«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ԿՐԿԻՆ ԱՂԻՔԱՅԻՆ ՑՈՒՊԻԿՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԽՎԱԾՔԱԲԼԻԹԻ ԵՎ Hilux ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՆ ԻՐԻՍԻ ՄԵՋ

Հայ քաղաքական գործիչներն առայժմ անտեսում են սպառողների շահերը

Կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրում առաջին անգամ առանձնացվել է սպառողների շահերի պաշտպանության բաժինը: Սա իրապես մեծ ձեռքբերում կարելի է համարել, նկատի առնելով, որ տարիներ շարունակ սպառողների 6-7 կազմակերպությունների տարբեր կարգի աղմուկներն ու զգուշացումները (դրանք այն դրական արդյունքն ունեցան, որ սպառողը գոնե իրազեկ դարձավ) դատարկ կրակոցի արժեք ունեին:

Մի շաբաթ առաջ, հուլիսի 12-ին կառավարությունը հաստատեց վտանգավոր սննդամթերքի եւ սննդային հավելումների օգտահանման եւ ոչնչացման կարգը: Սա հաջորդ ձեռբերումը կարելի է համարել: Այս նախագծի բացակայության հետեւանքն այն էր, որ նույնիսկ հայտնաբերված պարսկական, թուրքական, չինական եւ այլ ծագման բազմաթիվ անպետք սննդամթերքներ նորից շրջանառության մեջ էին մտնում, վաճառողին կամ ներկրողին տուգանելուց զատ այլ բան չէր արվում: Ապրիլից գործի անցած` գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունն արդեն չի սահմանափակվի միայն տուգանքով եւ այդպես վարվելու իրավունք էլ չի ունենա: Նա ըստ սահմանված կարգի, պարտադրելու է օրինախախտին, որպեսզի վերջինս սեփական միջոցներով ոչնչացնի կամ վերամշակի սննդամթերքը: Սակայն նոր կարգը, եթե կարելի է այդպես ասել, դեռեւս կիսահում վիճակում է: Դեռ հանձնաժողով պիտի ստեղծվի տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, բնապահպանության նախարարության ներկայացուցիչներից: Դեռ պիտի պարզվի, թե ինչ սկզբունքներով ու մեթոդներով է իրականացվելու նախագիծը: Նոր կարգը կոնկրետ մեխանիզմներ չի նշում:

Սակայն «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն ասում է, որ մերժված սննդամթերքի որոշ տեսակներ կարելի է օգտահանել, ջերմային մշակման ենթարկել եւ օգտագործել որպես անասնակեր: Ամեն դեպքում այս բոլոր միջոցառումների իրականացումը տուժողի հույսին թողնելը ճիշտ չի լինի, եւ հավանաբար, առաջիկայում անպայման կստեղծվի հատուկ մասնագիտացված կազմակերպություն, որն օրինախախտի միջոցներով կիրականացնի ոչնչացումը կամ օգտահանումը: Դրա համար եւս, բնականաբար, լրացուցիչ միջոցներ են պետք: «Մենք աշխատում ենք, որ անպայման նոր, գալիք բյուջեում որոշակի գումար նախատեսվի սննդամթերքի փորձաքննության եւ ոչնչացման համար, հատուկ այն դեպքերի համար, եթե վաճառողը հրաժարվի ոչնչացնել այն կամ տվյալ պահին ոչնչացնելու անհրաժեշտ գումարը չունենա: Հետագայում այդ գումարը նրանից կգանձվի դատական կարգով»:

Ի դեպ, 2005 թվականի դեկտեմբերին սպառողների հենց այս կազմակերպությունն է հեղինակել նոր նախագիծը: Այն բավական երկարատեւ ոդիսական է անցել, ճանապարհորդել տարբեր նախարարություններով ու գերատեսչություններով, միայն անցած տարի ընդգրկվել կառավարության այս տարվա գործունեության ծրագրում ու հաստատվել` հուլիսին:

Հուլիսի 1-ից, նաեւ առանց հայերեն մակնշումների սննդամթերքի մուտքն արգելվեց շուկա, որ շատ ավելի հեշտացնելու է մաքսանենգ կամ պարզապես անվտանգության նորմաներին չհամապատասխանող սննդամթերքի հայտնաբերումը:

Սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունը շարունակում է պարբերաբար փորձաքննության ենթարկել մեր շուկայի տարբեր սննդատեսակներ: Օրերս հայտնի դարձան դարձյալ 9 սննդատեսակների հետազոտության արդյունքները, եւ այս անգամ 2-ի մեջ է հայտնաբերվել անվտանգության կանոնների կոպիտ խախտում` աղիքային ցուպիկների բարձր պարունակություն: Դա նշանակում է, որ լիովին իրական է վտանգը, որ այդ քաղցրեղենն օգտագործող երեխաները կարող են վարակվել աղիքային տարբեր հիվանդություններով: Հետազոտված բոլոր սննդատեսակները մակնշումների խախտումներ ունեն, իսկ մեկի վրա անգամ մի տառ չկա ոչ միայն հայերեն, այլեւ որեւէ այլ լեզվով: Ակնհայտ է, որ դրանք երկիր են մտել մաքսանենգ ճանապարհով:

Աբգար Եղոյանը նշում է, որ մեր շուկայում կրկին աշխուժացել են առանց սերտիֆիկատի եւ մակնշումների թուրքական ապրանքները: Մի ժամանակ դրանց մուտքը համարյա ամբողջությամբ կրճատվեց, բայց ինչպես սովորաբար լինում է, որոշ ժամանակ անց կրկին ներխուժեցին շուկա` ճշգրիտ հաշվարկ անելով սպառողի եւ վերահսկողի թույլ հիշողության վրա:

Ի դեպ, եվրոպական երկրներում, քաղաքական գործունեության եւ ընդհանրապես նախընտրական ծրագրերում սպառողների շահերին առնչվող խնդիրներն առաջին տողերում են, եւ քաղաքական գործիչները հաշվետու են իրենց ընտրողների առջեւ ամենից առաջ այդպիսի խնդիրների համար: Դրանք արտացոլվում են նույնիսկ նախագահական ընտրությունների թեկնածուների ծրագրերում:

Մեզանում այդպիսի պրոբլեմները նոր-նոր մտնում են իշխանական միջանցքներ: Զարմանալի է, որ մեր քաղաքական գործիչները Եվրոպային նմանվելու այս կարեւոր կետը գլխի չեն ընկնում նմանակել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4