Ցեղասպանության վերաբերյալ հին գրքի նոր հրատարակությունը
Հայոց ցեղասպանության մասին եվրոպական հասարակության համար 1915-1918 թթ. գրված առաջին «Քո եղբոր արյունը ճչում է» վերնագրով եռագրությունը անգլերենի է թարգմանել եւ հրատարակել է Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտը, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
Գրքի հեղինակը դանիացի Ինգա Անրիետ Լուսինդ Քոլինզն է, որն ամուսնանալով հայի հետ, դարձել է Ինգա Նալբանդյան: Եռագրության առաջին մասը նա գրել է, երբ ապրում էր Կոստանդնուպոլսում: Շարունակությունըՙ հետագայում: Դանիայում ամբողջական գիրքը վերահրատարակվել է հինգ անգամ: Թարգմանվել է շվեդերեն, հոլանդերեն եւ ֆրանսերեն: Ինգան համագործակցել է եվրոպացի հայտնի ֆեմինիստների (օրինակ, Հեննի Ֆորխհամմերի) եւ Ազգերի լիգայի պատվիրակների հետ, օգնել ցեղասպանությունից փրկվածներին:
Գիրքն անգլերեն է թարգմանել, խմբագրել եւ ներածականը գրել Վիկտորյա Ռոուն: Նա 2000 թվին Տորոնտոյի (Կանադա) համալսարանում դոկտորական է պաշտպանել «Հայ կանանց գրություններն Օսմանյան կայսրությունում 1880-1915 թթ.» թեմայի շուրջը: Ներկայում դասավանդում է Տոկիոյի (Ճապոնիա) Չուո համալսարանում:
Երեք հարյուր չորս էջանոց գիրքն ունենալ ցանկացողները կարող են այցելել «info@garodbooks.com» կամ «info@gomidas.org» կայքերը: Գրքի հեղինակային համարն է ISBN: 978-1903656716, արժեքըՙ 25 դոլար կամ 14 ֆունտ ստեռլինգ:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ