«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2007-07-14 | #133, 2007-07-17 | #134, 2007-07-18


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍԿՍՈՒՄ Է ՄՐՑԱՎԵՃԸ

Կհաղթահարվի՞ արդյոք իռլանդական արգելապատնեշը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում այսօր Իռլանդիայի Լոնդոնդերի քաղաքի «Բրենդիվել» մարզադաշտում «Փյունիկը» կմրցի այդ երկրի փոխչեմպիոն «Դերի Սիթիի» հետ: Հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23.45-ին: Նախատեսվում է խաղի ուղիղ հեռարձակում հանրային հեռուստատեսությամբ: Հանդիպումը կսպասարկի Կիպրոսի մրցավարական բրիգադը Ստելիոս Տրիֆոնոսի գլխավորությամբ:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 8-րդ անգամ է մասնակցելու Եվրոգավաթների խաղարկությանը: Թիմը 7-րդ անգամ կմեկնարկի Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Փյունիկցիների նորամուտը կայացել է 1996 թ. հուլիսի 17-ին: Այդ օրը Երեւանում ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում (գործող մրցակարգի համաձայն, ցածր վարկանիշ ունեցող երկրների չեմպիոնները մասնակցում էին ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը) «Փյունիկը» հաղթեց ֆիննական ՀԻԿ-ին (3-1): Փյունիկցիներից 2 գոլ խփեց Արսեն Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Համլետ Մխիթարյանը: Սակայն պատասխան խաղում «Փյունիկը» լրացուցիչ ժամանակում մրցակցին զիջեց 2-5 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից: 2002-04 թթ. ՀՀ չեմպիոնին հաջողվել է հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը:

Անկախացումից հետո հայաստանյան թիմերին առաջին անգամ հարկ կլինի մրցել իռլանդական ակումբի հետ: Իսկ ահա խորհրդային տարիներին Երեւանի «Արարատը» 1974 թ. Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում երկու խաղերում էլ հաղթել է Իռլանդիայի Կորկ քաղաքի «Սելթիկին» (2-1, 5-0):

«Դերի Սիթին» հիմնադրվել է 1928 թ.: Սկզբնական շրջանում թիմը ներկայացնում էր Հյուսիսային Իռլանդիան եւ հանդես էր գալիս այդ երկրի առաջնությունում: Խաղերն անցկացնում է 8500 հանդիսականի համար նախատեսված «Բրենդիվել» մարզադաշտում: «Դերի Սիթին» 1965 թ. նվաճել է Հյուսիսային Իռլանդիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ էլ դարձել է երկրի գավաթակիր (1949, 1954, 1964 թթ.): Հետաքրքրական է, որ բոլոր դեպքերում էլ եզրափակիչում թիմի մրցակիցը «Գլենտորանն» է եղել: Ընդ որումՙ 1954 թ. հաղթողին որոշելու համար հարկ է եղել եզրափակիչ 3 խաղ անցկացնել (2-2, 0-0, 1-0): 1985 թ. «Դերի Սիթին» հանդես է գալիս Իռլանդիայի առաջնությունում: Առաջին հաջողությանը թիմը հասավ 1989 թ.ՙ նվաճելով երկրի չեմպիոնի, գավաթակրի եւ լիգայի գավաթակրի տիտղոսները: Ընդհանուր առմամբ, «Դերի Սիթին» 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն: Եվրագավաթներում իռլանդացիներն անցկացրել են 25 խաղ, որից 5-ում հաղթել են, 4-ն ավարտել ոչ-ոքի, 16-ում պարտվել են: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 21-51: Չեմպիոնների լիգայի մրցաշարում թիմի ցուցանիշներն այսպիսին են. 7 խաղ, +1=0-6, 9-24:

Իռլանդիայի առաջնությունը ներկայում ընթացքի մեջ է: «Դերի Սիթին» առայժմ այնքան էլ հաջող չի խաղում: 17 տուրից հետո «Դերի Սիթին» 12 թիմերի մրցավեճում 21 միավորով (+5=6-6, 16-16) ընթանում է 7-րդ տեղում: Ուստի պատահական չէ, որ բոլորովին վերջերս փոխվել է թիմի գլխավոր մարզիչը: «Դերի Սիթիի» ղեկը ստանձնել է 42-ամյա Ջոն Ռոբերտսոնը: Նա վերջին չորս տարում թիմի արդեն 6-րդ մարզիչն է: Ռոբերտսոնի նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում հաջող էր: Նրա գլխավորությամբ թիմը 4-1 հաշվով հաղթեց «Սլիգո Ռովերսին», որն ընթանում է 6-րդ տեղում: Մինչեւ «Փյունիկի» հետ խաղը «Դերի Սիթին» եւս մեկ հանդիպում պետք է անցկացներ «Բրեյի» հետ, սակայն հորդառատ անձրեւի պատճառով հնարավոր չեղավ խաղադաշտում խաղալ:

Նոր մարզիչն արդեն հասցրել է որոշակի փոփոխություններ կատարել թիմում: Հրավիրվել են հարձակվող Սամուել Մորոուն եւ դարպասապահ Դեւիդ Մակյուենը: Միաժամանակ Ռոբերտսոնը հրաժարվել է Կառլ Բերմինգհեմի եւ Դեյվ Ռոջերսի ծառայություններից: Նորվեգական «Ֆրեդրիկստադից» էլ թիմ է վերադարձել կիսապաշտպան Կիրան Մարտինը:

Կարծում ենք, որ «Փյունիկն» ի վիճակի կլինի երկու խաղերի արդյունքում առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Դա հայտնի կդառնա հուլիսի 25-ին, երբ մրցակիցները պատասխան հանդիպումը կանցկացնեն Երեւանում: Ի դեպ, Հայաստան ճամփորդությունը թիմի համար դժվար կլինի: Իռլանդացիները հնարավորություն չունեն չարտերային չվերթ պատվիրել, ուստի Երեւան եմ ժամանելու Բելֆաստ-Լոնդոն-Պրահա չվերթով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4