«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ՎՃՌՈՂԸ ՇՈՒԿԱՆ Է, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Ի՞նչ են տպում, ի՞նչ ենք կարդում կամ չենք կարդում

Հայաստանաբնակներից շատերի գրապահարանի ծանրաբեռնվածությունը տուրք է խորհրդային տարիներին գիրք գնելու մոդային: Այսօր չկա մոդան, ոչ էլ, բնականաբար, տուրքը: Միլիոնավոր տպաքանակներով հրամցվող դասական ու ամենատարբեր գրականությունն էլ չկա, ընթերցողների թիվը եւս մեծապես պակասել է: Վճռողը շուկան է, բայց գրահրատարակչության քաղաքականության վճռումը վստահաբար շուկային թողնելիք չէ: Գրահրատարակչության եւ ընթերցանության պատկերի մասին «Ուրբաթ» ակումբում վերջերս կարծիք հայտնեցին գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդուարդ Միլիտոնյանը, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանն ու «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը: Բանախոսներից միայն առաջին երկուսի իրականությունն էր նույնը: Այդ իրականությունում ժամանակակից ողջ արժեքավոր գրականությունը տպագրվում ու հրամցվում է ընթերցողին, պետպատվերով տպագրվող գրականությունն էլ որոշվում է պատկառելի ժյուրիի հստակ չափանիշներով, լրատվամիջոցներն էլ ամենեւին համաքայլ չեն տպագրվող գրականությունը ներկայացնելու հարցում:

Մյուս բանախոսիՙ Խաչիկ Վարդանյանի իրականությունում վիճակը հետեւյալն է. «Մշտապես էլ կան ընթերցողներ հասարակության տարբեր շերտերում: Այսօր էլ կարդում են ամեն ինչ եւ ամենավերջում գեղարվեստական գրականություն: Դրան ե՛ւ ժամանակ չի մնում, ե՛ւ ժամանակակից արժեքավոր հայ գրականություն չի ստեղծվում, համենայնդեպս ընթերցողին չի հասնում, օտարալեզու ժամանակակից գրականությունն էլ քիչ է թարգմանվում, չնայած պետությունն այս հարցում անում է հնարավորինը: Կա նաեւ մեկ այլ խնդիրՙ Հայաստանում տպագրությունն ավելի թանկ է, քան դրսից ներմուծվածը»: Գրահրատարակչական գործակալությանը տարեկան տրամադրվող 132 միլիոն դրամից մի պատկառելի մասը տրամադրվում է թարգմանություններին, սակայն այստեղ խնդիրը միայն ֆինանսական չէ, ինչպես փաստեց Էդուարդ Միլիտոնյանը, այլեւ մասնագետների պակասը. «Եթե այլ լեզուներից հայերեն թարգմանող մասնագետների պակաս չկա եւ արած գործն էլ բարձրակարգ է, ապա հայերենից այլ լեզուներով թարգմանության դեպքում պատկերը ճիշտ հակառակն է»: Իսկ ժամանակակից հայ գրականության եւ ընթերցողին հասու լինելու մասին բանախոսների կարծիքների հակադրության պատճառը ժամանակակցին տարբեր ժամանակագրությամբ տեսնելն է. «Հայ ժամանակակից տասնյակ գրողներ Հայաստանից դուրս արդեն վաղուց մեծ համբավ ունեն եւ դրա մերժումը արդեն ծիծաղելիության աստիճանի անտեղի սովորության է վերածվել», հայտարարեց Էդուարդ Միլիտոնյանն ու հավելեց, որ մեր ժամանակակից գրողներիՙ Աղասի Այվազյանի, Պերճ Զեյթունցյանի, Ալվարդ Պետրոսյանի եւս մի քանի վաստակաշատ ստեղծագործողների ճանաչումն ու գործերի արժեքավորությունը չի կարելի մերժել: Վերջինին հակառակվելը կարճամտություն կլիներ, սակայն իրականություն է նաեւ այն, որ գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդուարդ Միլիտոնյանն ավելի երիտասարդ սերնդի հայ գրողների անուններ չկարողացավ թվարկել: Մինչդեռ կարելի էր պարզապես մամուլին հետեւելով նկատել գուցե ոչ շատ, բայց ավելի երիտասարդ ստեղծագործողների արժեքավոր գործեր: Փոխարենը բանախոսը հայտարարեց. «Գրողների միությունից դուրս տաղանդավոր գրող թերեւս չկա: Եվ չկա պետպատվերով հրատարակման ներկայացված լավ գիրք, որ տպված չլինի»: Իսկ տպագրության արժանացնելու չափանիշները, որ ըստ Միլիտոնյանի հստակված են, գրական աշխարհի դրական արձագանքն է, գրախոսականներն ու ասպարեզի պատկառելիների կարծիքները, որոնք գումարվում են ու դառնում վճռորոշ: Համենայնդեպս այդպես ներկայացվեց երեկվա հանդիպման ընթացքում եւ փաստվեց, որ պետպատվերով տպագրվում է դասական, ժամանակակից, մանկական գրականություն, իսկ վերջին 5 տարիներին նաեւ գրական ալբոմներ հիմնականում երեք լեզուներովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն, երբեմն անգլերենը փոխարինվում է այլ լեզվով: Լայն համագործակցության արդյունքում Հայաստանում հրատարակվող գրքերը գրքի հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներում արժանանում են դրական կարծիքների ու մրցանակների եւ այս տարի էլ ակնկալիք կա: «Հայկական գրքի միջազգային ցուցահանդեսներում ներկայացումը արդեն լայն աշխարհագրություն ունի եւ դրական արձագանքՙ մրցանակներով հաստատված», փաստեց գրահրատարակիչների ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը:

Իսկ գրքի վաճառքը Հայաստանումՙ մասնավորապես Երեւանում կազմակերպվում է ոչ ավելի քան 10 գրախանութներում եւ 100-ից ավելի մասնավոր գրավաճառների միջոցով, մինչդեռ խորհրդային տարիներին Երեւանում գործել է 67, Գյումրիում 12, Վանաձորում 7 գրախանութ: Առկա պատկերը հուսադրող չէ, բայց ե՛ւ շուկայի թելադրանքն է, ե՛ւ պետական մոտեցման պակասի արդյունք:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4