«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2007-07-19 | #136, 2007-07-20 | #137, 2007-07-21


ՍՊԱՍԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ընտրական առաջին փուլի առաջին հանդիպումները: Վերջինը հայաստանյան թիմերից մրցավեճն ավարտեց Աշտարակի «Միկան», որը Բուդապեշտում ուժերը չափեց հունգարական ՄՏԿ-ի հետ: Մեր թիմը մրցակցին զիջեց նվազագույն` 1-2 հաշվով: Այդ խաղում հաշիվը 20-րդ րոպեին բացել է Ադամ Պինտերը: Առաջին խաղակեսի ավարտին «Միկայից» Կլեբեր Լուիս Ռոդրիգեսին հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը: 56-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Գաբոր Ուրբանը: Արագորեն շրջանցելով պաշտպանին, նա գնդակն ուղարկել է դարպասի ներքեւի ձախ անկյունը: «Միկան» եւս ունեցել է դարպասը գրավելու լավ պահեր, սակայն չի օգտագործել: Իր հերթին ՄՏԿ-ն կարող էր ավելացված ժամանակում 3-րդ գոլը խփել, սակայն Լեւենտ Հորվաթի 11 մ հարվածից հետո գնդակը դիպչել է դարպասի հորիզոնական ձողին:

Ամփոփելով Եվրոգավաթների հերթական խաղարկության մեկնարկում հայաստանյան թիմերի մրցելույթները, հարկ է ընդհանուր առմամբ բավարար համարել դրանք: Կարծում ենք, որ պատասխան խաղում երկրի չեմպիոն «Փյունիկը» ոչ մի դժվարության չպետք է հանդիպի «Դերի Սիթիին» հաղթելու հարցում: Ամեն դեպքում մեր չեմպիոնն իր կարգով ավելի բարձր է իռլանդական ակումբից եւ թիմին բնորոշ հատկանիշների դրսեւորման դեպքում պետք է հաղթահարի առաջին փուլի արգելքը:

«Միկան» թեեւ մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց ՄՏԿ-ին, սակայն օգոստոսի 2-ին Երեւանում կայանալիք պատասխան խաղում իր պատմության մեջ առաջին անգամ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություններ է պահպանում: Դրա համար մեր ֆուտբոլիստներին կբավարարի նույնիսկ 1-0 հաշվով հաղթանակը: Շատ կարեւոր է, որպեսզի Երեւանում «Միկան» կարողանա անառիկ պահել սեփական դարպասը: Դա հաջողության հասնելու առաջին նախապայմանն է:

Ինչ խոսք, ավելի դժվարին է «Բանանցի» խնդիրը, որը հանդես է գալու մրցակցի դաշտում: Հաջորդ փուլ դուրս գալու համար «Բանանցին» անհրաժեշտ է հաղթել մրցակցին կամ գոնե խաղն ավարտել արդյունավետ ոչ-ոքի արդյունքով (2-2 եւ ավելի): Ավելորդ չէ նշել, որ «Բանանցը» վերջին երկու տարիներին ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում ավելի հաջող է հանդես եկել մրցակցի դաշտում, քան սեփական հարկի տակ: Այսպես, 2005 թ. առաջին փուլում «Բանանցը» սեփական հարկի տակ Թբիլիսիի «Լոկոմոտիվին» 2-3 հաշվով զիջելուց հետո պատասխան խաղում հաղթել էր 2-0 հաշվով եւ մտել հաջորդ փուլ: Իսկ անցյալ տարի առաջին խաղում, Թբիլիսիում հաղթել էր «Ամերիին» (1-0), բայց Երեւանում զիջեց 1-2 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հուսանք, որ այս անգամ էլ «Բանանցը» հաջող կխաղա մրցակցի դաշտում:

ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին հանդիպումներում ամենամեծ անակնկալը մատուցեց Անդորրայի «Սանտա Կոլոման», որը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց Թել Ավիվի «Մաքաբիին»: «Սանտա Կոլոման» դարձավ Անդորրայի առաջին թիմը, որը հաղթանակ տարավ Եվրոգավաթներում: Ամենախոշոր հաշիվը գրանցվեց Ուելսի «Կարմարտենի» եւ նորվեգական «Բրանի» մրցավեճում: Հյուրերը 8 անպատասխան գնդակ խփեցին ուելսցիների դարպասը: Գերխոշոր հաշիվներ գրանցվեցին նաեւ «Սլավեն» (Խորվաթիա)-«Տեուտա» (Ալբանիա)` 6-2, «Հելսինբորգ» (Շվեդիա)-«Տրանս» (Էստոնիա)` 6-0, «Զբինսկի» (Բոսնիա)-«Պարտիզան» (Սերբիա)` 1-6, «Գլենտորան» (Հս. Իռլանդիա)- ԱԻԿ (Շվեդիա)` 0-5 մրցախաղերում:

Ներկայացնենք նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերի մասնակցությամբ հանդիպումների արդյունքները.

«Զլատե» (Սլովակիա)-«Ալմա Աթա» (Ղազախստան)3-1
«Արազ» (Ադրբեջան)-«Գրոցլին» (Լեհաստան)0-0
«Բելհատուվ» (Լեհաստան)-«Ամերի» (Վրաստան)2-0
«Արտմեդիա» (Սլովակիա)-«Զիմբրու» (Մոլդովա)1-1
«Նիստրու» (Մոլդովա)-«Հոնվեդ» (Հունգարիա)1-1
«Ռիդ» (Ավստրիա)-«Նեւթչի» (Ադրբեջան)3-1
«Դինամո» (Թբ., Վրաստան)-«Վադուց» (Լիխտենշտեյն)2-0
«Ակտոբե» (Ղազախստան)-«Մատերսբուրգ» (Ավստրիա)1-0
«Բ-36» (Ֆարերներ)-«Էկրանաս» (Լիտվա)1-3
«Ֆլորա» (Էստոնիա)-«Վոլերենգա» (Նորվեգիա)0-1
«Դանգենոն» (Հս. Իռլանդիա)-«Սուդուվա» (Լիտվա)1-0
«Մետալուրգ» (Լատվիա)-«Դինամո» (Բրեստ, Բելառուս)1-1
«Սկոնտո» (Լատվիա)-«Դինամո» (Մինսկ, Բելառուս)1-1

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4