«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻՆ Է ՊԵՏՔ, ԲԱՅՑ ԵԹԵ ՍՓՅՈՒՌՔՆ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂ ԿԼԻՆԻ»

Հայ երիտասարդները քննարկում են դարի մարտահրավերները

Երեկ մեկնարկած Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) կազմակերպած Համահայկական երիտասարդական միջազգային երկօրյա «XXI դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի մասնակիցները նախ առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք, եղան Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ծաղկեպսակներ դրեցին Եղեռնի զոհերի հուշահամալիրին եւ նոր միայն հանդիպեցին Մոսկվայի տանը` սկսելու աշխատանքները: Խորհրդաժողովի նպատակն է դարի մարտահրավերների համատեքստում քննարկել ազգային շահերի շուրջը հայ երիտասարդության համախմբմանն առնչվող խնդիրներ:

ՀՀ արտաքին գործերի ու մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունների աջակցությամբ անցկացվող խորհրդաժողովի բացմանը Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ողջունելով մասնակիցներին եւ հյուրերին, մասնավորապես Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին, նախ ներկայացրեց Ռուսաստանում իր ժամանակին առաջին քայլերն անող Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, այնուհետեւ ՌՀՄ նախաձեռնությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծման համառոտ պատմությունը:

2003 թվականին հիմնադրված Կոնգրեսի կարճատեւ գործունեության ընթացքում բավականին նախաձեռնություններ դարձել են իրականություն, իրագործվել են բացառիկ ծրագրեր: Արվում է առկա ուժերի շրջանակներում հնարավորը, սակայն, Արա Աբրահամյանի խոսքերով, դեռեւս արվածն անբավարար է սփյուռքը` Հայաստանի, Հայաստանն էլ սփյուռքի խնդիրների կտրվածքով: «Ուժեղ Հայաստանը սփյուռքին է պետք, բայց եթե սփյուռքն էլ Հայաստանի կողքին լինի, Հայաստանն ուժեղ կլինի», խոսելով հայության այսօրվա կարեւորագույն մարտահրավերներից մեկի` ուժեղ Հայաստան ունենալու անհրաժեշտության մասին, նշեց Արա Աբրահամյանը:

Կոնգրեսի նախագահն անդրադարձավ տարածաշրջանում Հայաստանի զբաղեցրած դիրքին, Իրանի շուրջն ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու Վրաստան-Ռուսաստան հարաբերություններին, ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելուն, որոնք բոլորն ազդում են Հայաստանում տիրող իրավիճակի վրա: Աբրահամյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերին գիտաժողով է նախատեսվում` քննարկելու ղարաբաղյան հարցում սփյուռքի հնարավոր դերակատարությունը այն հիմնական նպատակով, թե ինչպես եւ ինչ անել արցախցի երիտասարդի մոտ ապագայի հանդեպ հավատ ներշնչելու համար, որպեսզի երիտասարդները չհեռանան Լեռնային Ղարաբաղից:

Քանի որ համահայկական երիտասարդական այս խորհրդաժողովի նպատակն է նախ համախմբել հայ երիտասարդությանը, Արա Աբրահամյանը ներկայացրեց վերջերս Միացյալ Նահանգներում Համաշխարհային հայկական կոնգրեսի մասնաճյուղ ստեղծելու հետ կապված իրավիճակը: Ա. Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներում այդ հարցի քննարկման ժամանակ հավաքված ամերիկյան հայկական կառույցների ներկայացուցիչներն արտաքուստ համաձայնել են մասնաճյուղի ստեղծման գաղափարին: Սակայն, այնուհետեւ, իրենց լրատվական միջոցներում կարծիք են հայտնել, թե Համաշխարհային հայկական կոնգրեսն ԱՄՆ-ում անելիք չունի, մինչդեռ ամերիկյան իրականության մեջ գործող հայկական կազմակերպությունները համակարգված չեն, ու այդ պատճառով անհրաժեշտ ուժը չունեն:

Ինչեւէ, խորհրդաժողովը երիտասարդական է, եւ Կոնգրեսն էլ այն անցկացնում է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի առաջարկությամբ: Ընդհանուր առմամբ, Արա Աբրահամյանի խոսքերով, ծրագրերը պետք է ուղղված լինեն հայ երիտասարդի մեջ ապագայի հավատ ձեւավորելուն, որպեսզի երիտասարդությունը վստահ լինի Հայաստանի ուժի, սոցիալ-տնտեսական զարգացման հանդեպ:

Հրանուշ Հակոբյանը կոչ է անում ունենալ առնվազն երեք փոքրիկ, զբաղվել քաղաքականությամբ

Խորհրդաժողովի առաջին` «21-րդ դարի մարտահրավերները գլոբալացվող աշխարհում: Հայ երիտասարդությունը եւ նոր հարյուրամյակի մարտահրավերները» զեկույցը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը` նախապես մասնակիցներին փոխանցելով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի ողջույնը:

Ըստ Հրանուշ Հակոբյանի, 21-րդ դարում ամենից առաջ հայ ժողովուրդը միավորվում է լուծելու երկու կարեւորագույն խնդիր. օգտագործել սփյուռքի ուժը Հայաստանն ամուր եւ ուժեղ դարձնելու գործում, եւ ստեղծել բոլոր պայմանները, որ հայը որոշի հայ մնալ: Ընդհանրական սահմանելով աշխարհի մասշտաբով մարտահրավերները` տիկին Հակոբյանը անդրադարձավ կոնկրետ Հայաստանի համար դարի մարտահրավերներին: Ըստ այդմ, ամենից առաջ մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, այնուհետեւ Հայաստանի շրջափակման, հարեւան երկրներում ազգամիջյան բախումների, սփյուռքի ուծման եւ այլ խնդիրներ:

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի` գլոբալացման առավելությունների եւ բացասական կողմերի վերլուծությունը բավական ընդգրկուն ու մանրամասն էր` զարգացած եւ անցումային շրջանում գտնվող երկրների պարագաների դիտարկմամբ: Ըստ Հակոբյանի, եթե որոշ երկրների համար գլոբալացումը շահ է եւ ոչ մի ռիսկ, ապա անցումային երկրների, փոքր պետությունների համար բնավ էլ այդպիսին չէ: Եվ այստեղ է, որ մեծապես կարեւորվում է երիտասարդության դերը, քանի որ երիտասարդները ճկուն են, հարմարվում են նոր իրավիճակներին, օգտվում են գլոբալացման գործընթացներից, կարող են ազատ տեղաշարժվել, այլ երկրներում սովորել ու աշխատել, դառնալ աշխարհաքաղաքացի եւ այլն:

Հրանուշ Հակոբյանը երիտասարդության մասնակցության ու դերի ներկայացումը ձեւակերպեց մի շարք ոլորտային կտրվածքներով: Մասնավորապես ներկայացվեցին խնդիրներըՙ երիտասարդությունը եւ կրթությունը, առողջությունը, ընտանիքը, բնությունը, զբաղվածությունը, քաղաքականությունը, բախումները եւ այլ տեսանկյուններով: Հետաքրքրական էր, որ Հրանուշ Հակոբյանը կոչ արեց ունենալ առնվազն երեք երեխա յուրաքանչյուր հայ ընտանիքում, իսկ տարբեր երկրներում էլ` ակտիվորեն ներգրավվել այդ երկրների քաղաքականության մեջ` այդ կերպ նպաստելով ինչպես բնակության երկրի, այնպես էլ Հայաստանի հետ տվյալ երկրի հարաբերությունների զարգացմանը:

Խորհրդաժողովի եւս մեկ զեկուցում ներկայացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար, համահայկական երիտասարդական հիմնադրամի տնօրեն Արթուր Պողոսյանը: Զեկույցի «Հայ երիտասարդությունը եւ Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապերը» թեման նախ Պողոսյանը ներկայացրեց գլոբալացման պրիզմայով: Ընդհանուր նշելով գլոբալացման գործընթացների եւ երիտասարդության խնդիրների մասին` մշակույթի փոխնախարարը ձեւակերպեց, ըստ իր մոտեցման, այն գերակայությունները, որոնք պետք է դնել հայ երիտասարդության առջեւ:

Ամենից առաջ դա վերաբերում է ազգապահպանության խնդրին: Այնուհետեւ կարեւոր է Հայաստանի պետականության ամրապնդման եւ հայկական պետականության, որպես համայն հայության հայրենիքի, զարգացման խնդիրը: Ըստ Արթուր Պողոսյանի խոսքերի, 90-ականների վերջերից բավականին աշխուժացել է երիտասարդական հասարակական կազմակերպությունների դերը ՀՀ քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական պետության կայացման գործում: Հայաստանում գրանցված է մոտ 300 ՀԿ, որոնցից գրեթե կեսը կամ երիտասարդական են, կամ զբաղվում են երիտասարդների խնդիրներով: Հայաստանում 1995 թ.-ից իրականացվում է երիտասարդական պետական համակարգված քաղաքականություն, 1998 թ.-ից գործում է այդ ոլորտի առաջին փաստաթուղթը` Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը, իսկ 2002 թ.-ից` Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը:

Ինչեւէ, մշակույթի փոխնախարարը ներկայացրեց մի շարք առաջարկներ, մասնավորապես` համահայկական երիտասարդական համակարգող կառույց ստեղծելու, Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական կառույցների կազմակերպչական, գաղափարական, ֆինանսական ներուժի գույքագրման, տեղեկատվական միասնական ռեեստր, համահայկական ցանց ստեղծելու մասին եւ այլն:

Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան ձեւակերպում է անելիքները

ԵԿԱ նախագահ Ատոմ Մխիթարյանը, ներկայացնելով երիտասարդության մոտեցումները դարի մարտահրավերներին, մի քանի դրույթներով ընդգծեց անելիքները: Մասնավորապես, նախ պետք է կազմակերպվել: Մխիթարյանի խոսքերով, կան ազգեր, որ կարողանում են կազմակերպվել եւ հաղթահարել իրենց ուղղված մարտահրավերները, հայ ժողովուրդն էլ նրանց ոչնչով չի զիջում: Իսկ կազմակերպվել պետք է ամենից առաջ վարվող քաղաքականության, հատկապես երիտասարդության ոլորտում ազդեցություն ունենալու նպատակով: Եվ կազմակերպվել հարկ է ինստիտուցիոնալ ձեւով` համապատասխան կառույցների ստեղծմամբ ու ներդրմամբ:

Հայ երիտասարդության համար առանձնանում է եւս մեկ կենսական հարց. աշխարհի հայ երիտասարդությունը խոսում է տարբեր լեզուներով` ոչ միայն հենց խոսակցական լեզվի, այլեւ մշակութային արժեքների գերակայությունների առումով: Մինչդեռ տարբեր երկրների հայ երիտասարդները կարող են ոչ միայն խոսել մեկ ընդհանուր` հայերեն լեզվով, այլեւ շփման ընթացքում ելնել ընդհանրական արժեքներից ու գործել ընդհանուր մոտեցմամբ:

Անելիք է նաեւ, ըստ Մխիթարյանի, ինտերնետային տարածության օգտագործումը: Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մշտապես լինել կապի մեջ, ստեղծել այնպիսի մի վիրտուալ միջավայր, որտեղ հնարավորություն ունենա յուրաքանչյուր հայ երիտասարդ թողնելու իր հետքը: Հայաստան-սփյուռք երրորդ համաժողովից է գալիս երիտասարդության եւս մեկ անելիք, որ Ատոմ Մխիթարյանը ձեւակերպեց որպես «Արշավ գյուղ»: ԵԿԱ նախագահն ընդգծեց նաեւ, որ անհրաժեշտ է, որ հայ երիտասարդությունը ներկայանա միջազգային կառույցներում, մասնակցություն ունենա միջազգային գործընթացներին` ապահովելով հայության խնդիրների քարոզչությունը:

***

Խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրների (Արցախ, Ռուսաստան, Բրազիլիա, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Թուրքիա, Ռումինիա, Իրան, Իրաք, Սիրիա, Հորդանան, Ֆրանսիա, Հոլանդիա, ԱՄՆ եւ այլն) 40-ից ավելի հայկական երիտասարդական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 250 պատվիրակներ:

Խորհրդաժողովի կազմակերպման, արտերկրից ժամանած մասնակիցների կեցության, սննդի, շրջագայության եւ մյուս բոլոր միջոցառումների ծախսերը ստանձնել է Համաշխարհային հայկական կոնգրեսը: Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի հասարակական, մշակութային կյանքին, տեսարժան վայրերին:

Այսօր խորհրդաժողովի մասնակիցները առանձին աշխատանքային խմբերում փորձագետների մասնակցությամբ կանդրադառնան Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հիմնահարցի, հայկական պետականության ամրապնդման, աղքատության հաղթահարման, գյուղական համայնքների զարգացման, ազգային ինքնության պահպանման, Հայաստան-սփյուռք կապերին առնչվող խնդիրներին, եւ, ինչպես երեկ նշեցին խորհրդաժողովի մասնակիցները, իրենք` երիտասարդները կփորձեն ձեւակերպել հետագա անելիքները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4