ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցանկը հուլիսի 18-ի դրությամբ: Հայաստանի ազգային հավաքականը, որ հունիսի դասակարգման ցուցակում պարզապես ռեկորդային ցատկ էր կատարելՙ 128-րդ տեղից տեղափոխվելով 80-րդ հորիզոնական, եւս մեկ տեղով առաջադիմել է: Համեմատության համար նշենք, որ մեր ընտրանին 2006 թ. հուլիսի դասակարգման ցուցակում 105-րդն էր: Օգոստոսին մեր հավաքականը մեկ հորիզոնական բարձրացել էր, այնուհետեւ սկսվել էր նահանջը (112-րդ, 119-րդ, 124-ր տեղեր): Դեկտեմբերին եւ հունվարին մեր ընտրանին 123-րդ տեղում էր, ապա հաջորդ երկու ամիսներին հանգրվանեց 119-րդ հորիզոնականում: Այնուհետեւ կրկին սկսվեց նահանջը: Ապրիլին մեր ֆուտբոլիստները նահանջեցին 8 հորիզոնականով, իսկ մայիսին հայտնվեցին 128-րդ տեղում: Եվ ահա Ղազախստանի ու Լեհաստանի հավաքականների նկատմամբ տոնած հաղթանակների շնորհիվ մեր ընտրանին առայժմ բռնել է վերելքի ուղին:
Հնգամսյա ընդմիջումից հետո դասակարգման ցուցակը կրկին գլխավորեց Բրազիլիայի ընտրանին: Բրազիլացիներն առաջատարի դիրքը կորցրել էին փետրվարինՙ առաջին հորիզոնականը զիջելով իտալացիներին: Մարտին վերջիններիս գահընկեց արեցին արգենտինացիները, սակայն նրանց չհաջողվեց ամրապնդվել առաջին հորիզոնականում: Վերջին երեք ամիսներին աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը կրկին ստանձնել էր առաջատարի դերը:
Լավագույն տասնյակի կազմում երկու փոփոխություն է կատարվել: Ուժեղագույնների կազմում ընդգրկվել են Մեքսիկայի ընտրանին, որն օրերս ավարտված Ամերիկայի գավաթի խաղարկությունում զբաղեցրել էր մրցանակային 3-րդ տեղը, եւ Խորվաթիայի հավաքականը, որոնք տասնյակում փոխարինել են չեխերին ու անգլիացիներին: Զգալի փոփոխություններ են կատարվել տասնյակի ներսում:
Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Պորտուգալիայի ընտրանին, որը 2 տեղով նահանջել է եւ այժմ 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 17-րդ տեղում սերբերն են (առաջընթաց 5 տեղով), լեհերը նահանջել են 21-րդ հորիզոնական (-3): Ֆինները մեկ հորիզոնական բարձրացել են (41-րդ տեղ): Նույնպիսի առաջընթաց է ունեցել Բելգիայի ընտրանին, որը 70-րդ տեղում է: Ադրբեջանցիները պահպանել են դիրքը 109-րդ տեղում, իսկ ղազախները մեկ հորիզոնականով բարձրացել եւ հանգրվանել են 118-րդ տեղում:
Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները (փակագծում նշված է տեղը նախորդ ցուցակում):
1. (3) Բրազիլիա | 1500 |
2. (5) Արգենտինա | 1476 |
3. (1) Իտալիա | 1368 |
4. (2) Ֆրանսիա | 1357 |
5. (4) Գերմանիա | 1311 |
6. (9) Հոլանդիա | 1195 |
7. (11) Խորվաթիա | 1192 |
8. (6) Պորտուգալիա | 1146 |
9. (7) Իսպանիա | 1144 |
10. (26) Մեքսիկա | 1142 |
18. (22) Ուկրաինա | 973 |
23. (24) Ռուսաստան | 879 |
54. (58) Ուզբեկստան | 526 |
71. (72) Բելառուս | 443 |
78. (79) Լիտվա | 400 |
79. (80) Հայաստան | 399 |
95. (97) Վրաստան | 337 |
102. (103) Մոլդովա | 320 |
109. (109) Ադրբեջան | 277 |
111. (107) Լատվիա | 276 |
118. (119) Ղազախստան | 245 |
124. (121) Էստոնիա | 226 |
145. (147) Տաջիկստան | 116 |
152. (149) Ղրղըզստան | 97 |
164. (163) Թուրքմենստան | 69 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ