«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2007-07-14 | #133, 2007-07-17 | #134, 2007-07-18


ԵԿԱՄՏԱԲԵՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեր նախագահի վարկանիշն աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ», շռայլորեն ազդարարում է մոսկովյան թերթերից մեկը: Ընդ որում լրատվամիջոցը ոչ թե խորասուզվում է Պուտինի վերջին քաղաքական անուրանալի հաջողությունների խորագնա մեկնաբանությունների մեջ, այլ սոսկ արձանագրում է նրա հարաճուն ժողովրդականությունը.... կոմերսանտների շրջանում: Բանն այն է, որ Ռուսաստանի ղեկավարի անունով ինչ ասես չի արտադրում փոքր ու միջին բիզնեսը... Ամենահայտնի «բրենդը», անտարակույս, «Պուտինկա» օղին է, որի գովազդներով հեղեղված է Մոսկվան: Երեւի Երեւանում էլ լավ գիտեն այդ խմիչքը: Բայց ի՜նչ է այդ օղին ժամացույցների, շապիկների, գրասենյակային դիմանկարների, մատրյոշկաների ու հատկապես զանազան սննդամթերքի ֆոնի վրա: Եթե ասենք, տորթերն ու շոկոլադներն արդեն սովորական են դարձել, ապա կատարյալ նորահայտնություններ կարելի է համարել «պուտինակոչ» պահածոյացված տնային սմբուկը, «աջիկան», քաղցրահամ պղպեղը եւ այլն: Եվ ի՜նչ խորամանկության ասես չեն դիմում արտադրողներն իրենց «իրավունքը» ապահովագրելու համար: Օրինակ, մթերքն անվանում են «Պուին», բացակայող տառի տեղը կանգնեցնելով ասպետական սուր, կամ չորահացն ու բոված արեւածաղիկն անվանում են «Պուտեւիե», իբր թեՙ ճամփորդական:

Գուցե, իրոք, բանը հասնում է ծայրահեղության: Սակայն երկրի ղեկավարի հեղինակությունը հիրավի այնքան բարձր է, որ կոմերսանտների կիրառած այս «փոքրիկ» խորամանկությունները նրանց իրական եկամուտներ են բերում: Ակամա մտածում ես, հնարավո՞ր է նման բան ԱՊՀ որեւէ այլ երկրում, թեկուզ հենց հայոց աշխարհում: Զարմանում ես, թե ինչո՞ւ այդ իմաստով այդքան ծույլ է հայ ապրանքավաճառական միտքը: Ինչո՞ւ, օրինակ, արցախյան թթի օղին չի կարելի անվանել «Քոչարի», հարյուր գրամը հերիք է հայտնի խմբապարի համար: Իսկ ինչքա՜ն խորախորհուրդ ու մարդասիրական կլիներ հոնի օղին կոչել «Քո չարը տանեմ»: Իրոք այդ հիրավի անմահական խմիչքի ազդեցության տակ մարդիկ մոռանում են իրենց բոլոր առօրյա ցավուդարդերը (հիշո՞ւմ եք ինչքան սիրված էր «Բոյիդ մեռնեմը»): Կամ ինչով արդարացված չի լինի, եթե «Ջերմուկի» որեւէ տարատեսակ կրի «Քոչվոր» անունը ( մի տեղ արգելում են, մի ուրիշ տեղ է հայտնվում): Շատ սազական կլինի սարում պատրաստված պանիրն անվանել «Քոչկան»: Խիստ տարօրինակ է, որ իջեւանցիների խելքը մինչեւ օրս չի կտրել կառուցել մի իջեւանատուն ու նրա ճակատը զարդարել հրավառ տառադարձությամբՙ «Քոչավան»: Ամուլ են նաեւ արզնեցիները: Եթե ուղեղները մի քիչ շարժեին, ապա առողջարաններից մեկնումեկը կանվանեին «Քոչակայան» (ո՜վ է այնտեղ մշտապես իջեւանում):

Ինչպես տեսնում եք, հնամյա հայոց լեզուն իր ճկունությամբ ու խորաթափանցությամբ բնավ էլ չի զիջում ռուսերենին: Գուցե հայ գործարարները վախենո՞ւմ են հակաարտոնագրային բռնագանձումներից: Ինչքան հայտնի է, Վլադիմիր Պուտինն առ այսօր չի ըմբոստացել իր անունը շահարկելու մեղադրանքով:

Գուցե Հայաստանում ա՞յլ պատճառներ կան...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4