Երեկ, «Ոսկե ծիրան» միջազգային չորրորդ կինոփառատոնի պաշտոնական բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ փառատոնի ժյուրիների նախագահներն իրենց սպասելիքները ներկայացրեցին լրագրողներին:
Կորեական կինոֆոնդերի տնօրեն, Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Չոն-սունկ Անը (Հարավային Կորեա) համոզված է, որ կինեմատորգրաֆը խաղաղության եւ փոխըմբռնման լավագույն միջոցներից է, եւ այն, որ կորեացի արտադրողները լավ ֆիլմ են նկարում, պայմանավորված է ողբերգությամբ. կորեացին աշխարհում միակ ազգն է, որ դեռ երկու մասի է բաժանված: Ինչ վերաբերում է այսօրինակ կինոփառատոներին, դրանք կարեւոր են ֆիլմարտադրության զարգացման համար:
Առաջին անգամ երեւանյան կինոփառատոնին էկումենիկ ժյուրի է մասնակցում: Էկումենիկ ժյուրիի անդամ Փիթեր Մալոունի խոսքերով էկումենիկ ժյուրիի անդամների կարեւոր գործառույթներից մեկը Եվրոպայում, Հյուսիսային եւ հակապես Հարավային ամերիկաներում գործող իրենց հսկայական ցանցի միջոցով ունեցած ինֆորմացիան տարածելն է: Նա հավատացնում է, որ իրենց մասնակցությունը հնարավորությոն կտա հայկական ֆիլմերը ներկայացնել դրսում եւ դրանց արժանին մատուցել:
ՀՀ ժողովրդական արտիստ Վալդիմիր Մսրյանը խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ է: Նրա գնահատականով` մեծ տոն եւ մեծ երեւույթ է այս փառատոնը: «Փառատոնը տարեցտարի նոր թափ է առնում, եւ մեզ դեռ շատ հետաքրքիր փառատոներ են սպասվում»:
Հայ հեռուստադիտողը, որ հնարավորություն չունի եթերից ծանոթանալու վավերագրական կինոյի նորություններին, դրա հնարավորությունը ստանում է «Ոսկե ծիրանի» շնորհիվ: Վավերագրայկան ֆիլմերի ժյուրիի անդամ Արթուր Բախտամյանի խոսքերով մեր երկրի խնդիրները ներկայացնելուց առաջ լավ կլինի այլ երկրների պրոբլեմներ տեսնել եւ ճանաչել. դրանք նույնն են ողջ աշխարհում:
«Ոսկե ծիրանի» տնօրեն Հարություն Խաչատրյանը նշելով, որ փառատոնը դեռեւս երիտասարդ է, ժյուրիների ներկայացուցիչներին կոչ արեց ուշադր լինել եւ նկատել բոլոր թերությունները: Ապա ավելացրեց. «Ամեն տարի ժյուրին այնքան է տպավորվում փառատոնից, որ ցանկանում են հաջորդ անգամ էլ գալ: Փառատոնը դեռ չորս տարեկան է, բայց արդեն չորս տարեկան է: Ամեն ինչ պետք է անենք, որ փառատոնից լավ տպավորություններով վերադառնան»:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ