Դեռ անցյալ հարյուրամյակի 70-ական թվականներին մեզանից շատերը գիտակցեցին, որ հեռու չէ այն օրը, երբ Խորհրդային Միությունում տեղի կունենան վճռական եւ շոշափելի վերափոխումներ: Տնտեսության, քաղաքականության մեջ եւ սոցիալական հարցերում ճգնաժամը տարեցտարի խորանում էր: Եվ արդեն այն ժամանակ մենք իրոք մտածում էինք, որ հարկավոր է ակտիվորեն բարձրացնել մեր բախտորոշ հարցերը: Հարկավոր էր համազգային հասարակական կարծիք ստեղծել տարածքային հարցերի անսովոր պայմաններում ազգային-ազատագրական պայքար սկսելու անհրաժեշտության վերաբերյալ, գիտակցելով, որ խոսքը ոչ թե սոսկ տարածքների, այլ պատմական հայրենիքի մասին է: Տվյալ հարցում առավել իրատեսականն ու պատրաստվածն Արցախն էր: Սակայն ամբողջատիրության պայմաններում անհնար էր տպագրություն ձեռնարկել կամ հրապարակավ հանդես գալ ժողովրդական զանգվածների առջեւ: Ելքը մեկն էր. նյութերը տպագրության ուղարկել սփյուռքի թերթերին եւ ապա դրանք բերել Հայաստան:
Ստեղծված օբյեկտիվ իրավիճակը հուշում էր, որ ամենից ճիշտ կլիներ օգտագործել Լիբանանում, Սիրիայում եւ այլուր ժողովրդականություն վայելող «Զարթօնք» թերթը: Բանն այն է, որ տվյալ ժամանակահատվածում խորհրդային վարչակարգն արգելում էր դաշնակցական հրատարակություններ բերել Խորհրդային Հայաստան: Այդ հիվանդագին ավանդույթը ձեւավորվել էր դեռ 20-ական թվականների սկզբից: Փոխարենն առանց մեծ դժվարությունների հաճախ մեզ այցելում էին ռամկավարներն ու հնչյակյանները: Այնպես որ, այդ առաջին նյութերը ես «Զարթօնքին» ուղարկեցի գրող Վահե Վահեյանի միջոցով: Դա Սերո Խանզադյանի բաց նամակն էր ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Բրեժնեւին: Նամակում պատմվում էր Ղարաբաղի ողբերգական ճակատագրի եւ այն մասին, թե ԽՍՀՄ-ի համար ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ տվյալ հարցը չլուծելը: Նամակն ուղեկցվում էր ծավալուն մեկնաբանությամբ: Մենք փոստով այն ուղարկեցինք ոչ միայն անձամբ Բրեժնեւին, այլեւ քաղբյուրոյի բոլոր անդամներին, ԽՄԿԿ ԿԿ անդամներին, բազմաթիվ թերթերի ու հանդեսների խմբագրություններին: Ճիշտ է, մենք գիտեինք, որ ոչ մի արձագանք չի լինի, որ բոլոր հասցեատերերը կլռեն: Թեպետ գիտակցում էինք, որ նման պայմաններում անհրաժեշտ էր նաեւ այդպիսի աշխատանք: Բայց ահա «Զարթօնքի» այդ հրապարակումը հիշեցրեց պարզ երկնքի որոտ: Անմիջապես կապվեցինք Հրայր Մարուխյանի հետ, եւ հաջորդ օրն այդ նյութերն արտատպեց «Ազդակը», ապաՙ մյուս դաշնակցական թերթերը: Իսկ «Ամերիկայի ձայնը» 1977 թ. վերջին երեք ամիսներին պարբերություն առ պարբերություն հեռարձակում էր նամակը եւ մեկնաբանությունները, յուրաքանչյուր հաղորդման մասնակից դարձնելով բազմաթիվ հայերի, որոնք բանիմացորեն զարգացնում էին թեման:
Չենք խոսի մեր ձեռնարկման հետեւանքների, Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում նախ Սերո Խանզադյանի, ապա ինձ հետ կայացած խոսակցության մասին: Ինչպես ասում են, դա ուրիշ թեմա է եւ ուրիշ ժամանակի համար: Այսօր, ավա՜ղ, պետք է խոսել տեղի ունեցած աղետի մասին. «Զարթօնքի» փակումն այլ կերպ չես անվանի: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես է դագաղում շրջվում անմոռանալի Վահան Թեքեյանը: Երբ հայրենիքի վերածնմանն ու փրկությանն ամբողջովին նվիրված մեծ բանաստեղծն ու մտածողը հիմնում էր ժողովրդին արթնացնող հպարտ անվանմամբ թերթը, հազիվ ենթադրեր, թե իր հոգեզավակի բուն գոյությունն ու գործունեությունը կդառնան կեղտոտ առուծախի առարկա: Քանզի խոսքը ճշմարիտ մարտական զենքի մասին է, որն իսկական զինվորները միշտ մաքուր են պահում:
1978 թ. աշնանը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետան» ինձ գործուղեց ռազմաճակատային Բեյրութ, որտեղ անվերջանալի փողոցային մարտերն ուղեկցվում էին բնակելի թաղամասերի եւ հատկապես հայաբնակ Բուրջ Համուդի հրթիռակոծություններով: Այն ժամանակ ես, հրահանգին հակառակ, առաջինն այցելեցի ոչ թե խորհրդային դեսպանատուն, այլ «Զարթօնքի» խմբագրություն, որպեսզի խոնարհվեմ այն ստեղծողների առջեւՙ գլխավորությամբ Գերսամ Ահարոնյանի եւ նրա երիտասարդ օգնական Հակոբ Ավետիքյանի: Թեժ պատերազմի պայմաններում, որի ընթացքում զոհվեցին մեր հարյուրավոր հայրենակիցներ, ավելի քան երեսուն հազարը դարձան անօթեւան գաղթականներ, հայկական «Զարթօնք», «Ազդակ», «Արարատ», «Կանչ» եւ մյուս թերթերը դարձան իսկական ռազմաճակատային «մարտական լրագրեր»: Եվ արդեն այն օրերին ես համոզվեցի, որ «Զարթօնքը» եւ իր խմբագրատունը մեկ ամբողջություն են: Ի դեպ, այդպես էին ծրագրել հենց Վահան Թեքեյանը, նրա զինակիցներն ու հետեւորդները: Ղարաբաղյան շարժման ակունքների մոտ կանգնած «Զարթօնքի» մասին ես գրել եմ «Երկու կրակի արանքում» եւ «Դժոխք եւ դրախտ» գրքերում: Պատմել եմ նաեւ, որ դժվար է գերագնահատել թերթի լուսավորչական ու քարոզչական դերը ոչ միայն Լիբանանում, այլեւ հատկապես Սիրիայում, որտեղ օրենքն արգելում է օտար լեզվով թերթեր տպել: Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ «Զարթօնքը» համարում էին հիրավի տեղեկատվական փրկություն: «Ճանապարհ» գրքի վրա աշխատելիս սփյուռքում ճանապարհորդելիս եւ ամենուրեքՙ զանազան գրասենյակներում եւ եկեղեցիներում, տեսնում էի «Զարթօնքի» թարմ համարներ խմբագրությամբ Պարույր Աղբաշյանի: Թերթն ինձ պատկերանում էր որպես ինչ-որ հոգեւոր ու սրբազան փրկօղակ:
Եվ հանկարծ մենք ինքներս ենք մահացու հարված հասցնում սրբությանը: Վերջին օրերին ես կարդում եմ մեր հայրենակիցների բազմաթիվ նամակներ եւ ուղերձներ, որոնց հեղինակները մտահոգություն են արտահայտում թերթի հետագա ճակատագրի կապակցությամբ: Նրանք խոստովանում են, որ «Զարթօնքն» իրոք զարթնեցրել է բյուրավոր մարդկանց, որոնք անցյալում չէին հավատացել պայքարի հաջողությանը, եւ այդ մարդիկ գիտակցել են, որ չեն կարող լռել:
Ամբողջ նողկալիությունն այն է, որ հայերը, գիտենալով, որ մանավանդ փողերի հետ կապված կեղտոտ սպիտակեղենը չի կարելի լվանալ անցորդների աչքերի առջեւ, այդուհանդերձ գործը հանձնեցին օտար երկրի դատարանին: Մի՞թե պարզ չէ, որ գործի ամեն մի ավարտի դեպքում կտուժի առաջին հերթին մեր պատիվը, տանուլ կտա հենց «Զարթօնքը»: Ըստ էության այդպես էլ եղավ: Այն թերթը, որ 70-80-ական թվականներին լույս էր տեսնում հրթիռակոծության պայմաններում, որը խառնակ ժամանակներում ժողովրդին դիմադրության կոչող խոսափողն էր եւ մյուս թերթերի հետ զբաղվում էր վիրավորների ու հյուծվածների փրկության աշխատանքների կազմակերպմամբ, փակված է գրչի մի հարվածով:
Պետք չէ օտար դատարանում փնտրել «սեփական» ճշմարտությունը: Ես հիսունմեկ տարեկան «Զարթօնքի» կենսագրությունն անչափ լավ ուսումնասիրեցի, երբ Բեյրութում ներս մտա ռամկավարների յոթհարկանի կենտրոնակայանի շեմից: Ես նույնիսկ շատ լավ գիտակցեցի, որ երբեւէ հարց չի ծագել, թե ում է պատկանում կուսակցության գրասենյակի նյութական մասը, այդ թվում խմբագրության սարքավորումը: Լիբանանի հարգարժան դատարանին թերեւս առավել ճիշտ կլիներ ասել (ինչպես այսօր գրում են «Զարթօնքի» բազմաթիվ զինակիցներ), որ այդ ամենը պատկանում է հայ ժողովրդին: Բայց ես խորհուրդ կտայի տվյալ հարցին ավելի կոնկրետ մոտենալ, խղճի մտոք նշել այն անձանց անունները, ում այս ամենը պատկանում է ըստ իրերի տրամաբանության եւ ըստ օրենքի: Չեմ նշի ներկայում ապրողների անունները: Կթվարկեմ միայն նրանց, ովքեր այժմ իրոք սարսափահար շրջվում են դագաղում, ում հոգիներն այսօր ճախրում են երկնքում: Պատմաբանների եւ քննախույզ հետազոտողների կազմած հսկայական ցանկից ուզում եմ բերել լոկ այն անունները, որոնք իմ նոթատետրում գրի եմ առել 30 տարի առաջ: Կբերեմ միայն հանգուցյալ խմբագիրների անունները. Վահան Թեքեյան, Հովհաննես Պողոսյան, Հակոբ Դավթյան, Համբարձում Գումրույան, Գերսամ Ահարոնյան: Պատերազմական այն տարիներին ես տեսել եմ շատերին, որոնք հենց խմբագրատանն անքուն գիշերներ էին անցկացնում: Դրանք են Բարունակ Թովմասյանը, Օննիկ Սարգսյանը եւ շատ ուրիշներ: Նրանցից շատերը այսօր մեզ հետ չեն, եւ չեն կարող փրկել «Զարթօնքը»: Բայց մենք կարող ենք մեր խղճի դատարանով հարգել այդ հիրավի սուրբ մարդկանց հիշատակը: Ես համոզված եմ. «Զարթօնքի» ճշմարտությունը եւ «Զարթօնքին» առնչվող ճշմարտությունը հենց անմահացած այդ մարդկանց հիշատակի մեջ են:
«Զարթօնքի» ընթերցողներից մեկն իր կրքոտ նամակը վերնագրել է «Փրկեցե՛ք «Զարթօնք» օրաթերթը» կոչով: Կարող եմ միայն ավելացնել, որ 70 տարի շարունակ «Զարթօնքն» արթնացրել է ընթերցողների մի քանի սերունդներ, նրանց մարտի կոչել, ինչպես առասպելական հայ մայրն իր քնած լաոյին: Իր ողջ էությամբ եւ ներգործությամբ «Զարթօնքը» փրկել է շատ-շատերին: Բայց այսօր թերթն ինքը հայտնվել է փորձանքի մեջ: Եվ հիմա արդեն մեր պարտքն է փրկել նրան: Քանզի մեր պայքարը չի ավարտվել: Այն շարունակվում է: Նշանակում է, «Զարթօնքն» անհրաժեշտ է այսօր, ինչպես անհրաժեշտ է եղել միշտ: Այլապես մեզ չեն ների ո՛չ մեր անցյալը, ո՛չ էլ մեր ապագան:
Ուզում ենք հավատալ, որ մեր պատասխանատվության հավաքական զգացումը եւ հավաքական սթափ բանականությունը կգերիշխեն ամենակործան հավակնության նկատմամբ, եւ այդ ժամանակ թեքեյանական «Զարթօնքն» առաջվա պես արթուն կպահի մեզ, կոչելով փրկարար եւ գործուն պայքարի:
Մենք «Զարթօնքի» փրկության եւ բացման այլընտրանք չունենք:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ