«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2007-07-03 | #125, 2007-07-04 | #126, 2007-07-05


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿԲԱՑՎԻ ՈՒ ԿՓԱԿՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

«Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնը նախորդներից առանձնահատուկ է լինելու նախեւառաջ այն հանգամանքով, որ բացման արարողությունը տեղի է ունենալու Ազատության հրապարակումՙ հուլիսի 9-ին, ժամը 22-ին, որից քիչ անց, հենց այնտեղ էլ ցուցադրվելու է Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը: Իրոք հրաշալի նախաձեռնություն է, կինոփառատոնի բացումն ու փակումն իսկական կինոտոնի վերածող, կինոարվեստի երկրպագուներին քով-քովի բերող: Այս տարվա նորույթներից են նաեւ «Կինոլրագրության միջազգային համադաշնության» (FIPRESCI) եւ «Եկեղեցիների միջազգային կազմակերպության» էկումենիկ հանձնաժողովները: Հիմնական մրցույթից բացի կանցկացվեն արտամրցութային բազմաթիվ ծրագրեր, այդ թվումՙ կինոյի վարպետներ Լեոս Կարաքսի, Լի Չան-դոնի, Ֆրունզե Դովլաթյանի եւ Յուրի Երզնկյանի լավագույն ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Փառատոնի ներսում կբացվի եւս 2 փառատոնՙ առաջինում ընդգրկված են ֆրանսիական հեղինակային նոր կինոն, երկրորդումՙ «Եվրոպա - 2006», Լարս Ֆոն Թրիերի «Ներքին կայսրություն» եւ Սթիվեն Ֆրիրզի օսկարակիր «Թագուհին»:

«Երեւան» հյուրանոցում երեկ հրավիրած ասուլիսում կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն իր խոսքը սկսեց փառատոնը լուսաբանող լրատվամիջոցներից կարգապահություն պահանջելով, աչքի առաջ ունենալով նախորդ տարիների, մեղմ ասած, անկարգություններըՙ միջազգային հռչակ ունեցող կինոբեմադրիչների ասուլիսների ժամանակ, հենց նրանց խոսելու պահին լրագրողները վերցնում էին խոսափողները, ձայնագրիչները, աղմկում էին, ելումուտ անում: Ի դեպ, նախորդ փառատոնին կինոբեմադրիչներից մեկը նույնիսկ չդիմացավ եւ ասուլիսի ժամանակ ասաց, որ ինքը որեւէ այլ երկրում այդպիսի բան չէր տեսել:

Փառատոնի հիմնադիր տնօրենը հայտնեց այս տարվա եւս մի քանի նորույթների մասինՙ ամենաուրախալին թերեւս «Վիվասել» ընկերության հովանավորությամբ դրամական մրցանակներ հայտարարելն էՙ 2 մլն դրամ կտրվի գլխավոր մրցանակի համար, 1 մլն դրամՙ միջազգային վավերագրական ֆիլմի, նույնքան էլՙ «Հայկական համայնապատկեր» անվանակարգի համար: Սահմանվել է նաեւ նոր մրցանակՙ «Կենաց ծառ», 500 հազար դրամական պարգեւով: Նախորդ տարիներին մրցանակի արժանացած ֆիլմերն այս տարի կհանվեն մրցույթիցՙ նոր անուններ ասպարեզ հանելու նկատառումով:

Օրինակելի է, որ փառատոնի կազմակերպիչները հատուկ ուշադրության են արժանացրել արվեստագետներին եւ ուսանողներինՙ նրանց հնարավորություն տալով դիտելու 20-30 ֆիլմ: «Այս տարի ավելի հանգիստ ենք, նախորդ տարիների լարվածությունը չկա, գուցե արդեն մեծամտացե՞լ ենք», կատակեց Հարություն Խաչատրյանը: Փառատոնը աստղերի պակաս չի ունենալու, ճիշտ է, նախապես խոստում տված Ժաննա Մորոն չի գալու, սակայն ներկա են լինելու այս տարվա Կաննի փառատոնի 3 մրցանակակիրները: Նրանցից հարավկորեացի կինոռեժիսոր Լի Չան-դոնի մասին մեզանում քչերը գիտեն, մինչդեռ արդի կինոարվեստում նա համարվում է կենդանի դասական:

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն անդրադարձավ «Ռեժիսորներ առանց սահմանի» միջազգային ծրագրին, ընդգծելով դրա կարեւոր նշանակությունը տարածաշրջանային ֆիլմարտադրության զարգացման համար: Հուլիսի 10-12-ը կանցկացվի համարտադրության ֆորում, որին ներկա կլինեն ավելի քան 40 կինոռեժիսորներ ու պրոդյուսերներ հարեւան Թուրքիայից, Ադրբեջանից, Սիրիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Ֆորումի վերջին օրը Հայաստանի արտաքին գործոց նախարարությունում կամփոփվեն ներկայացված լավագույն նախագծերը, կտրվեն մրցանակներ:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ որպես փառատոնի ինֆորմացիոն հովանավոր «Ազգը» հուլիսի 9-14-ը առանձին հավելվածով հանգամանալից կտեղեկացնի փառատոնի բոլոր միջոցառումների, ֆիլմերի մասին, նաեւ կտպագրի հայաստանյան կինոգետների հոդվածները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4