Ադրբեջանում հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտվել են եւս 3 զինծառայողներ: «Ռեգնում» գործակալությունը հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին, նշում է, որ ռազմական դատարանում ավարտվել է Ֆիզուլիի շրջանի N զորամասի երեք զինծառայողների դատը, որոնք հենց մեղադրվում են հայրենիքի դավաճանության մեջ: Զինծառայողներից Էլչի Ահմեդովը դատապարտվել է 14 տարվա, Ռամին Մամեդյարովըՙ 13, Աղասալիմ Սալիմովըՙ 12 տարվա ազատազրկման:
Մեղադրող կողմի պնդմամբ, անցյալ տարվա հուլիս-հոկտեմբեր ամիսներին նշված անձինք գտնվելով պահակակետում, «շփումներ են ունեցել հայերի հետ, նրանց փոխանցել պետական նշանակության ռազմական գաղտնիքներ, պահեստային զորագնդի, դրա հրամանատարության եւ անձնակազմի մասին տեղեկություններ»:
Ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ հայրենիքի դավաճանության հոդված է կիրառվում նաեւ այն դեպքում, երբ նրանք որեւէ պատճառով լինում են հայկական կողմում: Դրա համար էլ երբեմն ադրբեջանցիներն ուղղակի Հայաստանում հայտնվելուց հետո չեն ցանկանում վերադառնալ Ադրբեջան: