«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ԸՍՏ «ՍՈՑԻՈՄԵՏՐԻ»` ԼՂՀ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՑՆԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ ԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ

ԼՂՀ նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Առաջադրված 5 թեկնածուներից առավել հավանական ֆավորիտներ են Բակո Սահակյանը եւ Մասիս Մայիլյանը: Վերջին շրջանում այդ ընտրությունների մասին արտահայտվել են միջազգային կառույցների ղեկավարները, վերջինը ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենն էր, որը չճանաչված պետության ընտրություններ անվանեց դրանք Հայաստանի Ազգային ժողովում: Ընտրություններին հուլիսի 3-ին անդրադարձած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը դրանք ուզում էր տեսնել ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխան, «չճանաչված պետություն» ասողներին որպես ապացույց լինի այդ «չկայացածի» բարձր կազմակերպվածության մասին: Այսինքն անկախ ամեն ինչից` ղարաբաղցիներն անընդհատ ինչ-որ բան ունեն ապացուցելու աշխարհին, այս անգամ` ժողովրդավար-թափանցիկ-ազատ ընտրություններ անցկացնելու կարողությունը:

Ու բոլորն են ջանում` հանուն Արցախի, հարեւան պետության ջգրու, ցույց տալ, որ հենց այս պահին նախագահացուների քարոզարշավն ընթանում է «կատարյալին մոտ» (Ա.Ղուկասյանի բառերն են), ամեն ինչ յուղի պես է: Եվ կարիք չկա մազ փնտրել ճաշի մեջ, ջուր լցնել հարեւան պետության ջրաղացին, աղբը տնից դուրս հանել` եթե կա: Այդպիսի խորհուրդ են տալիս այս օրերին լրագրողներին Հայաստանի եւ ԼՂՀ պաշտոնյաները` քանզի լրագրողները հատկապես «զուրկ են պետական մտածողությունից», ու կարող են գնալ Արցախ ու հանկարծ ասել, թե վարչական ռեսուրս է օգտագործվում (ինչպես որ Մասիս Մայիլյանն էր ասում), կամ հանկարծ խոսել այլ խոչընդոտների մասին: Մի՞թե լրագրողներս ենք դեմ ազատ ժողովրդավարական ընտրություններին, կամ մեր հայրենիքի թշնամին ենք. երեւույթների ստվերոտ կողմերը տեսնո՞ղն է թշնամի, թե՞ դրա վրա աչք փակողը: Այդպես մտածելով երեւի կիրակնօրյա «360 աստիճանը» Արցախի մասին ամբողջական հաղորդում պատրաստելիս ու ժողովրդավարական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը փաստելիս` հարկ չի համարում գոնե վարկանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուի տեսակետն էլ եթեր տալ որեւէ հարցի վերաբերյալ, ու սա համարվում է միակ ճշմարիտ դիրքորոշո՞ւմ` ժողովրդավարական-շշմեցնող ընտրություններից առաջ: Բա ժողովրդավարությունը թեկնածուների հավասար ներկայացումը չէ՞:

Կամ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որ երեկ արգելեց «հավի ուղեղով լրագրողներին»` իրավիճակ վերլուծել, դրա իրավունքն ունի՞ սահմանադրորեն: Իսկ նա երեկ «Ուրբաթ» ակումբում ասում էր նույնը, ինչ այս օրերին աջուձախ կարելի է լսել. «Ես չեմ հասկանում` դուք էդ ծառայությունն ո՞ւմ եք մատուցում, որ մի բան եք գրում` մի հատ հասկացեք դրա քաղաքական աստառն ինչ ա, թքեք իմ երեսին, բայց թող դուրս չգա, որովհետեւ իմ տվյալներն ընդեղ կասկած են առաջացնում: Կամ մի գրեք ընդհանրապես. ամբողջ աշխարհով հիմար Իգոր Մուրադյանի տվյալները տպաքանակներով գնում է, կողքն էլ գնում է, թե Ադիբեկյանը կասկածելի բան է ասում»: Խոսքը Բակո Սահակյանին Իգոր Մուրադյանի տված որակումների ու Ա. Ադիբեկյանի արձագանքի մասին էր, ինչին, Ադիբեկյանին անցանկալի ձեւով, արձագանքել էր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը. « Էդ մարդը (Բ. Սահակյանը) վաղը գնալու է բանակցելու, ու ասելու են` սրա հետ ի՞նչ եք բանակցում: Սենց մի հատ արջի ծառայություն ենք մատուցում մեր հարեւան երկրին»:

Ինչը գրենք-ինչը չգրենք` լրագրողներս կարծես թե գիտենք, եւ այդ առումով էլ Ադիբեկյանը թող իմանա ինչն անի ինքը-ինչը չանի, մանավանդ` լրագրողներին դիտողության մասով: Իսկ նա երկրորդ անգամ ԼՂՀ նախագահի թեկնածուների քարոզարշավի, նրանց վարկանիշների վերաբերյալ իր կողմից ղեկավարված սոցհարցումների արդյունքներն էր ներկայացնում` նախապես տեղեկացնելով, որ իր տվյալները 95 տոկոսանոց վստահություն ունեն: «Իմ խնդիրն է օգնել, որ Ղարաբաղի ընտրությունները անցնեն միջազգային չափանիշներով», ասում էր Ադիբեկյանը: Սոցիոլոգի օգնությունը, վստահ ենք, նաեւ չկողմնորոշելն է տատանվողներին, ինչը սակայն տեղի է ունենում, երբ հայաստանյան բոլոր լրատվամիջոցները միաժամանակ հեռարձակում են Բակո Սահակյանի անտարակուսելի բարձր վարկանիշի մասին, նույն ազդեցությունն ունի նաեւ «360 աստիճանով» միայն Բ. Սահակյանին ցուցադրելն ու նրա խոսքը հեռարձակելը: «Ուրեմն Հայաստանումը Բակոյին են օզըմ», կմտածի չկողմնորոշված արցախցին:

Լավ, անսանք Ա. Ադիբեկյանին, ձեռք քաշենք կարծիք հայտնելուց եւ ներկայացնենք Արցախի 18 բնակավայրերում 850 հարցվածների (149-ը հրաժարվել են պատասխանել) շրջանում անցկացրած «Սոցիոմետրի» եւ Արցախի ազատամարտիկների միության համատեղ ջանքերով անցկացրած սոցհարցումների արդյունքները, ըստ որոնց քարոզարշավում առավել ակտիվ են Բակո Սահակյանն եւ Մասիս Մայիլյանը, մյուս երեք թեկնածուները բավականին աննշան մասնակցություն ունեն: Բակո Սահակյանն ավելի ճանաչված է եւ ավելի լայն կապեր ունի, քան Մասիս Մայիլյանը, Բակո Սահակյանի ծրագրերին ընտրողներն առավել ուշադրություն են արժանացնում, քան մյուս երեքին, եւ որոշ առումով` ուշադրություն կա Մայիլյանի ծրագրի նկատմամբ: Ընտրություններին պատրաստ են գալու հարցվածների 82, 5 տոկոսը, որից 25 տոկոսը կարող է ինչ-որ պատճառով ընտրությունների չգալ: Բակո Սահակյանի վարկանիշը 60 տոկոս է, իսկ նրա նախագահ դառնալու հավանականությանը հավատացողների թիվը հասնում է 74 տոկոսի (Մ. Մայիլյանի համակիրների ինչ-որ տոկոս նույնպես դա հավանական է համարում): Իսկ Մասիս Մայիլյանը, որ նախորդ հարցումների ժամանակ հարցվողների 5 տոկոս ձայների էր հավակնում, հիմա 10 տոկոս վարկանիշ ունի, բայց նրա կողմնակիցների 7 տոկոսն է հավատում նրա նախագահ դառնալուն: Ըստ Ա. Ադիբեկյանի` Բ. Սահակյանի թիմը կարողացել է բեկումնային մթնոլորտ ստեղծել, այնպես որ ԼՂՀ ընտրությունները կլինեն մեկ փուլով. եթե տատանվողները իրենց ձայնը տան Մ. Մայիլյանին, ապա դա չի նվազեցնի Բ. Սահակյանի ձայների թիվը 50 տոկոսից:

Իսկ թե ինչո՞ւ են ղարաբաղցիները հատկապես նախընտրում երկար ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցրած, մինչեւ վերջին ժամանակներս ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ Բ. Սահակյանին, եւ ոչ թե առավել ինտելեկտուալ, եվրոպական կրթությամբ եւ դիվանագիտական կոչումով Մ. Մայիլյանին` դրա մասին ոչ ոք հարցում չի անցկացրել ու պատասխան չունի: Երեւում է ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում ինտելեկտուալների ժամանակը դեռ չի եկել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4