մատենադարանի տնօրենիՙ հունիսի սկզբից արդեն թափուր «աթոռն» է: Եվ քանի որ այս պատճառը բարձրաձայնելը պատշաճ չէ, ուստի հիմնականում խնդրի մասին դույզն իսկ պատկերացում չունեցող լրագրողների շնորհիվ ժողովրդի մեջ շրջում են իրականության հետ կապ չունեցող հերյուրանքներ... ընդհուպՙ «Մատենադարանը սեփականաշնորհում (իմա՛ ծախում) են»:
Շատ ցավալի է, որ իրենց հայտնի եւ ծածուկ նպատակներին հասնելու ճանապարհին թե՛ «մտավորականները» եւ թե՛ լրագրողները, գիտակցելով կամ առանց դրա, անվանարկում են Մատենադարանը, որ մեր ժողովրդի կարեւոր սրբավայրերից մեկը լինելուց բացի, միշտ եղել է եւ այսօր էլ մնում է բոլոր առումներով հազվագյուտ մաքուր մնացած հաստատություն:
Ի վերջո խնդիրը հանգեցվեց «Պատուհաս Մատենադարանի գլխին» ահասարսուռ ձեւակերպմանը («Առավոտ», 29 հունիսի 2007), որի համաձայն իբր իշխանությունները ձեւավորել են Մատենադարանի իրենց հարմար մի խորհուրդ, որն էլ պետք է ընտրի նույն իշխանությունների քիմքին հաճելի տնօրեն, որի ձեռքով «չինովնիկները» պետք է «Մատենադարանի հետագան կանխորոշեն սեփական հայեցողությամբ»:
Ամեն ինչ գլխիվայր շրջված է, բայց նպատակը կրկին անհասկանալի է:
Իրողությունն այլ է. տնօրեն ընտրելու իրավասություն ունեցող խորհրդի 39 անդամներից 27-ը մատենադարանցիներ են, 6-ը մեր գիտական եւ թանգարանային հաստատություններում աշխատող ճանաչված մասնագետներ, եւ ընդամենը 6-ըՙ ՀՀ կառավարությանու նրա մի ճյուղիՙ Մատենադարանի վերադաս («հիմնադիր») կրթության եւ գիտության նախարարության պաշտոնյաներ: Այս պայմաններում ընտրության մեջ որոշիչ դեր ունեցողները չեն կարող «չինովնիկները» լինել, որովհետեւ իրականում Մատենադարանի նոր տնօրենին ընտրելու են հենց իրենքՙ մատենադարանցիները:
Առաջադրված երկու թեկնածուն էլ Մատենադարանի աշխատակիցներ են, ուստի եւ վստահ ենք, որ Մատենադարանիՙ հիմնականում մատենադարանցի խորհուրդը առանց որեւէ ճնշումի անելու է իր ողջամիտ ընտրությունը:
Ուստի մեր աղմկող «մտավորականներին», լրատվամիջոցներին եւ լրագրողներին խնդրում ենք ձեռնպահ մնալ ուղղորդված, անմաքուր քարոզչությունից, եւ լրջմիտ համբերությամբ սպասել ընտրությանը, որը, վստահ ենք, ազատ եւ արդար է լինելու:
Մատենադարանի շուրջը հրահրվող աղմուկն արհեստածին է, ավելորդ եւ անիմաստ, քանի որ այսպիսի եղանակներով անհնար է սասանել այս սրբազան հաստատության բարոյական հիմքերը:
Լրջմտության հրավերը տորագրել են Մատենադարանի 33 աշխատակիցներ