Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կադրային փոփոխություններ են կատարվել: Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես տեղեկացնում են նրա մամլո գրասենյակից, համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Գեներալ-մայոր Արտուշ Հարությունյանն ազատվել է Հայաստանի զինվորական կոմիսարի պաշտոնից, գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է Հայաստանի զինվորական կոմիսարՙ ազատվելով զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Նույն ժամկետով պայմանագիր է կնքել գնդապետ Արտակ Դավթյանը զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում: Գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը ազատվել է պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից: Ինստիտուտի պետ է նշանակվել գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը` ազատվելով պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նույն պաշտոնում նշանակվել է գնդապետ Պողոս Պողոսյանը:
Գնդապետ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարՙ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանն այլեւս պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում չէ, նշանակվել է պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ