«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2007-07-17 | #134, 2007-07-18 | #135, 2007-07-19


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ 12-ԱՄՅԱ ԱԿՈՒՄԲԻՑ

Արդեն 12 տարի գոյություն ունի Երեւանի մամուլի ակումբը: Հոբելյանը նշվեց երեկ բարեկամների ու գործընկերների մեկտեղմամբ եւ առանց խնդիրների բարձրաձայնման: Փոխարենը տեղի ունեցավ ԵՄԱ մրցանակաբաշխությունը: Մրցանակներն ամենամյա են եւ ոչ հաստատագրված անվանակարգերով` բխում են տարվա իրադարձություններից, տարին էլ հաշվվում է հուլիսի 15-ից: Այս տարիՙ 2006-ի հուլիսի 15-ից մինչեւ 2007-ի հուլիսի 15-ը ԵՄԱ վարչությունը կարեւորել եւ ուսումնասիրել է քաղաքական իրադարձությունների լուսաբանմամբ զբաղվող լրագրողների աշխատանքըՙ տարին նախընտրական էր, քաղաքական զարգացումներն էլ ակտիվ: Երեք մրցանակներից երկուսը հենց քաղաքական ոլորտի լուսաբանմամբ են զբաղվումՙ lragir.am ինտերնետային հրատարակության լրագրող Հակոբ Բադալյանին ԵՄԱ մրցանակը շնորհվեց ներքաղաքական իրադարձությունների օպերատիվ լուսաբանման, TV5 հեռուստաալիքի աշխատակից Գեւորգ Ալթունյանին հեռուստատեսային քաղաքական բանավեճի համար: Այդին Մորիկյանը մրցանակ ստացավ ժուռնալիստիկայի ուսումնական երկու ձեռնարկների եւ բուհերում դասավանդելու համար:

Երեք մրցանակակիրներն էլ փաստեցին, որ իրենց աշխատանքի կարեւորումը ԵՄԱ մրցանակներով ոգեւորիչ անակնկալ էր: «Կարողանում եմ աշխատել ազատ ու անաչառ: Կարծում եմ, սա ընտրություն է, որ մեր մասնագիտության տեր յուրաքանչյուրը ունի կամ ոչ: Շարունակելու եմ նույնկերպ աշխատել», ասաց Հակոբ Բադալյանը: Գեւորգ Ալթունյանն էլ վստահեցրեց. «Առանց որեւէ մրցանակի մասին մտածելու պարզապես իմ աշխատանքն եմ կատարել, ինչպես գործընկերներս»: Այդին Մորիկյանը կարեւորեց ԵՄԱ-ի հետ համագործակցությունը. «Բուհական դասավանդման անցնելը հնարավոր եղավ ԵՄԱ հետ համագործակցության արդյունքում, իսկ այդ համագործակցությունը շատ ու շատ գաղափարներ իրականացնելու հիմք է եւ ոչ միայն ինձ համար»:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը մրցանակները հանձնելիս վստահություն հայտնեց, որ լրագրողների երիտասարդ սերնդում քիչ չեն շնորհաշատներն ու մասնագիտական այլ որակներից զատ նաեւ էթիկայի կրողները: ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն էլ փաստեց, որ ընտրությունների փուլում հայաստանյան լրատվամիջոցներն ազատ գործելու հնարավորություն են ստանում, խոսքի ազատությունն այլ մասշտաբներ է ձեռք բերում եւ լուսաբանվում է բոլոր քաղաքական գործիչների եւ ուժերի գործունեությունը: «Ժողովրդավարություն ու խոսքի ազատությունը ծաղկում են ընտրությունների ընթացքում, այդպես եղավ այս տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ապա իրավիճակը լիովին փոխվում է: Հիմա այդ փուլում ենք եւ պետք է դիմակայենք ու պատրաստ լինենք քաղաքական նոր զարգացումներին»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4