«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


Ժ. ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՂ ԵՆ «ՓՆՏՐՈՒՄ»

Որ կայանա հասարակական դատը

«Հայ կամավորների համախմբում», «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնություններ համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ու նույն նախաձեռնությունների անդամ Վարդան Մալխասյանն օրեր առաջ հայտարարել էին, որ իրենք պատրաստ են իրենց գործով բոլոր մանրամասները տրամադրել նրան, ով կցանկանա իրենց գործով հասարակական դատ կազմակերպել: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը եւ նրանց գաղափարակից-ընկեր Վահան Արոյանը մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերով, ինչպես նաեւ ապօրինի հրազեն պահելու համար: Այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ընթանում է նրանց դատավարությունը, ինչին զուգահեռ էլ ամբաստանյալները հասարակական դատ կազմակերպելու ցանկություն են հայտնել:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ Սեֆիլյանի եւ Մալխասյանի հայտարարությանն արդեն արձագանքել են ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, Ռուբեն Թորոսյանը եւ այլք: Քաղաքական քարտուղարի խոսքով, ատենակալների թիմ ձեւավորելու համար այժմ իրենք մեղադրող են փնտրում, ով կպաշտպանի մեղադրող կողմի դիրքերը: Արմեն Աղայանի խոսքով, իրենք հրավիրում են բոլոր այն կուսակցությունների ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին, ովքեր համոզված են, որ Սեֆիլյանին եւ Մալխասյանին ներկայացված մեղադրանքում իսկապես քրեական տարրեր կան ու պատրաստ են պաշտպանել իրենց ներկայացված մեղադրանքը: Ասուլիսին հրավիրված մեղադրյալների երեք փաստաբաններից Վահե Գրիգորյանն էլ ընդգծեց, որ հասարակական դատի կազմակերպումը մի ձեւ էՙ ցույց տալու, որ հասարակության տրամադրությունները գրեթե միշտ հակասությունների մեջ են իշխանությունների վարվելակերպի հետ:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբաններ Արա Զաքարյանը, Վահե Գրիգորյանը, ինչպես նաեւ Վարդան Մալխասյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն անդրադարձան իրենց պաշտպանյալների գործով ընթացող դատավարության ընթացքին: Ըստ փաստաբանների, քրեական գործում կան հակասություններ: Օրինակ, Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք պահելու համար: Փաստաբանների խոսքով, սակայն, իրենք դատարանին փաստաթուղթ են ներկայացրել, համաձայն որի Սեֆիլյանին զենքը տրամադրել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը 1988 թ.: Մեղադրող կողմն էլ փաստաթուղթ է ներկայացրել, թե զենքը հաշվառված է ՀՀ ՊՆ-ում եւ ծառայությունից հետո պետք է վերադարձվեր: Սեֆիլյանի փաստաբաններից Վահե Գրիգորյանը զարմանում է, քանի որ Սեֆիլյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում չի ծառայել, բացի այդ էլՙ իր ծառայությունն ավարտել է 8-9 տարի առաջ:

Փաստաբանները հատկապես սրտնեղել էին այն հանգամանքից, որ չեն կարողանում իրենց ցանկացած պահին միջնորդություն ներկայացնել դատարանին: Հիշեցնենք, որ դատավարությանը հետեւող «Ազգը» անդրադարձել է հարցին, որ փաստաբանները բազմիցս ցանկացել են դատարանին միջնորդություն ներկայացնել իրենց պաշտպանյալների կալանքը գրավով փոխարինելու մասին: Բայց դատարանը կամ հետաձգում էր միջնորդությունների առիթը տալու հնարավորությունը, կամ էլՙ ներկայացման դեպքում միջնորդությունը համարում ոչ ճիշտ պահին հարուցվածՙ թողնելով առանց քննության:

Ինչեւէ, Սեֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի գործով դատավարությունը շարունակվելու է հուլիսի 24-ին, որի ժամանակ նախատեսվում է լսել վկաներին:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4