Ազգային փոքրամասնությունների հետ նախապես կողմնորոշվել են նաեւ էթնիկ եւ կրոնական խմբավորումները
Լոզանի պայմանագիրը Թուրքիայում ազգային փոքրամասնության կարգավիճակ է շնորհել հայերին, հույներին եւ հրեաներին: Պետական իշխանությունները, ելնելով Քեմալ Աթաթուրքի «Երանի նրան, ով իրեն թուրք է համարում» ասույթից, հրաժարվում են ընդունել ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական խմբավորումների գոյությունը երկրում: Քաղաքական կուսակցություններն այդ առումով հետեւում են իշխանություններին, սակայն ընտրություններում ձայներ հավաքելու հրամայականը ստիպում է նրանց գոնե նախընտրական փուլում հիշել այդ խմբավորումների մասին:
Ինչո՞ւ: Այն պատճառով, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պես էթնիկ եւ կրոնական խմբավորումները եւս ընտրություններում միասնաբար են քվեարկում, հաճախ քվեարկության ելքի վրա ազդում է ոչ թե նախընտրական քարոզարշավը, այլեւ կուսակցությունների նկատմամբ համայնքի կամ համայնքային կազմակերպությունների ղեկավարների դիրքորոշումը: Այլ կերպՙ նախընտրական փուլում կուսակցություններին միանգամայն ձեռնտու է այս խմբավորումների գոյության փաստի հետ հաշտվելը: Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի հուլիսի 22-ի համընդհանուր վաղաժամկետ ընտրություններն այդ առումով բացառություն չեն կազմում:
«Աքսիոն» շաբաթաթերթը հուլիսի 18-ի համարում Թուրքիայի կրոնական եւ էթնիկ խմբավորումների թվում նշում է ալավիներին, քրդերին, եզդիներին, վրացիներին, թուրքմեններին, բոսնիացիներին, չերքեզներին, ասորիներին, ինչպես նաեւ բալկանյան ծագումով այն քաղաքացիներին, որոնք տարբեր ժամանակահատվածում Բալկաններից Անատոլիա գաղթածների ժառանգներն են: Ըստ «Աքսիոնի», վերջիններս ոչ միայն նախապես կողմնորոշվում են ընտրություններում, այլեւ հասարակությանը կանխավ իրազեկում են, թե որ կուսակցության օգտին են քվեարկելու:
«Աքսիոնը», հիմք ընդունելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի հայտարարությունըՙ «Եթե անկեղծ լինենք, ապա հայերը ի տարբերություն Ժողովրդա-հանրապետական կուսակցության, նախընտրում են «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, որովհետեւ նա ազգային փոքրամասնությունների նկատմամբ նվազ ազգայնական է», գրում է, որ դա հստակ պատկերացում է տալիս ընտրություններում Թուրքիայի հայերի կողմնորոշման մասին, ավելացնելով. «Նույն տեսակետին է նաեւ «Ակօսի» գլխավոր խմբագիր Էթիեն Մահճուպյանը»:
«Ընտրություններին, գրում է «Աքսիոնը», կողմնորոշվել են նաեւ ասորիները, որոնց զգալի մասը քվեարկելու է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության օգտին, ինչի մասին անձամբ հայտարարել է համայնքի կրոնապետը»: Ըստ «Աքսիոնի», Թուրքիայում բնակվող կաթոլիկ ասորիների թիվը 5 հազար է, իսկ ուղղափառներինըՙ 20 հազար: Կողմնորոշման առումով նույնը պետք է ասել նաեւ հրեաների եւ հույների պարագայում: Թուրքական շաբաթաթերթը նշում է, որ վերջիններիս խիստ մտահոգում է հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո երկրում թափ առած ազգայնականության պոռթկումը, որի ակունքներում կանգնած է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:
Ինչ վերաբերում է կրոնական եւ էթնիկ այլ խմբավորումներին, ապա նրանցից ալավիները, որոնք նախորդ ընտրություններում քվեարկում էին Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին, «Աքսիոնի» վկայությամբ, այս ընտրություններում իրենց ձայնը մեծապես տալու են «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Այդ մասին հրապարակավ հայտարարել է «Ալավիների ժողովրդավարական նախաձեռնություն» կազմակերպությունը: Չի բացառվում, որ որոշ ալավիներ ձայն տան նաեւ Ազգայնական շարժում կուսակցությանը:
Թուրքիայում 8 միլիոնի հասնող չերքեզները մասնատվել են: Նրանց մի մասը նախապատվությունը տալիս է Ժողովրդա-հանրապետական, իսկ մյուսՙ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Ի դեպ, նախորդ գումարման Մեջլիսում եղել է չերքեզական ծագումով 20 պատգամավոր, այդ թվումՙ փոխվարչապետ Աբդուլլաթիֆ Շեները: Ենթադրվում է, որ առաջիկա ընտրություններին քվեարկությանը կմասնակցեն շուրջ 3 մլն չերքեզներ, որոնց համախմբում են 112 միություններ:
Բալկաններից գաղթածների ժառանգների մոտավոր թիվը, ըստ «Աքսիոնի», Թուրքիայում 24 մլն է, որոնք երկրի 32 նահանգներում ունեն 2200 միություններ: Չնայած այս միությունների կոնֆեդերացիայի հայտարարությանը, թե «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ազգային քաղաքականություն չի վարում, այդ իսկ պատճառով բալկանյան ծագումով քաղաքացիները ընտրություններում կաջակցեն գլխավորապես Ազգայնական շարժում կուսակցությանը, այնուամենայնիվ, «Աքսիոնի» կարծիքով, հայտարարությունը 100 տոկոսով չի պարտավորեցնում բոլորին, ուստի նրանցից որոշակի ձայներ կստանա նաեւ Էրդողանի կուսակցությունը:
«Աքսիոնը» նշելով վրացիների թիվը Թուրքիայում շուրջ 2մլն, ընդգծում է, որ կիսվել է նրանց ձայնը: Վրացիների ձախակողմյան հատվածը պաշտպանում է Ժողովրդա-հանրապետական, իսկ աջակողմյանըՙ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Միաժամանակ, ցույց է տրվում, որ ծագումով վրացի է վերջին կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփթաշը: Ընդհանուր առմամբ, Էրդողանի կուսակցությանն են պաշտպանում նաեւ 50 հազար ձայն ունեցող թուրքմենները, այդ թվումՙ երկրի հարավ-արեւելքում բնակվող եզդիները, որոնց ընտրողների թիվը շուրջ 1500 է:
«Աքսիոնի» հրապարակումից պարզվում է, որ չհաշված բալկանյան ծագումով քաղաքացիներին, Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, էթնիկ եւ կրոնական խմբավորումները հակված են հուլիսի 22-ի ընտրություններում պաշտպանել Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Թեեւ թուրքական շաբաթաթերթը հիշատակում է այդ խմբավորումներից խոշորագույնիՙ քրդերի մասին, սակայն շրջանցում է նրանց կողմնորոշումը:
Մեր կողմից ասենք, որ Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության մասնակցությունը հուլիսի 22-ի Մեջլիսի ընտրություններին արգելվել է: Այդ իսկ պատճառով կուսակցության պատգամավորները առաջադրվել են մեծամասնականով, ընդ որում որպես անկախական: Սա նշանակում է, որ քրդերը համամասնականով կքվեարկեն «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության, իսկ մեծամասնականով «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցության առաջադրած թեկնածուների օգտին: Նույնը վերաբերում է նաեւ ալավիներին, որովհետեւ նրանց մեջ զգալի է նաեւ քրդերի թիվը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ