Ավիացիայի բնագավառում հայտնի ԱՄՆ ինժեներական համակարգերի ամենախոշոր` MITRE գիտահետազոտական կենտրոնի 7 հոգանոց պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանի արգենտինահայ կառավարիչ Էդուարդո Էռնեկյանի հրավերով ժամանել է Հայաստան: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ակունք առած կազմակերպությունը վերջին 50 տարիներին օդանավակայանների զարգացման եւ օդային երթեւեկության վերահսկման բնագավառում բազմաթիվ նորամուծություններ է կատարել: MITRE գիտահետազոտական հաստատությունը աշխարհի ամենահեղինակավոր օդային երթեւեկության վերահսկման կառույցի` ԱՄՆ ավիացիայի դաշնային վարչության անկախ գիտահետազոտական կենտրոնն է: 6 հազար 5 հարյուր ինժեներներ եւ աշխատակիցներ ունեցող գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությունը, որ Հայաստանում է կազմակերպության միջազգային հարցերով տնօրեն դոկտոր Բեռնարդ Լիսկերի գլխավորությամբ, պետք է ծանոթանա «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգերին եւ խորհրդատվություն տրամադրի:
«Հայաստանում փորձաքննություն ենք իրականացնելու «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգերի ուսումնասիրման համար, որից հետո կտրամադրենք խորհրդատվություն: Սա պարտավորված այց չէ կամ ստուգում, պարզապես Էդուարդո Էռնեկյանը մեզ հրավիրել է ուսումնասիրելու եւ ներքին խորհրդատվության համար», երեկ հայկական պետական ճարտարագիտական համալսարանում լրագրողներին ասաց MITRE-ի միջազգային հարցերով տնօրեն Բերնարդ Լիսկերը: Դոկտոր Լիսկերը նշեց, որ դեռ երկու օր են Հայաստանում եւ դեռեւս ոչ մի խնդիր չեն հայտնաբերել օդանավակայանում, բայց մի քանի օր եւս աշխատելուց հետո կկազմեն վերջնական եզրակացությունը:
Ավիացիայի բնագավառում հայտնի MITRE-ի պատվիրակության անդամները նաեւ դասախոսություն կարդացին ճարտարագիտական համալսարանի «Թռչող ապարատների եւ ավիաշարժիչների տեխնիկական շահագործում» ֆակուլտետի ուսանողների համար: Գիտահետազոտական կենտրոնի լավագույն մասնագետները, որ, ի դեպ, աշխարհի տարբեր երկրներից էին, դասախոսություն կարդացին բազմաթիվ վազքուղիներ ունեցող օդանավակայաններում վայրէջքների ընթացակարգերի, օդանավակայանների աղմուկների, լեռնային գոտիներում առաջատար նավիգացիոն համակարգերի եւ օդանավակայանների ցածր տեսանելիության պայմաններում վայրէջքների ընթացակարգերի մասին: MITRE-ի պատվիրակության 7 անդամներից մեկը հայազգի Արմեն Գոմցյանն է, որն էլ թարգմանում էր ամբողջ դասախոսությունը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ