Ամերիկաբնակ յոթանասուներեքամյա նյարդաբան Հենրի Աստարճյանի առաջինՙ «Պայքար Քիրքուքի համար: Հուսեյնի վերելքը, նավթը եւ հանդուրժողականության վախճանն Իրաքում» վերնագրով գիրքը բեստսելլեր է դարձել եւ գրախանութներից կայծակի արագությամբ է անհետանում, տեղեկացնում է «Van 1915» ինտերնետային կայքից ստացված հուլիսի 7-ի հաղորդագրությունը:
Աստարճյանը, որն այժմ աշխատում է Մասաչուսեթսի «Հաշմանդամության ծառայությունների բաժանմունքում», ասել է, որ այդ գրքի նպատակն է ամերիկացիներին իրազեկել այդ երկրի մասին եւ հավաստիացնել, որ այնտեղ ժողովրդավարությունը երբեք չի կարող գործել: Գիրքը կենսագրական տվյալներ պարունակելուց բացի ընդգրկում է հիսունամյա վաղեմության քաղաքական դեպքերն ու էթնիկական լարվածությունները: Աստարճյանը Քիրքուքում է ապրել մինչեւ 1952 թիվը, որից հետո տեղափոխվել է Բաղդադ բժշկական ուսում ստանալու: Ցեղասպանությունից մազապուրծ ծնողների զավակ, բացահայտ հակակոմունիստ երիտասարդը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, երբ 1958-ին կոմունիստական հայացքների տեր Աբդուլ-Քերիմ Քասիմն իր թիմով տապալել է արքայական ընտանիքի իշխանությունը: Նա այդ ժամանակ իրանյան սահմանի մոտ մի ավանում պարտադիր բժշկական հետավարտական ծառայություն է անցկացրել: Նրան կալանավորել են Մոսուլում ապստամբություն իրականացնելու նպատակով Իրանից զենք ներկրելու մեղադրանքով, տանջել են ամենադաժան ձեւերով, բայց նա անհողդողդ է մնացել: Տեղի է տվել միայն այն ժամանակ, երբ սպառնացել են քրոջը իր աչքերի առաջ բռնաբարել: Ստորագրել է խոստովանությունը, տեղափոխվել Բաղդադի «Ռաշիդս» զինվորական բազան, որտեղ էլ հանդիպել է Իրաքի ապագա ղեկավարներից Ջամիլ Սաբրի Էլ-Բայաթիին, Աբդուլ Ազիզ Էլ Ուգայլիին եւ Աբդուլ Ղանի Էլ Ռաուիին, որոնք իր հետ միեւնույն բանտախցում են եղել:
Առանձին ճանաչելով նրանցՙ Աստարճյանը համոզվել է, որ նրանք չեն կարող խաղաղ եւ արդիական մի երկիր կառուցել: «Ես այնտեղ ապագա չէի տեսնում», նշում է նա գրքում: Երբ այդ մարդիկ Քասիմի դեմ 1963-իին շարժում են սկսել, նա հասկացել է, որ պետք է հեռանա երկրից: Տեղափոխվելուց հետո ամերիկյան քաղաքացիություն է ձեռք բերել 1970 թվին:
«Մենք մեզ ենք խաբում, կառավարությունն էլ է մեզ խաբում հավատացնելով, որ ժողովրդավարություն է իրականացնում»: Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա որտեղ է պայքարում եւ հանուն ինչի», ասել է նա որպես եզրակացություն: