«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ «ԴԵՐԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Նավթային գործոնը եւ Ադրբեջանը

Էներգետիկ խնդիրը եւ ընդհանրապես էներգետիկ անվտանգության հարցը վաղուց արդեն դարձել է համաշխարհային գլոբալ քաղաքականության բաղկացուցիչ մասը: Հասկանալու համար այդ քաղաքականության ազդեցությունըՙ պետք է նախ եւ առաջ հասկանանք դրա ծնող պատճառները եւ քաղաքական այն շահերը, որոնք փնտրում է աշխարհի այս կամ այն տերությունը: Հարավային Կովկասը, Կասպից ծովի ավազանը եւ Միջին Ասիան վաղուց արդեն գտնվում են գլոբալ քաղաքականության կենտրոնում: Արեւմուտքն այս տարածաշրջանները, որպես կանոն, դիտարկում է մի միասնական շղթա, որը անքակտելի է եւ որը կարելի է վերահսկել միայն իր ամբողջության մեջ: Այս ենթատեքստում կարեւոր նշանակություն ունի հատկապես նավթի եւ գազի գործոնը: Տարածաշրջանի վերահսկողություն սահմանելու համար տերությունները դիտարկում են հենց էներգետիկ բաղադրիչի վերահսկողության հաստատումը: Հասկանալի է, որ այս պայմաններում տարածաշրջանի երկրները, հատկապես նավթ եւ գազ արտահանող, փորձում են կարեւորել սեփական դերակատարումն արդեն իրենց տարածաշրջանային պայքարում:

Բնական ռեսուրսների ազդեցությունների քաղաքական բաղկացուցիչը

Ինչպես են բնական ռեսուրսներն ազդում քաղաքական համակարգերի վրա: Այս հարցը թերեւս արեւմտյան գիտական շրջանակների կողմից ամենաուսումնասիրված թեմաներից մեկն է: Վաղուց արդեն հայտնի է քաղաքական այն աքսիոմը, որ այն երկրները, որոնց ներքին համախառն արդյունքի մեջ բնական ռեսուրսների գործոնըՙ հատկապես էներգակիրների, 30 տոկոս է եւ ավելի, ապա դա ուղղակիորեն ազդում է նաեւ այդ երկրների քաղաքական համակարգերի վրա: Կարելի է ասել, որ չնչին բացառությամբ էներգակիրների եւ նմանատիպ այլ ռեսուրսների տիրապետող երկրներում, որպես կանոն, բռնատիրական քաղաքական համակարգեր են գործում: Արդյոք սա պատահականությո՞ւն է, թե՞ «ռեսուրսային գործոնի» ազդեցություն: Նմանատիպ երկրները նաեւ աչքի են ընկնում քաղաքական անկայունությամբ եւ բռնատիրական ռեժիմների հաճախակի փոփոխությամբ: Քաղաքագետների եւ պատմաբանների համար արդեն կարծես թե աքսիոմ է դարձել նաեւ այն կարծիքը, որ «այնտեղ, որտեղ կա նավթ, չկա ժողովրդավարություն»: Հավանաբար դա է պատճառը, որ բնական ռեսուրսներով հարուստ երկրներում այդ ռեսուրսները, հատկապես նավթը, դիտարկվում են ոչ թե բարիք, այլ չարիք, որը պատերազմներ, անկայունություն եւ աղքատություն կարող է բերել: Գաղտնիք չէՙ համաշխարհային պատմության ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ որեւիցե երկրում նավթի հսկայական պաշարների հայտնաբերումից հետո այդ երկրի տնտեսությունը ոչ թե աճ, այլ միայն ընդհանուր տնտեսական եւ սրանից բխող քաղաքական հետընթաց է գրանցել: Օրինակ, Նիգերիայում նավթ հայտնաբերելուց եւ դրա կոմերցիոն արդյունահանում սկսելուց հետո աֆրիկյան այդ երկիրը, որը նախկինում տարածաշրջանի գյուղատնտեսական ապրանքների թիվ մեկ արտահանողն էր, սկսեց հետընթաց ապրել: Ոչ միայն ամբողջովին ոչնչացավ Նիգերիայի գյուղատնտեսությունը, այլեւ հայտնվեց Աֆրիկայի ամենաաղքատ երկրների շարքում: Վերջին 25 տարիների ընթացքում Նիգերիան նավթի վաճառքից ստացել է մոտ 300 մլրդ դոլարի օգուտ, սակայն նրա բնակչության 60 տոկոսի եկամուտները օրական հազիվ կազմում են 2 դոլար: Իսկ բնակչության, միջին շնչի հաշվով, եկամուտները 80-ական թթ.-ի 800 դոլարից ընկել են` հասնելով մինչեւ 300 դոլարի: Բոլիվիայի եւ Վենեսուելայի պես գազով ու նավթով հարուստ երկրները մինչ օրս չեն կարողանում դուրս գալ աղքատության ճիրաններից: Նավթի հարցով զբաղվող միջազգային կառույցների համար արդեն պարզ է, որ էներգակիրներով հարուստ երկրները, որպես կանոն, այդպես էլ չեն կարողանում նավթային եկամուտները վերածել իրենց քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման համար կարեւորագույն գործոնի: Այսպեսՙ նավթով հարուստ 48 երկրների կեսից ավելին (որոնց արտահանման ծավալում 1965-1995 թթ.-ին նավթը կազմել է ընդհանուր ծավալի նվազագույնըՙ 30 տոկոսը), ըստ ՄԱԿ-ի տարեկան զեկույցի, գտնվում է ամենաաղքատ երկրների շարքում: Այս ցանկից միայն Նորվեգիան եւ Կանադան են հարուստ երկրների շարքում, սակայն նրանք այդ հաջողությանն էին հասել դեռ մինչեւ նավթից ստացվող եկամուտների աճը: Oxfam կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ նավթային եւ բնական այլ ռեսուրսների վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրներում աղքատությունը ոչ միայն չի կրճատվում, այլեւ շատ դեպքերում ավելանում է: Ըստ այդ հետազոտությունների հեղինակ Մայքլ Ռոսսի` նավթի ու ընդհանրապես բնական ռեսուրսների գործոնը պատճառ է ոչ միայն աղքատության, այլեւ աշխարհի շատ երկրներում ընթացող քաղաքացիական պատերազմների: Մայքլ Ռոսսը, որը բնական ռեսուրսների ազդեցությունը երկրների տնտեսական եւ քաղաքական համակարգերի վրա թեմայով մի շարք հետազոտությունների հեղինակ է, գրում է. «Մի շարք ուսումնասիրությունների համաձայն, երբ պետությունը մեծապես կախված է բնական ռեսուրսների արտահանումից, որպես կանոն «տառապում» է քաղաքացիական պատերազմներից»: Ռոսսը նաեւ նշում է, որ «ամեն տիպի բնական ռեսուրս, ինչպես, օրինակ, նավթը, ադամանդը եվ այլն, եթե գերակշռում է երկրի տնտեսության մեջ, ապա դա նշանակում է, որ երկիրը գնում է դեպի քաղաքացիական պատերազմ»: Նավթային եւ բնական այլ ռեսուրսներից կախվածություն ունեցող երկրների ներքաղաքական կայունությունն ամբողջովին կախված է բնական ռեսուրսների արտահանման ծավալներից եւ միջազգային շուկայում դրանց գների մակարդակից: Այսինքն, երբ բնական այդ ռեսուրսների գները բարձր են, այդ երկրներում տիրապետող ռեժիմները կարող են իրենց հանգիստ զգալ, սակայն բավական է, որ միջազգային շուկաներում նավթի, ադամանդի կամ բնական այլ ռեսուրսի գինը ընկնի, այդ երկրներում կսկսվեն քաղաքական անհնազանդության դրսեւորումներ, ընդհուպ քաղաքացիական պատերազմ եւ քաղաքական վարչակազմի փոփոխություն: Օրինակՙ ժամանակին, միջազգային շուկաներում բնական ռեսուրսների գների անկման շրջանում, նման անկայունություններ եւ քաղաքական ռեժիմների փոփոխություններ են տեղի ունեցել Նիգերիայում, Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Ալժիրում եւ այլ երկրներում: Նման կախվածությունը բնական ռեսուրսներից, ըստ Կարլա Թերիի բացատրվում է միջազգային շուկաներում այդ ռեսուրսների գների հաճախակի փոփոխությամբ: Այսինքնՙ երբ ռեսուրսների, մասնավորապես նավթի, գները միջազգային սակարաններում բարձր են լինում, այդ հումքից գերեկամուտներ ստացող երկրներն սկսում են ավելացնել իրենց պետական ծախսերը: Մասնավորապես սեփական ժողովրդի լոյալությունը գնելու համար բարձրացվում են թոշակները, աշխատավարձերը, սոցիալական այլ ծախսեր են ավելացվում պետական բյուջեում եւ այլն: Սակայն բնական ռեսուրսների գները, որպես կանոն, փոփոխական են եւ դրանց անկման դեպքում, դրանից բխող, նախկինում հայտարարված ծախսերի նվազեցումը բերում է քաղաքական եւ սոցիալական դժգոհությունների, նույնիսկ սոցիալական պայթյունի: Նման իրավիճակից խուսափելու համար բնական ռեսուրսներ արտահանող երկրները գների անկման շրջանում ստիպված են լինում արտաքին մեծ պարտքեր անել, ինչն էլ բերում է նրանց կախվածության մեծացմանը միջազգային ֆինանսական կառույցներից: Նույնիսկ նավթ եւ նավթամթերք արտահանող այնպիսի հսկաներ, ինչպիսին են Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը, ունեն արտաքին ու ներքին հսկայական պարտք: Նման քայլի նրանք ստիպված են դիմել, քանի որ դա միակ ձեւն է նավթի գնի անկման ժամանակ թե՛ բնակչության եւ թե՛ երկրի քաղաքական ու զինվորական էլիտայի շրջանում դժգոհությունները լռեցնելու համար: Օրինակՙ անցած դարի 70-80-ական թվականներին նման իրավիճակ ստեղծվել էր ՕՊԵԿ-ի անդամ շատ երկրներում: 70-ական թվականներին, երբ նավթի գներն աննախադեպ բարձր էին, վերջիններիս ներքին ծախսերի տարեկան աճը կազմում էր մոտ 45 տոկոս, իսկ, օրինակ, Վենեսուելայինըՙ 75 տոկոս: Այսինքնՙ նավթից եւ բնական այլ ռեսուրսներից ստացվող հսկայական եկամուտների հետեւանքով շատ դեպքերում այդ երկրների դրամական միջոցների սղաճը տարեկան հասնում էր 25 տոկոսի: Էժան վարկային միջոցները հնարավորություն էին տալիս այդ երկրներին հսկայածավալ եւ թանկարժեք ներդրումներ կատարել: Եվ ինչպես նշեցինքՙ միջազգային հումքային սակարաններում գների անկման դեպքում նման երկրներում առաջանում են տնտեսական եւ ապա դրանից բխող ներքաղաքական լուրջ ճգնաժամեր: Միջազգային վերլուծաբանները դա համարում են պետական եկամուտների վատ կառավարման հետեւանք, իսկ տնտեսագետները որակում են որպես «հոլանդական» հիվանդության դրսեւորում: Այս երեւույթը կոչվում է «հոլանդական հիվանդություն», որովհետեւ վերը նշված իրավիճակը տեղի ունեցավ նաեւ Հոլանդիայում, երբ անցյալ դարի 60-ական թվականներին այնտեղ գազի պաշարներ հայտնաբերվեցին, ինչը հսկայական լրացուցիչ եկամուտներ բերեց այստեղից բխող դրական եւ բացասական հետեւանքներով:

Նավթային գործոնի ազդեցությունը Ադրբեջանի քաղաքական համակարգի վրա

Նշված գործընթացներն իրենց ազդեցությունն են ունենում նաեւ նավթով հարուստ Ադրբեջանի վրա, ինչը հատկապես կարեւոր է քննարկման եւ վերլուծության համար, հասկանալու ոչ միայն այդ երկրի ներքաղաքական զարգացումները, այլեւ այն ազդեցությունը, որը էներգակիրների արտահանման ծավալի աճի հետ կրում է նաեւ Ադրբեջանի արտաքին ու ներքին քաղաքականությունը: Այսպես, 1994-ի աշնանըՙ հայտնի «Դարի պայմանագրի» կնքումից հետո, այդ երկրում Հեյդար Ալիեւի իշխանության օրոք նորից սկսեց վերածնունդ ապրել նավթային ոլորտը, ինչը, նկատենք, Ադրբեջանի միակ հարստությունն է: Եվ ադրբեջանցիներից շատերը համոզված են, որ նավթը նաեւ երկրի հզորության հիմքն է, սակայն այդպե՞ս է: Այսպեսՙ 1994-ից մինչեւ 2005-ը այդ երկրի նավթային տնտեսության մեջ ներդրվել է մոտ 13.6 մլրդ դոլար գումար: Այս ներդրումների առյուծի բաժինըՙ 9.5 մլրդ դոլար գումար, ներդրվել է Ադրբեջանի նավթային սեկտորի հավանաբար միակ հեռանկարային հանքահորումՙ այսպես կոչված, Ազերի-Չիարաք Գյունեշլի նավթային դաշտում: Այստեղից 2004-ից արդեն սկսել է նավթ հոսել դեպի միջազգային շուկաՙ այդ երկրում նավթի արդյունահանման ծավալը 2005-ին հասցնելով մինչեւ 22 մլն տոննա տարեկան: Ըստ հենց նույն այդ աղբյուրներիՙ 2004 թ.-ին Ադրբեջանի ածխաջրի արտահանման ծավալները կազմում էին ընդամնեը 15.5 մլն տոննա, այսինքնՙ աճը մեկ տարվա ընթացքում կազմել է մոտ 42.9 տոկոս: Այսպիսովՙ եթե դեռ 1997-ին Ադրբեջանի արտահանման ծավալում նավթը եւ նավթամթերքը կազմում էին ընդհանուրի 61 տոկոսը, ապա արդեն 2002-ին այդ թիվը հասավ 88 տոկոսի, իսկ ոչ նավթային մթերքների արտահանման ծավալը կրճատվեց 38.6 տոկոսից մինչեւ 8.7 տոկոսի: Այսինքնՙ կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանում բառացիորեն տեղի է ունենում այն տնտեսական էֆեկտը, ինչը ժամանակին տեղի էր ունեցել նավթով հարուստ մի շարք երկրներում. այսինքնՙ նավթամթերքի արտահանման ծավալների մեծացումը բերում է տնտեսության մյուս ճյուղերի ոչնչացմանը: Այսպեսՙ ըստ Ադրբեջանի վիճակագրության ծառայության տվյալներիՙ ալյումինի արտադրությունը 1990-ի 238 հազար տոննայի փոխարեն 1999-ին կազմեց 76 հազար տոննա: Կտորեղենի արտադրությունը 150 մլն քառակուսի մետրից նվազեց մինչեւ 0.8 մլն քառակուսի մետրի տարեկան, պահածոյացված մթերքների արտադրության քանակը տարեկան 653 մլն տուփից ընկավ մինչեւ 49 մլն տուփ: Այսպիսովՙ նկատելի է Ադրբեջանի ոչ նավթային սեկտորի ոչնչացումը, ինչին նպաստում են նավթի գների աննախադեպ աճը եւ նավթի արդյունահանման ծավալի մեծացումը այդ երկրում: Ադրբեջանի կախվածությունը նավթային գործոնից մեծացնում է նաեւ նրա կախվածությունը միջազգային հումքային սակարաններում նավթի գնից ու այդ գնի հնարավոր տատանումներից: Եվ պարադոքսալն այն է, որ ինչքան Բաքուն մեծացնում է իր արտահանման ծավալները, այնքան մեծանում է նաեւ նրա կախվածությունը նավթի գների տատանումներից, այսինքնՙ այնքան նրա տնտեսությունը ավելի խոցելի է դառնում եւ մեծանում է կախվածությունը նավթի նկատմամբ միջազգային պահանջարկից ու առաջարկից: Նավթային ոլորտում ներդրումների մեծացումը բերում է այդ երկրի ներքին համախառն արդյունքի աննախադեպ աճին, ինչը հատկապես նկատելի է վերջին մի քանի տարիներին: Սակայն, չնայած դրան, ներդրումները նավթային ոլորտում քիչ են ազդում երկրի բնակչության կենսամակարդակի վրա, քանի որ այդ ճյուղը լինելով բավականին ֆինանսատար, այսինքնՙ խոշոր ներդրումներ պահանջող, միաժամանակ նաեւ աշխատատար չէ: Այսպեսՙ 2002-ի տվյալներով, նավթային ոլորտը կազմում էր այդ երկրի ներքին համախառն արդյունքի մոտ 40 տոկոսը եւ չնայած դրանՙ այդ բնագավառում աշխատում էր Ադրբեջանի բնակչության ընդամենը 1 տոկոսը: Ադրբեջանը վաղուց արդեն վերածվել է, այսպես կոչված, «մեկ տնտեսության» երկրի: Եվ վերջին տարիներին աննախադեպ եկամուտները Ալիեւների կլանին հնարավորություն են տվել էլ ավելի ուժեղացնելու իր հզորությունը երկրի ներսում, կատարելով այն քայլերը, ինչը, որպես կանոն, հատուկ է բնական հումքով հարուստ բռնատիրական երկրներին. կրճատելով հարկերը կամ որոշ դեպքերում դրանք ընդհանրապես վերացնելովՙ պետությունը նվազեցնում է բյուջեի ձեւավորման գործում երկրի բնակչության ու գործարար խավի դերակատարումը, հետեւաբար նաեւ իր կախվածությունը այդ շրջանակներիցՙ այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Դրա փոխարեն պետությունն ակնկալում է մեծ մուտքեր նավթի արտահանման ծավալներից, հետեւաբար կախվածության մեջ է հայտնվում նավթային անդրազգային ընկերություններից, որոնք խոշոր ներդրումներ են կատարում այդ երկրի նավթային տնտեսությունում: Այսպես, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների, նավթի գնի անկումը, թեկուզ մեկ դոլարով, նշանակում է, որ Ադրբեջանը տարեկան կկորցնի մոտ 35 մլն դոլար գումար: Նկատենք, որ այս հաշվարկները արված են եղել 2000-ի համար, այսօր, երբ Ադրբեջանի արտահանման ծավալները եռակի ավելացել են, ապա այդ կախվածությունը, հետեւաբար նաեւ կորուստները, էլ ավելի են մեծացել: Այսպեսՙ անցած 2006 թ.-ի հուլիսից մինչեւ 2007թ.-ի հունվար միջազգային սակարաններում նավթի գնի աննախադեպ անկումը` մոտ 20-25 դոլարի չափով, Ադրբեջանի տնտեսության վրա, ամենահամեստ հաշվարկներով, կարժենա 2-3 մլրդ դոլար գումարի կորուստ, սա նշանակում է, որ բյուջեն չի ստանա մինչեւ 1 մլրդ դոլարի եկամուտ: Իսկ այդ ծախսերն արդեն հաշվարկված են երկրի 2007թ.-ի բյուջեում, ինչը նշանակում է, որ բացը լրացնելու համար պետությունն ստիպված է լինելու ավելացնել երկրի արտաքին ու ներքին պարտքի ծավալները: Նկատենք նաեւ, որ այս տարի Ադրբեջանում բենզինի, գազի, էլեկտաէներգիայի, ջրի եւ սրանից բխող առաջին անհրաժեշտության այլ արտադրանքի աննախադեպ թանկացումը կապված է հենց նավթային այս արդեն փաստ դարձած կախվածության ուժեղացման հետ:

Այսինքնՙ կարող ենք եզրակացնել, որ միջազգային սակարաններում նավթի գների աննախադեպ բարձրացումը, նավթի արդյունահանման եւ արտահանման ծավալների մեծացումը, դրանից բխող եկամուտների աննախադեպ աճն այդ հարստություններով հարուստ երկրներում բերում է.

ա) նավթային տնտեսության ոլորտի աննախադեպ աճի եւ որպես հետեւանքՙ տնտեսության մյուս ճյուղերի սնանկացման,

բ) ներքաղաքական համակարգում գործադիր իշխանության հզորացման եւ նրա կախվածության թուլացմանը ներքաղաքական զարգացումներից,

գ) պետական կառուցվածքային համակարգի կարեւորագույն ճյուղերից մեկի` հարկահավաքության ինստիտուտի ոչնչացմանՙ վերջինիս անհրաժեշտության բացակայության պատճառով,

դ) որպես հետեւանք կախվածության մեծացմանը հումքի արտահանումից ստացվող եկամուտներից,

ե) որպես հետեւանք անդրազգային ընկերությունների դերի ու ազդեցության մեծացմանը այդ երկրների տնտեսական եւ քաղաքական համակարգերի վրա,

զ) կախվածության մեծացմանը միջազգային նավթային սակարաններում նավթի գների տատանումներից:

Եվ այսպեսՙ վերը նշված 6 հիմնական մոտեցումները թույլ չեն տալիս պետական համակարգերի ձեւավորումը եւ, որպես կանոն, նմանատիպ երկրների կայացումը ` որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ միջազգային քաղաքական համակարգում: Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է նորաստեղծ պետությունների համար, որոնց տանում է դեպի բռնատիրական համակարգի ձեւավորում: Եթե նավթային հզոր պաշարներ ունեցող երկրները դեռ ի վիճակի են այս հարցերը լուծել եւ հաղթահարել ժամանակ առ ժամանակ նավթի գների անկման պայմաններում առաջացած ճգնաժամերը, ապա նավթի փոքր պաշար ունեցող երկրները, ինչպիսին են Կասպյան տարածաշրջանի պետությունները, դառնում են էլ ավելի խոցելի եւ նրանց կախվածությունը անդրազգային նավթային ընկերություններից եւ հումքային սակարաններում նավթի գներից էլ ավելի է մեծանում:

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4