ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացավ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մեր հավաքականների աշխատանքները համակարգող շտաբի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվության պատասխանատու Նաթելլա Հովասափյանից, Եվրոպայի առաջնության արդյունքների եւ աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ազատ, հունահռոմեական ըմբշամարտերի, ձյուդոյի, ծանրամարտի եւ բռնցքամարտի հավաքականների գլխավոր մարզիչները:
Շտաբի նիստի անդամները գոհացուցիչ համարեցին վիճակը ծանրամարտում: Մեր ծանրորդները Եվրոպայի մեծահասակների եւ աշխարհի երիտասարդական առաջնություններում մեծ վերելքով հանդես եկան եւ տուն վերադարձան մեդալների հարուստ ավարով: Նրանք լիարժեք կատարեցին ստանձնած պարտականությունները: Ծանրամարտի հավաքականների մարզիչներն իրենց առջեւ նպատակ են դրել Պեկինի օլիմպիական խաղերում քաշային յուրաքանչյուր կարգում ներկայացուցիչ ունենալ: Դրա համար անհրաժեշտ կլինի հաջող հանդես գալ նաեւ Թաիլանդում կայանալիք աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվելու են օլիմպիական ուղեգրերը:
Գոհացնում են նաեւ հայ ձյուդոյիստների արդյունքները: Նրանք մտադրվել են օլիմպիադա գործուղել 2-4 մարզիկի: Այս առումով կարեւորվում է վարկանիշային մրցաշարին մեր ձյուդոյիստների հաջող մասնակցությունը: Բռնցքամարտիկների ընդհանուր պատրաստության մասին սպառիչ պատասխան կտա ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ էլ վիճարկվելու են օլիմպիական ուղեգրերը: Նույնը վերաբերում է նաեւ մեր ըմբիշներին, որոնք օլիմպիական ուղեգրերի համար պետք է մրցավեճի բռնվեն Բաքվում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում:
Նիստում նշվեց, որ օլիմպիադայի նախապատրաստության այս փուլում մեր հավաքականներն ապահովված են մարզումների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ հարցեր ծագելու դեպքում դրանց շուտափույթ դրական լուծում կտրվի: Նիստի անդամները համակարծիք էին, որ Պեկինում Հայաստանն անպայման օլիմպիական պարգեւների արժանացած մարզիկներ կունենա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ