ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արիզոնայի համալսարանի ամերիկացի գիտնականները հերքել են լայն տարածում գտած այն կարծիքը, թե կանայք ավելի շատախոս են, քան տղամարդիկ: Համաձայն «BBC News» կայքի, հետազոտողները ձայնագրել են 400 ուսանողների խոսակցություններ եւ ապացուցել, որ կանանց եւ տղամարդկանց օգտագործած բառերի քանակի տարբերությունը այնքան էլ մեծ չէ:
Ավելի վաղ գիտնականները պնդում էին, որ կանայք տղամարդկանցից եռակի շատ են խոսում: Ներկայիս հետազոտությունը ցույց տվեց, որ կանայք օրական օգտագործում են 16215 բառ, իսկ տղամարդիկ` 15669: Գիտնականների կարծիքովՙ առկա տարբերությունն այնքան էլ մեծ չէ: «Ինչ մի մեծ բան է 500 բառի տարբերությունը ամենաքչախոս եւ ամենաշատախոս մարդկանց միջեւ 45000 բառի տարբերության համեմատությամբ», ասել է հետազոտող Մատիաս Մելը: Սակայն գիտնականները խոստովանում են, որ իրենց գիտափորձի արդյունքները բոլոր կանանց եւ տղամարդկանց չեն վերաբերում, որովհետեւ հետազոտությունն անցկացվել է միայն ուսանողական միջավայրում: