«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ՀԻԼ ԹԱՆԳԱՐԱՆԻ «ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԽՆԴՐԻ ԵՐԿՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Առաջին. սրան վերաբերող մեր նախորդ հրապարակման («Մատենադարան-«Հիլ» «սկանդալ»-ացումը». «Ազգ - Մշակոյթ», 14 Յուլիսի 2007 թ.) մէջ Հիլ թանգարան-գրադարանի կայքէջից քաղուած մի տող օրերս փոխուել է. «Catalogue does not include: Three purchased microfilms from Yerevan, Armenia, and one from Subiaco, Italy» («Ցուցակը չի ընդգրկում. Երեւանիցՙ Հայաստան, գնուած երեք ժապաւէններ, եւ մէկը Սուբիակոյից, Իտալիա»). մի քանի օր առաջ այս «microfilms» բառի տեղում «manuscripts» էրՙ «ձեռագրեր»: Ուզում ենք հաւատալ Հիլի պաշտօնեաներին, որոնք իրենց ուղղուած հարցումներին ի պատասխան հաւաստիացրել են, թէ Հիլ թանգարանն իրական (բնագիր) ձեռագրեր չունի. «ձեռագրեր» բառի «միկրոֆիլմեր»ի վերածուելն էլ, կարծում ենք, նշանակում է, որ իրենց համացանցային ցուցակում չներկայացուած այս երեք ժապաւէնները եւս, միւս երկուսի նման, ձրի ստացել են Մատենադարանից (ափսոս որ համարները չիմանալով չենք կարող պարզել, թէ ե՞րբ եւ ո՞ւմ պատուէրով են պատրաստուել սրանք): Իսկ եթէ նրանք Երեւանից բնագիր ձեռագրեր են գնել, ինչպէս հաւատացած են ոմանք, ուրեմն եւ ուղղումն արել են այստեղ ընթացող եւ անպայման իրենց ականջին հասնող խօսակցութիւնների ճնշման տակՙ իրական ձեռագրեր թաքցրած լինելու նպատակով, ապա դա արդէն վերաբերում է ո՛չ թէ Մատենադարանին, այլՙ «ինտերպոլ» եւ նման այլ հասկացութիւնների:

Սակայն, այստեղ էլ կայ մտածել տուող մի այլ իրողութիւն. ԱՄՆ-ի շատ հաստատութիւններ հայերէն ձեռագրեր ունեն (ո՛չ ճշգրիտ հաշուովՙ 500-ից աւելի), եւ չեն թաքցնում այդ, միաժամանակ պարզ է, որ դրանք Երեւանից չեն գնուած: Նոյն ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում ծագումով երզնկացի Յարութիւն Քիւրտեանն իր 19-ամեայ հասակից (1919 թ.) սկսած ձեւաւորեց հայերէն ձեռագրերի 300 միաւորից կազմուած շատ արժէքաւոր մի հաւաքածու եւ կեանքի մայրամուտին (1976 թ.) այն նուիրեց Վենետիկի Մխիթարեանց Մատենադարանին: Արդ, այս ամէնի հենքի վրայՙ Հիլ թանգարանն ինչո՞ւ պէտք է թաքցնի իրՙ հայերէն ձեռագրեր ունենալը. այսինքնՙ հակուած ենք մտածելու, որ նրանց ունեցածն իսկապէս ժապաւէններ են:

Երկրորդ. նոյն յօդուածում ժամանակագրօրէն ներկայացրել էինք մեր բանաւոր (հեռուստատեսային) եւ գրաւոր (լրագրային) մամուլի մէջ Հիլ թանգարանի «Երեւանից գնուած երեք ձեռագրի» խնդրի արծարծումը, այն սկսելով եւ աւարտելով իրաւաբան Պուշկին Սերոբեանի հեռուստատեսային ելոյթների յիշատակումներով: Յօդուածը գրելու ընթացքում համոզուած էինք, առաւել եւսՙ նրա հրապարակումից յետոյ վստահ ենք, որ Սերոբեանը (նրա անուան ՊՍ համառօտումը գործածել էինք զուտ որպէս գրական-շարադրանքային եղանակ) ամենայն անկեղծութեամբ այս խնդիրն արծարծել է մեր մշակութային արժէքները երկրից դուրս տանելու տխուր իրողութեան առաջն առնելու նպատակով: Ուստի մեր շարադրանքի մէջ քանիցս կրկնուած «սկանդալչի» որակումով ամենեւի՛ն նրան նկատի չենք ունեցել, այսինքնՙ այդ բառը նրան բոլորովին չի վերաբերում: Այլ հարց է, որ նրա իրաւաբան-իրաւապաշտպանի անունն օգտագործող «ինֆորմատորների» բուն նպատակը, ցաւօք, «գնուած ձեռագրերի» հարցը Մատենադարանի հետ կապելն էր (մեր ժողովուրդը սրանց կոչում է «դարմանի տակ ջուր կապող»):

Շուկայական յարաբերութիւնների հաստատման հետ մեր երկրում առաջացել է մի մեծ շուկայ, ուր կայ ամէն ինչ, նաեւՙ ձեռագրեր, կարելի է վաճառել եւ գնել: Ըստ այսմՙ կան նաեւ ձեռագրերի եւ հին գրքերի անհատ հաւաքորդներ եւ նրանց պատկանող հաւաքածուներ: Վերջին քսան տարուայ ընթացքում իմացել ենք հիմնականում գիւղերում բնակուող անհատների պատկանող ձեռագրերի գողութեան առնուազն տասը դէպքի մասին: Բնականաբար, սրանց շարունակութիւնն էլ այն դէպքերն են, երբ, ըստ ամենայնի մաքսաւորի հետ գործարքի մտնելով, Հայաստանից ձեռագրեր են դուրս տարուել եւ վաճառուել: Տեղեակ ենք որոշակի մի դէպքիՙ 1430 թ. Աղթամարում գրուած մի Աւետարան, որի մանրանկարների լուսանկարները 2004 թ. ամռանը տեսանք Երեւանում, նոյն թուականի աշնանը վաճառուեց փարիզեան մի աճուրդում: Թող զարմանալի չթուայ. շատ ուրախացանք, երբ այս տարուայ փետրուարին այդ Աւետարանը տեսանք Ֆրանսիայի ազգային գրադարանում. գոնէ անհատի սեփականութիւն չի դարձել, պատկանում է թէկուզ օտար, սակայն պետական կայուն հաստատութեան, որովՙ գիտութեան համար կորսուած արժէք չէ:

Այս ամէնով հանդերձ, թէ՛ Պ. Սերոբեանի եւ թէ՛ մեր այլ իրաւաբանների ուշադրութիւնը հրաւիրում ենք հետեւեալի վրայ. ըստ մեր երկրի գործող օրէնսդրութեանՙ մշակութային արժէքների եւ հնութիւնների նկատմամբ պետութիւնն ունի միայն դրանք գնելու առաջնայնութեան իրաւունք. նոյն պետութեանՙ այս իրաւունքից հրաժարուելու դէպքում, «արժէքի տէրը», որոշակի տուրք մուծելով, կարող է ամեն բան երկրից արտահանել եւ... վաճառել ըստ յարմարութեան: Կարծում ենք, որ մեր իրաւաբանները պէտք է ձգտեն այս կարգը սրբագրել տալունՙ նկատի ունենալով, որ մեր դրկից շատ երկրներում գործում են այսպիսի արժէքները հանելը կտրականապէս արգելող օրենքներ:

ԳԷՈՐԳ ՏԷՐ-ՎԱՐԴԱՆԵԱՆ, Մատենադարանի գլխաւոր աւանդապահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4