Ժամանակին մեր ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները թաղվում էին Սովետաշենի գերեզմանոցից վերեւ, հոգեբուժական հիվանդանոցին մերձակա տարարծքում: 70-ական թվականներին, տեղանքի մեծ սողքի պատճառով թափոնների գերեզմանոցը տեղափոխվեց ատոմակայանի տարածք, ուր այսօր կուտակվում են նաեւ հանրապետության այլ ձեռնարկությունների ռադիոակտիվ նյութեր պարունակող թափոնները: Հատուկ գերեզմանոցը կառուցվեց ֆրանսիական «Ֆրամատոմ» ֆիրմայի օգնությամբ: Սակայն այն այսօր էլ մնում է որպես ժամանակավոր պահեստարան:
Խորհրդային տարիներին Մոսկվան առաջարկում էր Արարատյան դաշտի արտեզյան ջրերի աղային շերտերում ստեղծել ռադիոակտիվ թափոնների տարածաշրջանային գերեզմանոց: Այստեղ պետք է թաղվեին նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի ռադիոակտիվ թափոնները: 800 մ խորության մեջ, ջրի հոսքի ճնշման տակ աղաշերտը պիտի լուծվեր եւ առաջացած խոռոչների մեջ պետք է լցվեին թափոնները: Սակայն այդ շերտերն անմիջապես Արարատյան արտեզյան ջրավազանի տակ էին, այսինքն` հատուկ միջոցներով փաթեթավորված թափոնները սկզբում պետք է անցնեին արտեզյան ջրավազանով, հետո միայն հասնեին աղային շերտին: Եվ ոչ մի երաշխիք, որ դրանք չէին խրվի, մնա արտեզյան ավազանում, իսկ վերահսկման ոչ մի մեխանիզմ չկար: Բարեբախտաբար, մասնագետների բարձրացրած աղմուկը խոչընդոտեց վտանգավոր ծրագրի իրականացմանը: Այնուամենայնիվ, մինչ այսօր էլ հարցը սկզբունքային լուծում չի ստացել: Այսօր Ռուսաստանն այլեւս չի վերցնում Հայաստանի ատոմակայանի` բարձր ակտիվությամբ թափոնները: Եթե Խորհրդային տարիներին Հայաստանից դուրս էին բերվում բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները, հիմա դրանք էլ թաղվում են ցածր ու միջին ակտիվությամբ թափոնների հետ: Բարձր ակտիվությամբ թափոնները պիտի թաղվեն ավելի երկարատեւ ժամանակի համար, որը շատ ավելի թանկ հաճույք է: Հանրապետության տարածքում այդ խնդիրը հնարավոր չէ լուծել ոչ միայն ֆինանսների բացակայության, ոչ միայն մեր երկրի փոքր տարածքի, այլեւ այս կարգի թափոնների թաղումներին ներկայացվող բարձր ստանդարտների պատճառով: Դրանք որքան հնարավոր է պետք է հեռու լինեն գրունտային ջրերից, արտեզյան ավազաններից եւ բնակավայրերից: Իսկ սեյսմակտիվության վերաբերյալ պահանջը, բնականաբար, ամենակարեւորներից է: Հիշենք, որ Հայաստանի տարածքը համարյա ամբողջությամբ սեյսմակտիվ է:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ