Այս տարի Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Եվրոտեսիլի մանկական մրցույթին: Մեր երկիրը կներկայացնեն Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի «Արեւիկ» մանկապատանեկան համույթի 8 երգիչները, ավելի ճիշտՙ պատանեկան եւ մանկական խմբերից ընտրված փոքրիկ երգիչները:
Դեկտեմբերի 8-ին Ռոթերդամում մրցույթի բեմահարթակ դուրս կգան հայաստանցի երեք մենակատարներՙ 14-ամյա Մարիաննա Ջավախյանը, 10-ամյա Քրիստինեն եւ Անահիտը: Նրանց կձայնակցեն 5 երեխաներ: Ընդսմին խումբը ելույթ կունենա հենց Մարիաննայի գրած երգով, քանի որ, մրցույթի պայմանների համաձայն, երգի հեղինակը պետք է լինի բեմի վրա. նա պարտավոր է երգել, պարել կամ նվագել:
Երգի ընտրությունն այնքան էլ դյուրին չէր: Կոմպոզիտոր, «Արեւիկի» գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանը պատմում է, որ դեռ անցյալ տարի լավագույն երգի մրցույթ հայտարարվեց Եվրոտեսիլին ներկայացնելու համար: Բազմաթիվ երգերի ունկնդրությունից հետո ընտրվեց հենց այս մեկը, որը աշխույժ է, կարելի է ասել հիթային: Բայց առայժմ ընտրված չէ երգի անվանումը: Մասնագետներից շատերի կարծիքով, երգը լիովին համապատասխանում է Եվրատեսիլի չափանիշներին: Դրա 3-րդ մասում հնչում է ազգային մոտիվ, որը հենց կատարում է Մարիաննան: Գործիքավորումն իրականացրել են Մարտին Միրզոյանը եւ Էդգար Հակոբյանը: Պատանի երգիչների հագուստը կարում է իրեն արդեն բավական լավ դրսեւորած Լիլիթ Մարգարյանը: Պարային բեմադրությունը իրականացնում է «Նանե դանս շոուն»: Պետք է ասել, որ մեր երեխաները նաեւ լավ պարում են: Երգը տեւում է 2 րոպե 45 վայրկյան: Մրցույթի պայմանների համաձայն, կատարողները այն կերգեն մայրենի լեզվով: Հեռուստատեսությամբ երգը կհեռարձակվի արդեն օգոստոսից, երբ պատրաստ կլինի տեսահոլովակը:
Ինչ վերաբերում է կատարողներին, ժպտադեմ Մարիաննան «Արեւիկ» հեռուստածրագրի հաղորդավարն է, հաճախում է Միքայել Միրզոյանի երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան: Հիանալի տիրապետում է անգլերենին, ինչը շատ կարեւոր է միջազգային մրցույթին մասնակցելիս: «Արեւիկում» երգում է 8 տարեկանից: Համույթի վոկալի մասնագետ Արփինե Հովհաննիսյանի բնորոշմամբ, Մարիաննան ունի հնչեղ ձայն, իսկ դա կարեւոր գործոն է Եվրոտեսիլում, որտեղ պահանջվում է կենդանի կատարում: Քրիստինեն եւ Անահիտը ջանում են չզիջել Մարիաննային:
Եվրոտեսիլի մանկական մրցույթին մասնակցելու համար «Արեւիկի» ընտրությունը պատահական չէր: Առաջին, դա միակ պրոֆեսիոնալ մանկական համույթն է: Երկրորդ, խումբը արդեն երկար տարիներ հաջողությամբ հանդես է գալիս միջազգային տարբեր փառատոներում ու մրցույթներում: Երրորդ, «Արեւիկի» սաները կարողանում են իրենց պահել տեսախցիկի առջեւ, ունեն համանուն մանկական ամենշաբաթյա հեռուստածրագրին մասնակցելու փորձ: Իսկ Եվրոտեսիլին մասնակցելու համար «Արեւիկին» ընտրել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գեղարվեստական խորհուրդը, քանի որ նա է լուծում Եվրոտեսիլին Հայաստանի մասնակցության հետ կապված բոլոր հարցերը: Արդեն որոշված է, որ եկող տարվանից Եվրոտեսիլի մանկական մրցույթին (Կիպրոս) Հայաստանի մասնակիցը կընտրվի տեղական մրցույթի հիման վրա:
«Մենք մրցույթի ենք գնում հաղթելու, եւ Եվրոտեսիլում մեր հաջողությունը կլինի ամբողջ Հայաստանի հաջողությունը», ասում է Ա. Դիվանյանը:
Այս տարի մանկական մրցույթին կմասնակցի 18 երկիր: Նախապես ներկայացված էր 20 հայտ, բայց վիճակահանության ընթացքում Վրաստանը եւ Սերբիան դուրս մնացին մրցույթից: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա առհասարակ հետաքրքրություն չի դրսեւորել Եվրոտեսիլի նկատմամբ: Թե ո՞ր համարի տակ հանդես կգան մեր փոքրիկ երգիչները, հայտնի կդառնա մրցույթի նախօրեին կայանալիք վիճակահանությունից: Մեր երգիչները Հոլանդիա կհասնեն արդեն դեկտեմբերի 2-ին:
Մնում է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ակտիվորեն կարճ հաղորդագրություններ ուղարկեն իրենց բջջային հեռախոսներից:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ