ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի խայթոցի դեմ անհրաժեշտ հակաթույնով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռուսլանա Գեւորգյանը, նախարարությունն ամեն գարնան սկզբին շրջաբերական է ուղարկում հանրապետության բոլոր հիվանդանոցներին, որի համաձայն վերջիններս պարտավորվում են ձեռք բերել անհրաժեշտ քանակությամբ հակաթույն: «ՀՀ-ում հիվանդանոցները պետական միջոցներով ձեռք են բերում միայն 19 տեսակ դեղորայք, իսկ հակաթույնը գնում են իրենց միջոցներով», նշեց Ռ. Գեւորգյանը: Նրա խոսքով, նախարարությունը ժամանակ առ ժամանակ զանգերի, այցելությունների միջոցով վերահսկում է, թե որքանով են Հայաստանի հիվանդանոցներն ապահովված հակաթույնով, իսկ առավել շատ պաշար պետք է ունենան Արմավիրի, Արարատի շրջանների հիվանդանոցները:
Օձի խայթոցների դեպքում հանրապետության տարբեր շրջաններից հիմնականում հիվանդներին տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ըստ հանրապետության գլխավոր տոքսիկոլոգ Միքայել Գաբրիելյանի` բժշկական կենտրոն առավել շատ հիվանդներ են բերվում Արմավիրի, Արագածի, Աշտարակի մարզերից: Այս տարի կենտրոնում գրանցվել է օձի խայթոցի 16 դեպք: Կենտրոնի տոքսիկոլոգիայի բաժնի վարիչ Սուրեն Մակարյանի տվյալներով, 16 հիվանդներից միայն 4-ն է եղել առավել ծանր վիճակում: «Նախորդ տարվա համեմատ օձի խայթոցների դեպքերը նվազել են: 2006 թվականին գրանցվել է 26, այս տարի` 16 դեպք», նշեց Ս. Մակարյանը: Նրա տեղեկացմամբ, անցած տարի օձի խայթոցից մահացել է մեկ հոգի, իսկ այս տարի մահացության դեպք չի գրանցվել: