Համաշխարհային բանկի «Հարկաբյուջետային քաղաքականություն եւ տնտեսական աճ. դասեր Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար» զեկույցը ներառում է 1990-ականներից մինչեւ 2004 թվականն Արեւելյան Եվրոպայում, Թուրքիայում ու Կենտրոնական Ասիայում պետական ծախսերն ու հարկման միտումները, դրանց համեմատությունը բարձր աճ ունեցող այլ երկրների հետ:
Ըստ այդ ուսումնասիրության, որը երեկ Երեւանում, ըստ «Արմենպրեսի», ներկայացրել է դրա համահեղինակ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Արիտոմենե Վարուդակիսը, առավել արդյունավետ պետական ծախսերը, ցածր ֆիսկալ դեֆիցիտը եւ ճիշտ հարկային քաղաքականությունը, կարող են զարկ տալ տնտեսական աճին: Առաջին անգամ զեկույցը ներկայացվել է հուլիսի 2-ին Բրյուսելում:
Վարուդակիսի ներկայացմամբ, այս երկրների փորձը հաստատում է, որ պետական ծախսերն ավելի լավ են նպաստում տնտեսական աճին պետական լավ կառավարման դեպքում: Երբ պետական ծախսերը գերազանցում են ՀՆԱ մոտ մեկ երրորդը, ապա թույլ պետական կառավարում ունեցող երկրներում դա զուգակցվում է տնտեսական ցածր աճի հետ: «Պետական ծախսերի բարձր մակարդակը ռիսկային է, երբ պետական հաստատությունները թույլ են: Քիչ հավանական է, որ գումարն արդյունավետ կծախսվի, ֆիսկալ դեֆիցիտների առաջացման հավանականությունն ավելի մեծ է, ավելի բարձր հարկեր են պահանջվում այսպիսի ծախսերը ֆինանսավորելու համար, ինչն էլ գործարար եւ աշխատանքային որոշումները խախտելու ավելի շատ հավանականություն է պարունակում», նշել է Վարուդակիսը:
ՀՆԱ հետ համեմատած, պետական ծախսերը կրթության եւ առողջապահության բնագավառներում Հայաստանում ցածր են: Կրթության ֆինանսավորումը բարելավվել է հանրակրթական համակարգում մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման համակարգի ներդրմամբ, սակայն որակը դեռ լուրջ խնդիր է: Թեեւ Հայաստանի առողջապահությունը նույն մակարդակի երկրների համեմատությամբ ավելի բարենպաստ է, սակայն շարունակում է թերֆինանսավորված մնալ: Այստեղ կա հնարավորություն միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու ոչ ֆորմալ վճարումների նվազեցման միջոցով:
Զեկույցի համաձայն` ներդրումները ենթակառուցվածքներում կարող են խթանել տնտեսական աճը, եթե ծրագրի ընտրությունը լինի ճիշտ, շահագործման ծախսերը համապատասխանորեն ֆինանսավորվեն եւ ծառայությունների մատուցումն արդյունավետ լինի: Հայաստանում մասնավոր հատվածի մասնակցությունը մեծ է էներգետիկայի եւ ջրային ոլորտներում, սակայն սահմանափակ է տրանսպորտի բնագավառում: Հայաստանում կառավարությանը հատկացվող ֆինանսները փոքր են, փոքր են նաեւ ծախսումները կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում: Պատճառը մեծ չափով ոչ ֆորմալ տնտեսության առկայությունն է, սակայն բյուջեի հնարավորությունները, ըստ զեկույցի, կարելի է ավելացնել հարկային վարչարարության բարելավման միջոցով:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ