«Ռոյալ Արմենիայի» գործով դատարանի որոշմամբ
«Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ տնօրեն Արամ Ղազարյանի արդարացումը դատարանի կողմից եւ նրանց ազատ արձակելը դատարանի դահլիճից իսկապես աննախադեպ իրադարձություն էր: Այս ընկերության եւ մաքսային պետական կոմիտեի միջեւ ավելի քան 2 տարի առաջ սկիզբ առած հակամարտությունը ի սկզբանե դուրս էր եկել մասնավոր բնույթից եւ դարձել էր հասարակական հետաքրքրության առարկա: Ինչը տրամաբանական էր: Հայտնվել էր մի ընկերություն, որը համարձակվել էր հայտարարել, որ մաքսային պետական կոմիտեի կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենից կաշառք են պահանջել եւ չստանալով խտրական քաղաքականություն կիրառել իրենց ապրանքի նկատմամբ: Այդ ընկերությունը փաստորեն այլեւս չէր ցանկանում շարունակել մաքսավորների հետ աշխատել նախկինՙ «կիսվելու» սկզբունքով, ինչը առաջացրել էր վերջինիս կտրուկ հակազդեցությունը:
«Ռոյալ Արմենիայի» ղեկավարները իրենց դիրքորոշման արդարացիությունն ու օրինականությունը պաշտպանելու համար դիմեցին դատական ատյաններին եւ շահեցին դատը: Դատարանը պահանջեց մաքսային կոմիտեից մաքսազերծել այդ ընկերության ապրանքը նույն գներով, ինչ մյուս ընկերություններին: Սակայն մաքսային կոմիտեն հրաժարվեց կատարել դատարանի որոշումը, փոխարենը գործի դրվեցին այդ ընկերության ղեկավարների նկատմամբ քրեական գործ սարքելու մեխանիզմները: Դրա առաջին ազդակը հնչեց կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ «Ռոյալ Արմենիան» ապօրինի գործունեություն է իրականացրել: Դրանից որոշ ժամանակ անց քրեական գործ հարուցվեց ընկերության ղեկավարների դեմ եւ հարցաքննություններից մեկի ժամանակ նրանք ձերբակալվեցին:
«Ռոյալ Արմենիայի» գործի նախապատմությունը ներկայացրինք հասկանալի դարձնելու համար, թե ինչ է նշանակում դատարանի որոշմամբ այս ընկերության ղեկավարների ազատ արձակումը:
Առաջին եզրակացությունը, որին ակամա հանգում ես, այն է, որ սա ուժեղ հարված էր մաքսային կոմիտեին եւ նրա ղեկավարին: Երբ մաքսավորների կողմից ընկերությանը տնտեսապես «խեղդելը» հնարավոր չդարձավ, նրանց կիրառած այլ մեթոդները փաստորեն նույնպես ձախողվեցին: Հստակ դարձավ, թե որ կողմն է արդարը այս հակամարտության մեջ, որնՙ անարդարը: Հատկապես եթե նկատի ունենանք նաեւ, որ դատարանը դիմել է դատախազությանըՙ քրեական հետապնդում հարուցել այն անձի նկատմամբ, որն, ինչպես նշում էին «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները, մաքսային կոմիտեի դրդմամբ կեղծ մեղադրանքներ էր ստեղծել ընկերության դեմ:
Ինչի՞ արդյունք էր դատարանի այս որոշումը: Հավանաբար միանգամից երկու գործոններ են դեր խաղացել այստեղ: Դրանցից առաջինը այն էր, որ մեղադրանքը «Ռոյալ Արմենիայի» դեմ ամբողջությամբ ստեղծված էր կեղծ տեղեկությունների հիման վրա, որոնց մանրամասները դատարանում եւ մամուլի ասուլիսների ժամանակ ներկայացրել էր ընկերության իրավաբանը: Սակայն նման որոշման համար միայն այդ հանգամանքը բավարար չէր կարող լինել: Մեր դատարանները սովոր են ակնհայտ անարդար որոշումներ ընդունել: Հավանաբար Եվրոպական դատարանի կողմից նման որոշումներն անարդար համարելու եւ փոխհատուցման վճարման վտանգը եւ գրանցված առաջին այդպիսի դեպքերը սկսել են որոշ ազդեցություն գործել:
Երկրորդ կարեւոր եւ հավանական գործոնը երկրի վերին իշխանությանՙ նախագահի կամ վարչապետի մակարդակով, միջամտությունն է եղել: Այլապես անգամ Եվրոդատարանի վտանգը չէր ստիպի մեր դատավորներից որեւէ մեկին նման համարձակ որոշում ընդունել: Որոշում, որն իր սուր ծայրով ուղղված է մաքսային կոմիտեի նախագահի, ինչպես նաեւ դատախազության դեմ: Նշանակո՞ւմ է սա, որ մաքսային կոմիտեի նախագահի դիրքերը երկրի ղեկավարների մոտ թուլացել են: Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, քանի որ ենթադրել կամ եզրակացնել միայն կարելի է, որ այս գործում ինչ-որ բարձր միջամտություն է եղել: Սակայն ակնհայտ է, որ Արմեն Ավետիսյանի եւ նրա ղեկավարած կառույցի առանց այն էլ ոչ բարի համբավը իրավական ձեւակերպում ստացավ եւ այդ առումով նրանց դիրքերն ու հեղինակությունը հասարակության աչքին հաստատապես էլ ավելի թուլացան: Գուցե սա նախերգանքն է հարկային եւ մաքսային կառույցների միավորման եւ մաքսային կոմիտեի նախագահի պաշտոնանկության, ինչի վերաբերյալ լուրեր են շրջանառվում:
Հետաքրքրական է նաեւ դատախազության մասով դատարանի որոշումը: Փաստորեն, այն կառույցը, որը «հիմնավորել» է «Ռոյալ Արմենիայի» ղեկավարների դեմ սարքած քրեական գործը, այժմ պետք է հակառակը հիմնավորի: Զավեշտալի իրավիճակ է ստեղծվում: Իսկ որպեսզի նման իրավիճակ չստեղծվի, նախ պետք է դատական պատասխանատվության ենթարկվեն դատախազության այն քննիչներն ու դատախազները, որոնք սարքել եւ մինչեւ դատարան են հասցրել «Ռոյալ Արմենիայի» գործը: Կգնա՞ դրան դատախազությունը: Հաստատապեսՙ ո՛չ: Այս կառույցը իր կոռումպացվածությամբ գերազանցում է անգամ հենց նույն մաքսային կոմիտեին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ