«Սեպտեմբերին ես մտադիր եմ այցելել Լեռնային Ղարաբաղ», շաբաթ օրը Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Day.az գործակալության տեղեկացմամբ, Սեմնեբին նշել է, որ Ադրբեջանում երկրի պաշտոնյաների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Նա ընդգծել է, որ լինելով Բաքվում, ինքն իրեն հարց է տվել թե ինչու անարդյունք եղավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում:
«Եվրոմիությունը կորոնի այդ պետությունների միջեւ հարաբերությունների բարելավման ուղիներ, եւ դա նշված է գործողությունների ծրագրում: Սակայն դա չի նշանակում, թե Եվրոմիությունը փորձում է մրցակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եւ ցանկանում է փոխարինել նրան: Մենք ցանկանում ենք աջակցել Մինսկի խմբի ջանքերին», ասել է Սեմնեբին: Ընդ որում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել վերջերս կայացած հայ եւ ադրբեջանցի մտավորականների փոխադարձ այցերը, նշելով, որ հարկավոր է ամեն ինչ անել վստահություն սերմանելու համար կողմերի միջեւ: Նրա կարծիքով, այդ գործում առանձնահատուկ է ԶԼՄ-ների դերը:
Հիշեցնենք, որ Սեմնեբին կեսճանապարհից էր վերադարձել Երեւան` այդպես էլ Արցախ չհասնելով, ընդ որում, չտալով որեւէ բացատրություն:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ