ԼՂՀ անկախության հռչակումից ի վեր Արցախում համաժողովրդական քվեարկությամբ անցկացվել են 4 նախագահական ընտրություններ: Եվս մեկ նախագահական ընտրություն անցկացվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ` 1994 թ. դեկտեմբերի 21-ին: Բացի այդ, տեղի են ունեցել նաեւ 4 խորհրդարանական եւ 3 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ու 2 հանրաքվե` ԼՂՀ անկախության եւ սահմանադրության ընդունման վերաբերյալ: Վերոհիշյալ բոլոր մակարդակների ընտրությունների ու հանրաքվեների ամփոփ գնահատականը, որ տվել են նաեւ միջազգային դիտորդները, հատկանշվել է իբրեւ ազատ, արդար եւ թափանցիկ, ինչը իրական ժողովրդավարության ձգտող Արցախի համար վարկանիշային բավարար կշիռ է ապահովում:
Հերթական նախագահական ընտրություններն ավարտվեցին երեկ, եւ ինչպես հիմնականում նշում են տեղական ու միջազգային դիտորդները, դարձյալ ընդգծվում են իրենց դրական բնույթով: Ինչպես տեղեկացանք ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, եղել են մեկ տասնյակից ավելի խախտումների մասին բողոքներ, որոնք ստացվել են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շտաբից: Դրանք, սակայն, ԿԸՀ քարտուղար Ռայա Նազարյանի բնութագրմամբ` չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Այս վերջին ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք անցկացվել են երկրի հիմնական օրենքի` սահմանադրության առկայության պայմաններում: Հիշեցնենք, որ ԼՂՀ սահմանադրությունն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 10-ի համաժողովրդական քվեարկությամբ:
Թե՛ ընտրողների մասնակցության քանակով եւ թե՛ դիտորդների թվով հուլիսի 19-ի նախագահական ընտրությունները եւս առանձնահատուկ կարելի է համարել, որովհետեւ ընտրողների ակտիվությունն այս անգամ առավել մեծ էր, իսկ դիտորդների գնահատականներն` ավելի բարձրանիշ: Վերջին տվյալներով, որոնք, հնարավոր է, հետագայում կհամալրվեն նոր ցուցանիշներով, ընտրություններին մասնակցել է 60267 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 65.71 տոկոսը: Ուշագրավ է, որ ի տարբերություն քաղաքական նմանատիպ մյուս միջոցառումների` Ստեփանակերտ քաղաքում ընտրության մասնակիցների թիվն այս անգամ զգալիորեն շատ է եղել, ինչը վկայում է երկրի ապագայի հանդեպ մայրաքաղաքի բնակիչների պատասխանատվության աստիճանի բարձրացման մասին:
Գերմանացի դիտորդներից մեկն իրենց մոտ տեղի ունեցող ընտրությունների հետ համեմատության մեջ դիտարկելով` արցախյան ընտրությունները գնահատել է կատարյալ, իսկ Չեխիայից ժամանած իրավապաշտպան Յանա Հրադիլկովան, որը դիտորդական առաքելությամբ մասնակցել է մի շարք երկրներում (այդ թվում` չճանաչված) անցկացված ընտրություններին, ղարաբաղյան ընտրությունները միանշանակ գնահատել է լավագույններից մեկը:
ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը նույնպես բարձր գնահատելով ընտրությունները, համոզմունք է հայտնել, որ նորընտիր նախագահը պատվով կկատարի իր պարտականությունները` շարունակելով ու զարգացնելով ԼՂՀ-ում ձեւավորված ժողովրդավարության ավանդույթը:
Երեկ երեկոյան ժամը 8-ին, համաձայն ընտրական օրենսգրքի պահանջների, բոլոր 278 ընտրատեղամասերում փակվել են քվեատուփերը եւ սկսվել է քվեների հաշվումը: Նախնական արդյունքները հայտնի կլինեն արդեն այսօր` փաստելով այն անձի անունը, որն առաջիկա 5 տարիներին կստանձնի սահմանադրությամբ իրեն վերապահված քաղաքական պատասխանատվությունը երկրի ներսում եւ արտաքին հարաբերություններում:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ