Տեղեկացրեց ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների չափորոշիչները սահմանելու մասին»: Այսպիսի որոշում է երեկ ընդունել կառավարությունը, որը, ինչպես հայտնեց ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը, կսկսի գործել մեկ-երկու ամսից:
Աճուրդով կարող են վաճառվել 84 տեսակի պետհամարանիշներ: Դրանք բաժանվելու են երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրի մեկնարկային գինը լինելու է տարբեր: Ամենաթանկ համարանիշների մեկնարկային գինը կկազմի համարանիշների համար սահմանված պետտուրքի (12 հազար դրամ) 100-պատիկը, այնուհետեւ 50-պատիկը եւ 20-պատիկը: Աճուրդում հավելման չափը կլինի 120 հազար դրամ: Հնարավոր են նույն թվով, բայց տարբեր տառերով 16 տեսակի պետհամարանիշներ:
Արդեն իսկ նման համարանիշներ ունեցող մեքենաների սեփականատերերը կպահպանեն այդ համարները, քանի դեռ չեն ցանկանա փոխել ավտոմեքենան: Ավտոմեքենան փոխելիս, նրանց հնարավորություն է տրվում վճարել աճուրդի մեկնարկային գինը եւ պահպանել համարանիշը: Եթե քաղաքացին ցանկանում է ստանալ ցանկալի համարանիշ, որն ընդգրկված չէ աճուրդի ենթակա համարների ցանկում, ապա պետք է վճարի 60 հազար դրամ պետտուրք:
Իսկ եթե քաղաքացին որեւէ նախընտրություն չունի այս կամ այն թվերը պարունակող համարանիշ ձեռք բերելու, ապա կարող է վճարել համապատասխան պետտուրքըՙ 12 հազար դրամը, եւ ստանալ իրեն հասանելիք համարանիշը: Իշխան Իշխանյանը հայտնեց նաեւ, որ համարանիշը փոխանցել մեկ ուրիշին կամ ժառանգել չի թույլատրվում եւ այդ դեպքում արդեն դրվում է մրցույթի:
Աճուրդով վաճառվող պետհամարանիշներից ստացվող գումարի 70 տոկոսը կուղղվի ճանապարհային ոստիկանության բարեփոխումների իրականացմանն ու անհրաժեշտ նոր սարքավորումների ձեռքբերմանը, իսկ 30 տոկոսըՙ համակարգի աշխատակիցների աշխատավարձերի ավելացմանը:
«Դիմում էին ինձ, տալիս էի»
Այսպես պատասախանեց Իշխան Իշխանյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե մինչ աճուրդների կարգը ուժի մեջ մտնելը կրկնվող համարանիշներն ինչպե՞ս էին տրամադրվում: Այդ պատասխանը արտառոց թվաց, ուստի փորձեցինք ճշտել, թե ի՞նչ չափորոշիչներով ղեկավարվելով էր ճանապարհային ոստիկանության պետը տրամադրում այդ համարանիշները: Ի պատասխան մեր հարցի, նա ասաց, որ դիմողները խնդրում էին տրամադրել իրենց հետաքրքրող համարը եւ ինքը տրամադրում էր, ինչը «օրենքով արգելված չէր»: Հավանաբար Իշխան Իշխանյանը այդ համարանիշները տրամադրել է հենց այնպես, ընկերաբար, առանց որեւէ ակնկալիքի...