«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2007-07-17 | #134, 2007-07-18 | #135, 2007-07-19


ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԱՐԽԻՎԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է

Կենսաբաններն ահազանգում են

Մոսկվացի ճանաչված բուսաբան Անդրեյ Ելենեւսկին իր ասպիրանտի հետ այս օրերին Հայաստանում է: Երեւանի բուսաբանության ինստիտուտի հերբարիումում նա ուսումնասիրում է Կովկասի տարածաշրջանի բուսական աշխարհի առանձնահատկությունները: Նա բուսաբանության ինստիտուտի համար եզակի հյուր չէ: Մեր հերբարիումը շատ հայտնի է աշխարհում, Հայաստանի կենսաբազմազանությունը մեր երկիր է ձգում աշխարհի տարբեր ծայրերի գիտնականների: Ողջ Կովկասում 6000 բուսատեսակ է աճում, որից 3500-ը` միայն Հայաստանում, միայն մեր տարածքին բնորոշ 132 էնդեմիկ տեսակ ունենք: Բուսաբանության ինստիտուտի հերբարիումում, թղթե անշուք փաթեթների մեջ նիրհում են բույսերի 3500 տեսակ եւ 300 հազար օրինակ միայն Հայաստանի ֆլորայից: Ամեն տարի բուսաբանության ինստիտուտը 20-30 հյուր է ունենում: Հետաքրքրությունը չափազանց մեծ է, գալիս են անգամ հեռավոր Ավստրալիայից ու Ճապոնիայից, ուսումնասիրում ու զմայլվում մեր բուսաշխարհի հազվագյուտ բազմազանությամբ:

Սակայն հերբարիումն այսօր հայտնվել է ծայրաստիճան ծանր վիճակում: Պահարանները , որոնց մեջ պահվում են չորացրած բույսերը, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. դրանք պիտի լինեն հնարավորինս հերմետիկ, որպեսզի օդը, փոշին, լույսը չթափանցեն: Դարսդարսած փաթեթների վրա հնամյա փոշի է նստած, չնայած բուսաբանական այգու կանաչը չի թողնում, որ շատ փոշի առաջանա: Բույսերի գլխավոր թշնամին ցեցանման միջատներն են, որոնք անարգել բազմանում են:

Նրանք ներխուժում են փաթեթների մեջ եւ դանդաղ ուտում, ոչնչացնում արդեն հարյուր տարի այստեղ պահպանվող բույսերը: Իսկ ամեն փաթեթում եզակի մի բույսի պատմություն է, մի աշխարհ: Հենց փայտե պահարանն ինքը ցեցի բույն է: «Մենք դրանց դեմ անզոր ենք, ոչ մի հնար չկա: Նավթալին ենք օգտագործում, բայց թունավոր նյութ է, եւ դրա օգտագործումն ամեն տեղ է արգելված», ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան:

Շատ ավելի մեծ հնարավորություններով երկրներում հերբարիումի բույսերը պահվում են ջերմաստիճանային նույն ռեժիմով, ամբողջությամբ փակ կոնտեյներում, հատուկ ամուր տուփերի մեջ, որոնք բացվում են միայն անհրաժեշտության դեպքում: Բայց այդպիսի պահամանները մեծ գումար արժեն: Հիմա արդեն նաեւ նոր հավաքածուները տեղավորելու տարածք չկա: 2-3 տարին մեկ անգամ բուսաբանները հետազոտական քննություն են կատարում տվյալ տեսակի վիճակի վերաբերյալ, այցելում այն վայրերը, ուր աճում է, նշում նրա կենսաձեւում առաջացած փոփոխությունները, կորուստները, դրականն ու բացասականը: Նույնիսկ արդեն հաշմված, կիսաոչնչացած տերեւն էլ դեն գցել չի կարելի, այն փաստագրված է եւ պետք է պահպանել:

Գլխավոր խնդիրը նաեւ ջեռուցումն է: Արդեն քանի տարի այս հարցը չի լուծվում, եւ բույսերը ոչնչանում են նաեւ ջերմաստիճանային տատանումներից: Նախանցած տարի վերջապես ջեռուցում անցկացվեց, բայց խողովակները պայթեցին, եւ նորից կանգնեցին կոտրած տաշտակի առաջ: Ձմեռը ջերմաստիճանն իջնում է մինչեւ -20 աստիճան, ամռանը բարձրանում 40 աստիճանից ավելի: Ուժեղ ցրտի ու շոգի ազդեցությունից բույսերը փխրուն են դառնում, եւ նույնիսկ առանց միջատների միջամտության կոտրվում:

Հերբարիումում, ի դեպ, հետաքրքրական ցուցանմուշներ կան նաեւ երրորդական, չորրորդական դարաշրջաններից: Հազարամյակների ընթացքում բույսերի տերեւները դաջվել են քարի վրա եւ քարե շրջանակով գեղանկար են հիշեցնում:

Օրերս հենց բուսաբանական այգում կայացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիայի բնագիտական բաժանմունքի նիստը: Որոշվեց, որ ակադեմիան օգնության հայցով պետք է դիմի կառավարությանը. ոչ միայն հերբարիումի, այլեւ ողջ այգու գոյությունն է վտանգված: Անբավարար ոռոգման պատճառով այգին չորանում է, չդադարող գողությունները լրացնում են պակասը: Այգին 4 մուտք ունի, եւ ոչ մի պահակ: Փող չկա: Նոր տնկիներ են տնկում, ասենք, վաճառքի համար, որպեսզի այգին կարողանա հոգսերի մի մասն ինքը լուծել, բայց մի քանի օր անց դրանք անհետանում են: Այգու ցանկապատը քանդված է, դռները բաց են: Լիովին անպաշտպան են Հյուսիսային Կովկասի, Ամերիկայի, Արեւելյան Ասիայի հավաքածուները: Միայն Հայաստանի ֆլորան ներկայացնող հատվածում 1000 տեսակ բույս ու ծառ կար, դրանց քանակը նկատելի քչացել է ե՛ւ ժամանակին ոռոգում չստանալու, ե՛ւ գողությունների պատճառով: Այն ժամանակին ցանցապատված էր, սակայն ցանցն էլ քանդեցին, տարան: Թալանում են ամեն ինչ, խողովակներ, տնկիներ, մի խոսքով, ինչ ձեռքերն ընկնում է:

Հայաստանի բուսաշխարհն այնքան հայտնի է աշխարհում, որ գերմանական հրատարակչություններից մեկը որոշել է բիզնես անել նրա միջոցով: «Հայաստանի ֆլորան» հանրագիտարանի 8 հատորը լույս է տեսել խորհրդային տարիներին: Հաջորդ 2 հատորները վերջերս լույս տեսան: Դրանք հրատարակվել են Գերմանիայում: Մեր մասնագետներին, ովքեր մասնակցել են դրանք կազմելուն, ընդամենը ուղարկվել են մեկական օրինակներ: Դրանցից ամեն մեկը 120 դոլար արժե: Հանրագիտարանը կազմելու աշխատանքները ղեկավարում է համաշխարհային ճանաչում ունեցող բուսաբան, 97-ամյա Արմեն Թախտաջյանը, որն ապրում եւ աշխատում է Սանկտ Պետերբուրգում: Այժմ պատրաստվում է ամփոփիչ 11-րդ հատորը` անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը նույնպես լույս կտեսնի Գերմանիայում: Այս ամենից մեր շահագրգռությունը միայն այն է, որ մեր մասին ինֆորմացիան տարածվում է աշխարհում:

Սա ընդամենը հերթական պարզ օրինակն է, թե ինչպես միջոցների սղության, անփութության ու անշրջահայացության պատճառով մեր ունեցվածքը, հնարավորությունները, որոնցից կարող ենք եկամուտ ունենալ, հրամցնում ենք ուրիշներին: Նման այն աղքատին, որ էժան գնով հերթով վաճառում է տան արժեքավոր իրերը, գոյատեւման ժամանակավոր միջոց հայթայթելու համար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4