Սեն-Սանսի «Սամսոն եւ Դալիլա» ստեղծագործության արդիականացված կինոտարբերակում «Օպերա Սպանգայի» գեղարվեստական ղեկավար ու մենեջեր Կորինա վան Էյքը սատրապ Աբիմելեքի դերում նկարահանել է փարիզաբնակ օպերային երգիչ Մուրադ Ամիրխանյանին: Ֆիլմի պրեմիերան կկայանա հուլիսի 25-ին, Հոլանդիայում, մինչ այնտեղ մեկնելը երգիչը Հայաստան է եկել նոր մտահղացումներով ու ծրագրերով: «Ուրբաթ» ակումբում երեկ ոգեւորությամբ խոսում էր իր լավ բարեկամ, օպերային երգչուհի Հասմիկ Հացագործյանի հետ Երեւանի կամերային երաժշտության տանը հոկտեմբերին կայանալիք համերգի ծրագրից: Միասին կկատարեն Ստեփան Ջրբաշյանի «Քնարականը»ՙ մեղեդային, սրտամոտ, սակայն մեզանում գրեթե մոռացված երգը, Բեռլիոզի «Քրիստոսի մանկությունը» օրատորիանՙ Հասմիկ Հացագործյանի դաշնամուրային նվագակցությամբ: Հաջորդ տարի նախատեսում է Երեւանում անցկացնել «Գոհար Գասպարյան» վոկալիստների միջազգային մրցույթը:
Ավյունով ու կենսախնդությամբ լի Մուրադը ծնվել է Գյումրիում, Փարիզ տեղափոխվել է 2001 թվականինՙ Երեւանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտելուց հետո, նպատակ ունենալով վարպետության դասեր առնել Ֆրանսիայի օպերային արվեստի վարպետներից, նրանց հետ շփվելով տարածել հայկական երգարվեստը: «Մուրադ Ամիրխանյանը ոսկե ձայն ունի», ասել է հանրահայտ երգչուհի Կարոլինա Դյուման: Նա կատարելագործվել է Փարիզի Ecol Normale de Musique-ում եւ Schola Cantorum-ում, հետեւել` Ժոզե վան Դամի, Ռենատա Սկոտտոյի, Միրեյ Ալկանտարայի, Դոլթոն Բոլդուինի եւ անվանի այլ դեմքերի վարպետության դասերին, մի շարք մրցանակների արժանացել, Ֆրանսիայով մեկ մշտապես համերգային ելույթներ ունենալուց բացի, վերջին տարիներին հանդես է եկել Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Հարավային Կորեայում եւ այլուր: Բաս-բարիտոնի նրա երգացանկն ընդգրկում է դասական հայտնի օպերային դերերգերից մինչեւ ռոմանսներ եւ հայկական երգեր: «Օտարների համար հայկական երգը չափազանց ջերմ է, ունկնդրում են կլանված, ծափահարումՙ ինքնամոռաց, թեպետ ոչ մի բառ չեն հասկանում: Ֆրանսիայում ուսանելը ինձ շատ բան է տվել, իհարկե, դժվարություններ եղել են, սակայն մրցակցության պայմաններն այնտեղ ավելի ազնիվ են, հիվանդագին դրսեւորումներ չկան: Ամենակարեւորը, հաշվի են առնվում երգչի կարողությունները, ինչպես գյումրեցիներն են ասումՙ տաշած քարը գետնին չի մնում: Օժտված, տաղանդավոր մարդը միջոցներ գտնում է ուղիներ հարթելու, դրա համար էլ Հայաստանից արվեստագետների հոսք կա դեպի դուրս», «Ազգի» հետ զրույցում ասաց Մուրադը: Ստեղծագործական բարձունքների հասնելու կարեւոր պայման է նա համարում արվեստագետի բարոյական նկարագիրը, համոզված, որ վատ մարդը անկարող է լավ արվեստագետ լինել:
Ֆրանսիական եւ օտարալեզու մամուլը, արձագանքելով Մուրադ Ամիրխանյանի ելույթներին, մատնանշել է նրա բացառիկ ձայնն ու բեմական ձիրքը, մեծ երաժշտականությունը, նրբազգաց մեկնաբանություններն ու կատարման դրամատիզմը:
Սեն-Սանսի օպերայի կինոտարբերակն արդեն երկրորդ ֆիլմ-օպերան է, որտեղ հանդես է գալիս երգիչը: Երեք տարի առաջ Կորինա վան Էյքը նրան հրավիրել էր «Օպերա Սպանգա»-ին. Վերդիի «Ռիգոլետտո»-ի էկրանացման մեջ, ուր Ամիրխանյանը մեծ հաջողությամբ կատարեց Սպարաֆուչիլեի դերերգը: Ի դեպ, սա Հոլանդիայում ստեղծված առաջին ֆիլմ-օպերան է:
Wikipedia հայտնի էլեկտրոնային հանրագիտարանը մեր հայրենակցին ներկայացնում է որպես իր սերնդի ամենախոստումնալից արտիստներից մեկը միջազգային ասպարեզում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ