«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2007-07-05 | #127, 2007-07-07 | #128, 2007-07-10


«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆՄԱՆ»

«Ճանաչել արվեստը, սովորել ու աշխատել, լինել ազնիվ ու մաքուր, ինչպես հոգին Քրիստոսի, պայքարել ու հաղթել հայրենիքի հույսը մեր սրտերում», ահա այսպիսի քառատողով են առաջնորդվում Սամվել Սեւադա արտ-ստուդիայի սաները:

1990 թ.-ին Լոս Անջելեսում գեղանկարիչ Սամվել Սեւադան ստեղծել է իր արվեստի ստուդիան: Անցած 17 տարիների ընթացքում գեղանկարիչը կազմակերպել է սաների ստեղծագործությունների 12 ցուցահանդեսներՙ աշխարհի տարբեր քաղաքներում:

«Ես 17 տարի տարբեր տեղեր ներկայացրել եմ ցուցահանդեսներ, բայց անընդհատ ձգտում էի, որ Հայաստանում կազմակերպեի եւ մեր երեխաների հետ պարապեի եւ վերջապես հասա իմ նպատակին», ասաց Սամվել Սեւադան:

Մոտ 60-70 երեխա, 100-ից ավելի աշխատանքՙ ծաղրանկարներ, գեղանկարներ, լուսանկարներ ներկայացրեցին «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում: Դեռ 1 տարին չբոլորած, ստուդիայի սաները ներկայացրեցին իրենց առաջին ցուցահանդեսը Հայաստանում: Այն հետաքրքրական էր նաեւ այն առումով, որ երեխաները ստեղծագործում էին նաեւ ցուցասրահում: Այս ցուցահանդեսը ներկայացվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղում. այնուհետեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Իսկ այն հարցին, թե մինչեւ քանի՞ տարեկան երեխաներ են մասնակցում, եւ արդյոք դժվար չէ նրանց հետ աշխատել, արվեստագետը պատասխանեց. «5 տարեկանից մինչեւ 105 տարեկան երեխաների հետ եմ աշխատում, եւ ամեն մարդ չէ, որ կարող է աշխատել երեխաների հետ, ես արդեն ամբողջ կյանքս նրանց հետ եմ եւ իրենց հետ դառնում եմ իրենց նման»:

Ցուցասրահում կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք, որից ստացված շահույթը տրամադրվելու է ստուդիային: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք իրենց կարծիքն ու շնորհավորանքները հղեցին սաներին եւ արվեստագետին:

«Ինձ համար մեծ հաճույք է, քանի որ ես անցել եմ այն ճանապարհը, որը դուք հիմա սկսել եք, եւ այն ճանապարհը, որ դուք եք ընտրել, շատ դժվար է լինելու: Կլինե՞ն նկարիչներ, թեՙ ոչ, սա չէ կարեւորը, կարեւորը, որ դուք կլինեք կրթված եւ մշակույթին մոտիկ անձնավորություն», ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

ԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4