«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2007-07-18 | #135, 2007-07-19 | #136, 2007-07-20


ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻ

Երեկ մրցասպարեզ դուրս եկան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության մասնակից հայաստանյան թիմերըՙ «Միկան» ու «Բանանցը»: «Միկան» Բուդապեշտում ուշ երեկոյան հանդիպեց հունգարական ՄՏԿ թիմի հետ: Իսկ «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր շվեյցարական «Յանգ բոյզին»: Հանձին վերջինիս, «Բանանցը» հանդիպեց բավական ուժեղ մրցակցի, որի ֆուտբոլիստները լավ էին համագործակցում խաղադաշտում, աչքի էին ընկնում ֆիզիկական լավ տվյալներով: Առաջին իսկ րոպեներից հյուրերը հասկացնել տվեցին, որ բնավ էլ մտադիր չեն պասսիվ խաղ ցուցադրել եւ հիմնական ուշադրությունը դարձնել պաշտպանությանը, այլ Երեւան են ժամանել հաջողության հասնելու համար: Շվեյցարացիների կազմում իրենց ակտիվ խաղով աչքի ընկան Կառլոս Վարելան, Դանիել Ժուաո Պաոն եւ Կադեր Մանգանեն:

Արդեն 5-րդ րոպեին հյուրերն արագ հակագրոհի շնորհիվ կարող էին բացել հաշիվը: Վարելան մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, խաբս տվեց նրան եւ գնդակն ուղարկեց դարպասը: Բարեբախտաբար վերջին պահին «Բանանցի» փորձառու պաշտպան Կարեն Սիմոնյանը հասցրեց գնդակը հանել դարպասից: «Բանանցն» իր հերթին փորձում էր ակտիվ գործողություններ ծավալել, սակայն առջեւի գծում թիմի խաղն այնքան էլ չէր ստացվում: Հարձակման գծում դաշտի տերերի կազմում հիմնականում գործում էին Արա Հակոբյանն ու Արսեն Բալաբեկյանը: Սակայն փոքր ուժերով հարձակվելով, «Բանանցն» առաջին խաղակեսում այդպես էլ չկարողացավ լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Թերեւս միակ վտանգավոր պահն ստեղծվեց 35-րդ րոպեին, երբ տուգանային հրապարակում գնդակն ընդունեց Արա Հակոբյանը, սակայն նրա հարվածը թույլ ստացվեց, եւ դարպասապահը որսաց գնդակը: Այդ պահին «Բանանցն» արդեն հաշվի մեջ զիջում էր մրցակցին: «Յանգ բոյզը» հաջողության էր հասել 18-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով դարպասը գրավել էր սեւամորթ Կադեր Մանգանեն: Բարձրահասակ այս ֆուտբոլիստը բավական լավ էր տիրապետում գլխով խաղին եւ մի քանի անգամ տհաճություններ պատճառեց դաշտի տերերինՙ սպառնալից պահեր ստեղծելով նրանց դարպասին: Լավ էր, որ նա նպաստավոր դիրքերից վրիպեց:

Ընդմիջումից հետո «Բանանցն» զգալիորեն ակտիվացրեց հարձակողական գործողությունները: Մեկը մյուսի հետեւից փորձեցին հեռահար հարվածներով դարպասը գրավել Արա Հակոբյանն ու Ռոմեո Ջենեբյանը, սակայն ապարդյուն: Իսկ ահա 67-րդ րոպեին «Բանանցի» ջանքերն ի վերջո պսակվեցին հաջողությամբ: Տուգանայինի մատույցներում դաշտի տերերը տուգանային հարվածի իրավունք ստացան: Մելքոնյանի հարվածից հետո դարպասապահն անհաջող հետ մղեց գնդակը եւ վրա հասած Կակոսյանը գրավեց դարպասը: Խփած գոլը մեծ աշխուժություն առաջացրեց տրիբունաներում, ոգեւորելով նաեւ «Բանանցի» ֆուտբոլիստներին: Վերջիններս շարունակում էին գրոհել մրցակցի դարպասը, բայց այդպես էլ չկարողացան աչքի ընկնել դիպուկ հարվածով: Իսկ ահա հյուրերը հմտորեն պաշտպանվելով, նաեւ վտանգավոր հակագրոհներ էին կազմակերպում: Դրանցից մեկի ժամանակ գնդակը դիպավ «Բանանցի» պաշտպան Չերեւկոյի ոտքին եւ քիչ էր մնացել հայտնվեր դարպասում: Մի դրվագում էլ Կադեր Մանգանեն մեն-մենակ ներխուժեց տուգանային հրապարակ, բայց վերջին պահին Չերեւկոյին հաջողվեց հեռացնել գնդակը:

Այսպիսով, բավական աշխույժ մրցակցությունում անցած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի: Ինչ խոսք, 1-1 հաշիվը ձեռնտու է «Յանգ բոյզի» ֆուտբոլիստներին, որոնք օգոստոսի 2-ին պատասխան խաղում հյուրընկալելու են «Բանանցին»: Հաջորդ փուլ դուրս գալու համար մեր թիմին անհրաժեշտ կլինի կամ հաղթել մրցակցին, կամ էլ գոնե հանդիպումն ավարտել 2-2 հաշվով: Կհաջողվի՞ արդյոք կատարել դժվարին այդ խնդիրը, ցույց կտա պատասխան հանդիպումը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4