Հայ ժողովրդի դարավոր եւ փառավոր պատմության մեջ Հայաստանյայց եկեղեցին իր անփոխարինելի դերակատարությունն է ունեցել իր գոյության, հավատքի ծաղկման եւ ինքնուրույն դիմագծի պահպանման գործընթացում: Այս իմաստով վերջին հարյուրամյակին, մեծ է եղել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ նրա միաբանության դերը աշխարհասփյուռ հայ զավակների հոգիներում հոգեւոր կրթություն սերմանելու գործում: Այդ են վկայում բազմաբնույթ, հսկայածավալ, արժեքավոր փաստաթղթերը, որ առաջացել են կաթողիկոսության բեղուն գործունեության արդյունքում: Տարիներ շարունակ խնամքով պահպանված փաստաթղթերի կանոնակարգման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ դարձավ դեռեւս 2005թ., երբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի Մայրավանքի ընդհանուր վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքների շրջանակներում կառուցվեց արխիվատան հատուկ բաժանմունքը, որը «Գալուստ Գյուլբեկյան» հիմնադրամի բարերարությամբ, վերազինվեց արխիվների պահպանությունն ապահովող ժամանակակից սարքավորումներով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով Անթիլիաս ժամանած Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, բարձր գնահատելով կաթողիկոսարանի հարուստ արխիվներըՙ հատկապես 20-րդ դարի հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմության հետ կապված, արխիվատան ամբողջական եւ գիտական դասավորման առնչությամբ, Վեհափառին ներկայացրեց իր առաջարկությունները: Փոխադարձ պայմանավորվածությամբ, 2006 թվի ապրիլ ամսին Անթիլիաս ժամանեց Հայաստանի ազգային արխիվի վեց աշխատակիցներից կազմված խումբը: Ավելի քան մեկ ամիս, իրենց արածի կարեւորության քաջ գիտակցումով, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով եւ, որ ամենակարեւորն էՙ պատվախնդրորեն, հայաստանցի արխիվագետները գնահատելի աշխատանք կատարեցին: Սակայն կատարվելիք աշխատանքների ծավալները ենթադրում էին շատ ավելի երկար ժամկետներ: Եվ ահա, 2007 թվականի մայիսին, աշխատանքային գործուղումով Անթիլիաս ժամանած արխիվագետներին ընդունեցին արդեն հին ծանոթների ու լավ բարեկամների պես: Ի դեպ, ժամանումից մի քանի օր անցՙ մայիսի 28-ին նշվեց Արամ Ա կաթողիկոսի անվանակոչության օրը: Թե՛ անցյալ եւ թե՛ այս աշխատանքային գործուղման ընթացքում Վեհափառը քանիցս այցելելով արխիվագետներին, հետաքրքրվել է ոչ միայն աշխատանքների ընթացքով, այլեւ այն սկզբունքներով, որոնցով վերջիններս առաջնորդվել ենՙ փաստաթղթերի գիտական կարգավորման ժամանակ: Կատարվող աշխատանքի նկատմամբ կաթողիկոսի անթաքույց գոհունակությունը նոր լիցք ու ոգեւորություն էր հաղորդում աշխատանքային խմբի անդամներին, որոնց համար աշխատանքային օրը սկսվում էր առավոտ վաղ եւ ավարտվում ուշ երեկոյան. «Կարծես աներեւույթ մի ուժ մեզ օժտել էր անօրինակ աշխատունակությամբ...». Երեւան վերադառնալուց հետո պատմում էին նրանք: Աշխատանքների ընթացքին մեծապես նպաստել են կաթողիկոսարանի արխիվատան տեսուչ Եղիշե Ծ.Վրդ. Մաճիկյանը եւ նրա օգնական Սահակ աբեղա Եմիշյանը, հատկապես օտարալեզու փաստաթղթերի վերծանման հարցում:
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքների ծավալների մասին փոքր-ինչ պատկերացում կազմելու համար, թվարկենք միայն մի քանիսը այն անձնական ֆոնդերից, որոնց փաստաթղթերի գիտական մշակումներն ավարտին են հասցվել. Կիլիկիո կաթողիկոսներ Սահակ Բ Խապասյան, Պետրոս Ա Սարաճյան, Գարեգին Ա Հովսեփյան, Զարեհ Ա Փայասլյան, Խորեն Ա Բարոյան, Գարեգին Բ Սարգիսյան, բարձրաստիճան հոգեւորականներ Խադ Արքեպիսկոպոս Աջապահյան, Ներսես Արքեպիսկոպոս Բախտիկյան եւ ուրիշներ:
Կանոնակարգվել են նաեւ կաթողիկոսարանի փաստաթղթերըՙ կաթողիկոսական կոնդակներ, շրջաբերականներ, ազգային ժողովների արձանագրություններ, ուղերձներ, միջնորդագրեր, հաղորդագրություններ, պաշտոնական գրություններ, նամակներ:
Հունիսի 24-ին, Արամ Ա-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս օծելու 12-րդ տարեդարձին նվիրված պատարագին մասնակցելուց 2 օր անց, իրենց գործը պատվով կատարած հայաստանցի մասնագետները վերադարձան Երեւան:
ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի մամուլի քարտուղար