«Ազգ»-ի մանկապատանեկան հավելված
Դեռահասները մեր հասարակության խնդիրներին անտարբեր չեն: Նրանք էլ մտահոգ են իրականության պակաս-պռատով, ծուռ ու շիտակով: Եվ արդեն ունեն հրապարակայնորեն արտահայտվելու հնարավորություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) եւ «Ազգ» օրաթերթի ջանքերով հուլիսի 18-ին լույս է տեսել թերթի «Մանկապատանեկան» հավելվածը: Այն ամենամսյա է, իսկ ծրագիրն իննամսյա է: Ծրագիրը մեկնարկել է երեք ամիս առաջ եւ հանրապետության դպրոցներում հայտարարված շարադրության մրցույթի հաղթողները, որոնց ընտրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «Ազգ»-ը, դարձել են երեխայի իրավունքներին եւ լրագրությանը նվիրված դասընթացների մասնակիցներ: 10-17 տարեկան 30 աշակերտ հաճախում է խմբակի պարապմունքներին: Նրանցից մի քանիսը հավելվածի երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում կայացած շնորհանդեսին ոգեւորությամբ էին խոսում. «Այս դասընթացներին գալով ինքս ինձ ավելի ճանաչեցի ու բացահայտեցի որոշ կարողություններ, որ մինչեւ այս չէի դրսեւորել: Ու թեեւ որոշել եմ ատամնաբույժ դառնալ, բայց արդեն գիտեմ, որ ցանկության դեպքում նաեւ լրագրող կկարողանամ դառնալ», ասաց 14 տարեկան Աննա Գեւորգյանը: Գոհունակությունը արտահայտվում էր նաեւ ծափահարություններով, իսկ սրահում դասընթացի մասնակիցներից բացի ներկա էին նրանց ծնողներն ու տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Աշակերտների միմյանց հաջորդող դրական տպավորություններն ու գոհունակությունը «Ազգ» օրաթերթի լրագրող Սուսաննա Մարգարյանի համակարգմամբ իրականացված սեփական աշխատանքի առնչությամբ եւ ակնհայտ արդյունքը գնահատելի համարեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը. «Կարծում եմ, «Ազգ»-ը որպես որակյալ թերթ ունի իր կայուն ընթերցողների շերտը, որոնք զատում են պրոֆեսիոնալ թերթը այսրոպեականից: Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հպարտություն է զգացել իր ստորագրությունը հեղինակավոր թերթում տեսնելու համար: Դուք խիզախ եք, անկողմնակալ, հենարան չեք փնտրում, ստվերում մնալ չեք ուզում: Հավելվածը դիտարկում եմ որպես ժուռնալիստական դպրոցի ներկայացում: Բազմակարծություն ու բազմաժանրություն կա, կաշառող են անկեղծությունը, անմիջականությունը, իհարկե, կա ուսուցչուհու, գուցե խմբագրության ներդրումը, բայց սովորում ենք բոլորս: Արդեն պարզ է, որ ավագներս ունենք փոխարինողներ»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ պատանի տարիներին ցանկացել է լրագրող դառնալ, բանաստեղծություններ է գրել եւ տպագրության հանձնել մանկապատանեկան հրատարակություններում, իսկ երեկ փաստեց. «Ուրախ եմ, որ հավելվածը կա, կարծում եմ, խիստ կարեւոր կլինի ստեղծագործող երեխաների համար եւ ընթերցողների նույնպես: Հավելվածին թղթակցելու եւ դասընթացներին մասնակցելու հնարավորություն է պետք ստեղծել նաեւ շրջանների աշակերտների համար, պատրաստ եմ աջակցել որպես երեխաների բարեկամ, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան»:
Ընդգծելով իրապես երեխաների խնդիրներին անդրադարձող պարբերականի կարեւորությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տեղեկատվական եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը տեղեկացրեց. «Հավանաբար կկարողանանք ընդլայնել ծրագիրը, այն, որ հավելվածը լույս է տեսնում որպես Հայաստանի հեղինակավոր թերթի անբաժանելի մաս, երեխաներին եւ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում հասարակության բոլորՙ ներառյալ ե՛ւ քաղաքական գործիչների, ե՛ւ որոշում կայացնողների շրջանում լսելի դառնալու»:
«Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ հույս հայտնեց. «Գուցե հաջողվի հետագայում գունավոր տպագրություն ունենալ, որը շատ ավելի հաճելի կլինի մանկական աչքին եւ ասելիքն էլՙ ավելի պատկերային: Հույս ունեմՙ այս սերունդը լրագրության ասպարեզում մեծ ներդրում կունենա: Իսկ աշխատանքը մեր առաջին փորձերից մեկն է, որ զարգանալու դեպքում գուցե ապահովի նաեւ լավ ընթերցողների քանակ, ինչի պակասն առկա է: Կրկին շնորհավորում եմ բոլորին ու ցանկանում, որ այս աշխատանքը լինի հարատեւ եւ չսահմանափակվի միայն «Ազգ»-ով ու «Ազգ»-ականներով»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ