«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ ՔԻՐՔՈՒՔԻ ԹՈՒՐՔՄԵՆԱԲՆԱԿ ԱՄԻՐԼԻ ԳԱՎԱՌՈՒՄ

Դրա հիմքում թուրքմենական գործոնն Իրաքում ակտիվացնելու Թուրքիայի հաշվարկներն են

Վերջին շաբաթներին աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներն անընդհատ թուրքական զորքերի Հյուսիսային Իրաք ներխուժման մասին լուրեր էին տարածում: Դրանց` Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին եւ Հյուսիսային Իրաքում Քուրդիստան շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արձագանքում էին, սպառնալով թուրքերին հակահարվածով: Իսկ պաշտոնական Վաշինգտոնը ներխուժման անկանխատեսելի հետեւանքների մասին նախազգուշացնում էր Անկարային:

Այդ ընթացքում թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթը դիմում էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ կառավարությունը ներխուժման հրահանգ տա բանակին եւ փոխարենը ստանում էր դրա անհրաժեշտությունը գրավոր հիմնավորելու պատասխան:

Իրականում նախորդ տարիների ներխուժումները Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի հենակետերի առումով չէին հանգեցրել Թուրքիայի համար ցանկալի որեւէ արդյունքի: Ընդհակառակը, այդ հենակետերն ամրապնդվել էին, զուգընթաց դրան, աննախադեպ ակտիվացել էր PKK-ի զինված գործունեությունը Թուրքիայում:

Հենակետերի ամրապնդումն ու PKK-ի գործունեության ակտիվացումը անմիջականորեն պայմանավորված են Հյուսիսային Իրաքում Վաշինգտոնի քրդական ծրագրերի հետ: Այլ կերպ` տարածաշրջանում կարեւորը այս կամ այն հարցի ընդգրկումն ու դրա զբաղեցրած տեղն է ԱՄՆ-ի ծրագրերում:

Ինչ վերաբերում է թուրքական զինված ուժերի Հյուսիսային Իրաք ներխուժման մասին աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցների լուրերի տարածմանը, ապա դրանց հերքումը Թալաբանիի եւ Բարզանիի արձագանքներով, ինչպես նաեւ Վաշինգտոնի նախազգուշացումները, փաստորեն սպառում էին ներխուժման Թուրքիայի հնարավորությունները: Սպառման պայմաններում երկրում խիստ սրվում էր թուրքական բանակի եւ կառավարության հարաբերությունների լարվածությունը:

Հուլիսի 7-ին Քիրքուքից 130 կմ հեռու Ամիրլի գյուղաքաղաքում կատարված ահաբեկչական պայթյունը աշխուժացրեց թուրքական զորքերի Հյուսիսային Իրաք ներխուժման հարցի արծարծումները Թուրքիայի քաղաքական շրջաններում: Մեծապես շիա թուրքմեններով բնակեցված այս գյուղաքաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է 150 մարդ, 20-ը անհետ կորել է, իսկ 250 մարդ` վիրավորվել: Ընդ որում, Ամիրլիի շուկայում կատարված պայթյունի ազդեցությունը այնքան ուժեղ է եղել, որ հիմնահատակ ավերվել են շուկայից 200 հեռավորության վրա գտնվող բոլոր տները: Ավելին, իրաքյան իշխանությունները կամ Քուրդիստան շրջանի կառավարությունը որեւէ օգնություն չեն ցուցաբերել Ամիրլիի բնակիչներին:

Խնդիրը սակայն Հյուսիսային Իրաք թուրքական զորքերի ներխուժումը չէ: Ամիրլիում կատարված պայթյունի նախօրյակին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախոսակապ է հաստատել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ եւ վերստին Հյուսիսային Իրաք ներխուժման անկանխատեսելի հետեւանքների մասին նախազգուշացրել է նրան: Կոնդոլիզա Ռայսի նախազգուշացումից հետո թուրքական զորքերը կարող են Հյուսիսային Իրաք ներխուժել միայն այն դեպքում, եթե այդ նախազգուշացումն իրականում ծառայում է Իրաքում Թուրքիային ռազմական գործողությունների մեջ ներքաշելու ԱՄՆ-ի քաղաքական նպատակին:

Սակայն, անկախ նպատակներից, այս ամսվա մեջ Քիրքուք նահանգում, որի կազմի մեջ է նաեւ թուրքմենաբնակ Ամիրլին, նախատեսվում է մարդահամար: Քանի որ այդ մարդահամարը Իրաքի սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն, ընթացիկ տարում Քիրքուքում ենթադրվող հանրաքվեն ապահովելու համար էր արվելու, ուստի մարդահամարին արաբները կտրականապես դեմ էին, որովհետեւ կասկած չկա, որ հանրաքվեի արդյունքում Քիրքուքը կդառնա Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի նահանգ: Այսինքն, դե-յուրե կանցնի քրդական ինքնիշխանության ենթակայությանը:

Դրան, իհարկե, դեմ է նաեւ Թուրքիան: Սակայն անկարող լինելով ազդել Հյուսիսային Իրաքում ընթացող քաղաքական զարգացումների վրա, նա ոչ միայն փորձում էր օգտագործել Քիրքուք նահանգի թուրքմեններին ու խրախուսում հակաքրդական արաբա-թուրքմենական ճակատի ձեւավորումը, այլեւ սկսել էր նպաստել թուրքմենական գործոնի ակտիվացմանը: Ամիրլիի ահաբեկչական պայթյունը ցույց տվեց Քիրքուքի հանրաքվեն թուրքմենների միջոցով կանխելու Անկարայի հաշվարկների սնանկությունը:

Հաշվի առնելով, որ Իրաքի թուրքմենների դեմ ահաբեկչական գործողություններ մինչ այդ կատարվել էին Թալ Աֆարում եւ Յանգիջայում, ակնհայտ է դառնում, որ Ամիրլիում զոհված թուրքմենները փաստորեն դարձել են Թուրքիայի վերոհիշյալ հաշվարկների զոհը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4