Երեկ Վաշինգտոնում մեկնարկել են անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկօրյա խորհրդակցությունները: Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայությունը, քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, անվտանգության խնդիրներ, Ադրբեջանի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունները, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ կապված հարցեր: Խորհրդակցություններում քննարկվող խնդիրներից է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ադրբեջանական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ամերիկյան պատվիրակության ղեկավարն է պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Ջոն Ռուդը: ԱՄՆ պատվիրակության կազմում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Վաշինգտոնում ընթացող այս խորհրդակցությունները պետք է տեղի ունենային ապրիլի 23-25-ը, սակայն հետաձգվել են ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում Ղարաբաղի մասով կատարված ուղղումների պատճառով: Իսկ ուղղում պահանջող մոտեցումը հետեւյալն է. «Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները»:
Բնականաբար հետեւեց հայկական կողմի դժգոհությունը, ինչին էլ հաջորդեց ձեւակերպման փոփոխումը: Այս առնչությամբ Բաքուն հետաձգեց երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, մինչեւ որ զեկույցում նոր ուղղում կատարվեց հօգուտ Ադրբեջանի: