Օրերս թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին դիմում է ուղարկվել պատգամավորության թեկնածու Խաչիկ Մկրտչի Մանուկյանի ստորագրությամբ (ոչ հայտնի գործարարը) այն մասին, թե իբր նա ինքնաբացարկ է հայտնում: Չնայած դիմումը չի բավարարել ընտրական օրենսգրքի 40.1 հոդվածի 3-րդ կետի պահանջը (այն չի պարունակում դիմումատուի հասցեն), ընդունող հանձնաժողովն այն «քննարկել է» եւ ի գիտություն ընդունել, այսինքն, Խ Մանուկյանին չի գրանցել պատգամավորության թեկնածու: Ընտրական հանձնաժողովը չի պահպանել ընդունված ընթացակարգի եւս մեկ դրույթ, ըստ որի պետք է ճշտել դիմումի իսկությունը թեկնածուի վստահված անձի կամ դիմումատուի` Խաչիկ Մանուկյանի հետ: Խախտման արդյունքում Խ. Մանուկյանը դուրս է մնացել ընդունված ժամկետում, այսինքն մինչեւ հուլիսի 21-ը պատգամավորության թեկնածու գրանցվելուց: Խաչիկ Մանուկյանը եւ նրա վստահված անձինք վիճարկում են այս դիմումը, համարելով այն «կեղծ»: Նրանք դիմել են Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան` Խ. Մանուկյանին պատգամավորության թեկնածու գրանցելու պահանջով: Դատական նիստը նշանակված է հուլիսի 26-ին, ժամը 11-ին:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ