«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2007-07-17 | #134, 2007-07-18 | #135, 2007-07-19


ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐԻ ԿԵՍՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԲԱՆԱԿԸ «ՎԱՅԵԼՈՒՄ Է» ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Ազգայնական երիտասարդական խմբավորումների ընդհանուր թիվը Ռուսաստանում հասնում է 141-ի, դրանցում ընդգրկվածների քանակն էլ արդեն գերազանցել է 500 հազարը: «Ազատության» փոխանցմամբ, այդ է վկայում Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի օրերս հրապարակած զեկույցը: Մոսկվացի իրավապաշտպանների պնդմամբ, այլազգիների դեմ ամենադաժան ու հանդուգն հարձակումներով աչքի ընկած խմբավորումները գործում են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Որպես ծայրահեղական տրամադրությունների աճի ամենացայտուն ապացույց Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոն մատնանշում է ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարված հարձակումների քանակը: Եթե 2004 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում գրանցվել է ազգային հողի վրա կատարված 7 սպանություն, ապա 2007-ի առաջին չորս ամիսներին արդեն կատարվել է 25 նման սպանություն:

Ազգայնական ծայրահեղականների միջին տարիքը 15-17 տարեկան է, շատ հաճախ նրանք միավորվում են տարբեր ֆուտբոլային ակումբների կամ երաժշտական խմբերի հովանու ներքո:

Ռուսաստանցի սոցիոլոգները օրինաչափ են համարում ազգայնականության երիտասարդացումը երկրում: Ըստ «Lեւադա» կենտրոնի վերջին հետազոտությունների` ռուսաստանցի երիտասարդության առնվազն 15 տոկոսը դավանում է ծայրահեղ ազգայնական, ֆաշիստական հայացքներ: Վերլուծաբանների համոզմամբ, այլազգիների դեմ հարձակումները ռուս պատանիների համար առավել հրապուրիչ են դառնում հատկապես անպատժելիության ընդհանուր մթնոլորտի ֆոնին: Ըստ ռուս իրավապաշտպանների, պետական մարմինները գերադասում են աչք փակել ազգայնականների հարձակումների վրա: Անցած տարի ավելի քան 500 հարձակում է գրանցվել, սակայն այդ գործերով դատավճիռները ընդամենը 33-ն են:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4