Սարատովում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 128 մասնակիցների թվում էին նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Աղասի Ինանցը: Մասնակից 52 գրոսմայստերներից 13-ը 2600-ից բարձր վարկանիշ ունեին: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1 մլն ռուբլի էր, որից 250 հազարը տրվելու էր հաղթողին:
Հարկ է նշել, որ բավական համառ մրցակցություն էր ծավալվել մրցաշարում եւ հաղթողը որոշվեց միայն վերջին տուրում: Գաբրիել Սարգսյանը մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 5 միավորով առաջատարների խմբում էր: 8-րդ տուրում նա սեւերով ոչ-ոքի ավարտեց պարտիան իրեն կես միավորով գերազանցող Ալեքսանդր Եվդոկիմովի հետ: Վերջին տուրում եւս Գաբրիելը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Եվգենի Վորոբյովի հետ: Այսպիսով, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, բաժանեց 10-21-րդ տեղերը:
Իսկ հաղթողին որոշելու համար հարկ եղավ հաշվի առնել լրացուցիչ գործակիցները, քանի որ 9 շախմատիստ վաստակել էր հավասարՙ 6,5-ական միավոր: Հաջողությունն ուղեկցեց դոնիռոստովցի գրոսմայստեր Վյաչեսլավ Զախարցովին, որն էլ ստացավ գլխավոր մրցանակըՙ 250 հազար ռուբլի: 150 հազար ռուբլով պարգեւատրվեց 2-րդ մրցանակակիր Անդրեյ Դեւյատկինը: Հաջորդ տեղերում են Ալեքսեյ Ալեքսանդրովը, Վլադիմիր Պոտկինը, Ալեքսանդր Եվդոկիմովը, Դենիս Խիզմատուլինը, Սերգեյ Ազարովը, Եվգենի Տոմաշեւսկին ու Ալեքսեյ Ֆյոդորովը:
Աղասի Ինանցը 9 հնարավորից վաստակեց ընդամենը 3 միավոր: Վերջին երկու տուրերում նա անհաջող խաղացՙ պարտություններ կրելով Ալեքսանդր Պետրուշինից եւ Վլադիմիր Նովգորոդկիչից: Նա գրավեց 108-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ