«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՍԿԱԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ

Մեջլիսի ընտրությունները կարեւորվում են քեմալականության արդիականացման, ինչպես նաեւ հայկական եւ քրդական հարցերի առումներով

Վաղը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի վաղաժամկետ համընդհանուր ընտրություններն են, որոնց մասնակցում են քաղաքական 14 կուսակցություններ, անկախական պատգամավորի ավելի քան 700 թեկնածուներ, ինչն աննախադեպ է երկրի պատմության մեջ: 2002 թ. նոյեմբերի 3-ի նախորդ ընտրություններում այդ թեկնածուների թիվը եղել էր շուրջ 190: Դա թերեւս բացատրվում է պատգամավորության քուրդ թեկնածուների մեծամասնականով իբրեւ անկախական առաջադրմամբ, որոնց «Ժողովրդական հասարակարգ» կուսակցության գլխավորությամբ աջակցում են երկրի ինչպես քրդական, այնպես էլ քրդամետ կուսակցությունները:

Վերջիններս համամասնականով ընտրություններին չեն մասնակցում: Անկախական պատգամավորության թեկնածու են առաջադրվել նաեւ ձախակողմյան այն թուրք գործիչները, որոնք չեն վստահում սոցիալ-դեմոկրատական համարվող կուսակցություններին եւ հատկապես Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը:

Հուլիսի 22-ի ընտրությունների վրա իր կնիքն է թողել թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի մայիսի 27-ի հուշագրով եւ հունիսի 8-ի հայտարարությամբ արտահայտված միջամտությունը: Հատկանշական է, որ հուշագրով բանակը նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու առնչությամբ զգուշացրել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, իսկ հայտարարությամբՙ երկրում մարդու իրավունքների պաշտպաններին նույնացրել «ահաբեկչական կազմակերպություններին սատարողների» հետ:

Միաժամանակ բանակն Էրդողանի կուսակցության դեմ սոցիալ-դեմոկրատներին եւ աջակողմյան ուժերին համախմբելու մղումով նախաձեռնել էր Ժողովրդա-հանրապետականի հետ Ձախ ժողովրդավարական, իսկ «Դեմոկրատական» վերանվանված «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ «Մայր հայրենիք» կուսակցության միավորում, բայց ապարդյուն:

Համենայն դեպս, ընտրություններում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը կասկած չի հարուցում: Ավելին, ենթադրվում է, որ նախորդ ընտրություններում ձայների 34,2 տոկոսը հավաքած այս կուսակցությունը հակառակ երկրում միանձնյա իշխելու հանգամանքին, ինչը որպես կանոն հանգեցնում է ժողովրդականության նվազեցմանը, կբարելավի այդ ցուցանիշը: Հարցախույզերի արդյունքներով Մեջլիս մուտք գործելու համար 10 տոկոսանոց արգելքը կկարողանան հաղթահարել նախորդ ընտրություններում համապատասխանաբար ձայների 19,3 եւ 8,3 տոկոսը հավաքած Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները: Չի բացառվում, որ նրանց միանա Դեմոկրատական կուսակցությունը, որը 2002 թ. 9,5 տոկոս ձայն էր հավաքել:

Թեեւ ընտրություններին չի մասնակցում «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունը, սակայն միանգամայն հավանական է համարվում նաեւ նրա մուտքը Մեջլիսՙ շնորհիվ պատգամավորության այն անկախական թեկնածուների, որոնց աջակցում է կուսակցությունը: Նախնական հաշվարկներով քրդական այս կուսակցությունը Մեջլիսում կունենա 25-30 պատգամավոր, այդ դեպքում արդեն նրան կհաջողվի խորհրդարանական խմբակցություն կազմել, որովհետեւ դրա համար կանոնադրությամբ 20 պատգամավոր է պահանջվում:

Հուլիսի 22-ի ընտրությունները սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ընթացիկ հարցերից բացի, Թուրքիայի համար կարեւորվում են հայկական եւ քրդական հիմնախնդիրների, երկրում բանակի ինքնակամ ստանձնած քաղաքական դերի, քեմալականության արդիականացման, ապագա նախագահի ընտրության, ինչպես նաեւ Եվրոմիության հետ հարաբերությունների առումներով:

Թերեւս այդ առումով պատահական չեն Մեջլիսի ընտրություններին ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Թուրքիայում բանակին իր գլխավոր դաշնակիցը համարող Վաշինգտոնի ցուցաբերած սեւեռուն ուշադրությունը: Ընտրությունների ընթացքին հետեւելու համար Թուրքիա պատվիրակություններ են գործուղել ԵԱՀԿ-ն եւ Եվրոխորհուրդը: Պատվիրակությունների ներկայացուցիչներն ընտրություններում իբրեւ դիտորդ առաջնահերթությունը տալիս են երկրի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4