Էրզրումցիներին նախազգուշացրել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը
Հուլիսի 22-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը կասկած չի հարուցում: Միանգամայն հնարավոր է համարվում նաեւ նրա միանձնյա իշխանությունը երկրում: Թերեւս դա է պատճառը, որ թուրքական քաղաքական շրջանակները վիճարկում են ոչ թե ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակը կամ դրանց արդյունքում նրա միանձնյա իշխանությունը, այլ Մեջլիսում բացարձակ մեծամասնություն ապահովելու հավանականությունը:
Այս հանգամանքը խիստ մտահոգում է Թուրքիայում դեռեւս Քեմալ Աթաթուրքի ձեւավորած քաղաքական ընտրախավին, որն իբրեւ վերկուսակցական ուժ գործել է քեմալական ազգայնականության քողի տակ, եւ անկախ կառավարությունների փոփոխությունից, միշտ էլ արտոնյալ վիճակում է եղել: Ահա թե ինչու անմիջականորեն բանակի հովանավորած այս ընտրախավին ծառայող պետական եւ կուսակցական կառույցները փորձում են աներեւակայելի հերյուրանքներով վարկաբեկել ինչպես վարչապետ Էրդողանին, այնպես էլ նրա կուսակցությանը:
Այս կառույցներից պետք է առանձնացնել Թուրքիայի քաղաքական ընտրախավին որպես գրոհային ծառայող «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանը` Ազգայնական շարժում կուսակցությանը եւ հատկապես բանակի համար խոսափողի դեր կատարող Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որի պաշտոնական գաղափարախոսությունը քեմալական ազգայնականությունն է:
Այս կուսակցությունը, ինչպես հուլիսի 8-ի համարում նշել է «Ենի մեսաժ» թերթը, գովազդային ցուցապաստառներ է տեղադրել Էրզրումում: Այդ ցուցապաստառներում, որոնք պատրաստվել են Էրզրումից Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Էրբաշար Օզսոյի նախագծով, ժամանակակից Թուրքիայի հետ պատկերվել է նաեւ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրին համապատասխան ձեւափոխված Թուրքիայի քարտեզը: Երկրորդում մասնատված Թուրքիայի մի հատված ընդգրկվել է Քուրդիստանի, իսկ մյուսը` Էրզրումը ներառյալ, Հայաստանի սահմաններում:
Ցուցապաստառների վերեւում եղել են` «Ժողովրդա-հանրապետական կուսակցության իշխանությունը թույլ չի տալու, որ մեր պետությանը մասնատեն», իսկ ներքեւում` «Դուք գիտեի՞ք, որ «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի համանախագահ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Հայաստանին հանձնել Էրզրումը» մակագրությունները:
Ցուցապաստառները խիստ զայրացրել են էրզրումցիներին: Հուլիսի 13-ին ընդառաջելով նրանց դիմումը, Էրզրումի քաղաքապետարանը հավաքել է դրանք եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել, ընդգծելով. «Անջատողականության դրսեւորումներ պարունակող վահանակները, որոնք քաղաքում դժգոհության եւ մտահոգության պատճառ են դառնում, չեն կարող օգտագործվել քարոզարշավի նպատակներով»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ