Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» իռլանդական «Դերի Սիթիի» հետ ոչ-ոքի արդյունքով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Հուլիսի 25-ին Երեւանում կայանալիք պատասխան խաղից առաջ մեր չեմպիոնը հիանալի հնարավորություն է ստացել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ճիշտ է, դրա համար «Փյունիկը» սեփական հարկի տակ պետք է անհամեմատ ավելի լավ ելույթ ունենա, աչքի ընկնի հարձակողական խաղով եւ իհարկե, գրոհների ավարտական փուլում հաշվենկատ գործի:
Առաջին հանդիպումը ցույց տվեց, որ «Դերի Սիթին» բնավ էլ ուժեղ թիմ չէ, եվրոպական միջին մակարդակի ակումբ է, որին հատուկ է բրիտանական ոճը: Իռլանդացի ֆուտբոլիստներն աչքի չընկան առանձնապես գրագետ գործողություններով, ուստի լրջորեն չսպառնացին փյունիկցիների դարպասին: Թերեւս մրցակցի կազմում աչքի էր ընկնում Մակորտը, որը թիմի գրոհների գլխավոր կազմակերպիչն էր: Հենց նրա հեռահար հարվածից հետո էլ 6-րդ րոպեին առաջին վտանգավոր պահը ստեղծվեց «Փյունիկի» դարպասին, սակայն հաջող խաղաց Կասպարովը:
Ընդհանրապես, հանդիպումն աչքի չընկավ գոլային պահերով: Գրոհները որպես կանոն անավարտ էին մնում: Փյունիկցիները մրցակցի հարկի տակ բավական զգույշ էին գործումՙ փորձելով առաջին հերթին անառիկ պահել սեփական դարպասը, ինչն ի վերջո նրանց հաջողվեց: Իսկ ահա մրցակցի դարպասը գրավելու համար փյունիկցիների գործադրած ջանքերը բավարար չէին: Մեր ֆուտբոլիստները գրոհում էին փոքր ուժերով: Առաջին խաղակեսում հարձակման գծում գործում էին Գեւորգ Ղազարյանը եւ թիմի նորեկ, ուրուգվահայ Գեւոգյոզյանը: Վերջինս ոչնչով աչքի չընկավ եւ իրավացիորեն ընդմիջումից հետո փոխարինվեց: Երկրորդ խաղակեսում հյուրերը զգալիորեն ակտիվացան, սակայն այդպես էլ լրջորեն չսպառնացին իռլանդացիների դարպասին: Հիշարժան էին Աղվան Մկրտչյանի տուգանային երկու հարվածները, ինչպես նաեւ Փաչաջյանի հարվածը, որոնք որսաց դարպասապահը: «Փյունիկը» կարող էր խաղավերջում կորզել հաղթանակը, երբ դաշտի կենտրոնական հատվածից Հենրիխ Մխիթարյանը սրընթաց առաջ շարժվեց, սակայն ցավոք նրա փոխանցումը մի փոքր ճշգրիտ չստացվեց:
Այսպիսով, դարպասները մնացին անառիկ, ինչը վատ արդյունք չէ «Փյունիկի» համար: Հուսանք, որ Երեւանում ՀՀ չեմպիոնն աչքի կընկնի արդյունավետ գրոհներով եւ կհաղթահարի առաջին փուլի արգելքը:
Չեմպիոնների լիգայի կայացած մյուս հանդիպումներում Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը» մեծ դժվարությամբ հաղթեց Անդորրայի «Ռեյնջերսին» (2-0): Իսկ ահա բոսնիական «Սարաեւոն» հյուրընկալվելիս պարզապես ջախջախեց Մալթայի «Մարսակլոկին»ՙ 6 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Իսլանդական «Հաֆնարֆյորդուրն» էլ խոշոր հաշվով (4-1) պարտության մատնեց Ֆարերների «Բ-36 Տորսհավնին»: Մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները. «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)-«Ժիլինա» (Սլովակիա)ՙ 1-2, «Դոմժալե» (Սլովենիա)-«Տիրանա» (Ալբանիա)ՙ 1-0, «Պոբեդա» (Մակեդոնիա)-«Լեւադիա» (Էստոնիա)ՙ 0-1:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ