«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2007-07-20 | #137, 2007-07-21 | #138, 2007-07-24


ԴՈՒՇԱՆ ՄԻՀԻՉՆ «ԱՐԱՐԱՏԻ» ՆՈՐ ՄԱՐԶԻՉ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունն այս տարի աչքի է ընկնում ոչ միայն պայքարի լարվածությամբ, այլեւ մարզիչների հաճախակի պաշտոնանկություններով: Առաջնության մասնակից 8 թիմերից 5-ի գլխավոր մարզիչները մրցաշրջանի ընթացքում փոխվել էին, որոնց պատճառները տարբեր են: Եվ ահա գրանցվեց հերթականՙ 6-րդ պաշտոնանկությունը: Շատերի համար անսպասելի հրաժարական է տվել Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ արարատցիները հաջող են հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանումՙ պայքար մղելով չեմպիոնի կոչման համար: Նրա փոխարեն Երեւանի «Արարատի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել սերբ մասնագետ, 42-ամյա Դուշան Միհիչը: Նրան կօգնեն Աշոտ Կիրակոսյանն ու Վահան Նիկոլյանը:

Դուշան Միհիչը ծնվել է 1965 թ. հունվարի 23-ին, Սերբիայի Կռուպա նա Վռբասու քաղաքում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի գործունեությունը սկսել է Սերբիայի «Վոյվոդինա» թիմում, որի կազմում հանդես է եկել 9 տարի (1982-91 թթ.): Այդ ընթացքում նա թիմի կազմում մեկ անգամ դարձել է երկրի չեմպիոն: Այնուհետեւ Միհիչը իր ֆուտբոլային գործունեությունը շարունակել է իսպանական «Էսպանյոլում»` թիմի մարզաշապիկը կրելով 3 մրցաշրջան (1991-94 թթ.): 1995-96 թթ. Միհիչը 1,5 տարի խաղացել է Հունաստանի «Կավալա» թիմում, այնուհետեւ մեկ մրցաշրջան հանդես է եկել սերբական Սուբոտիցա քաղաքի «Սպարտակ» թիմում:

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դուշան Միհիչը 1997-99 թթ. սովորել է «Նովի Սադի» մարզչական համալսարանում, որից հետո ստանձնել է «Վոյվոդինայի» պատանեկան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: 2000-02 թթ. նա Չինաստանի «Շանհայ» թիմի գլխավոր մարզչի 1-ին օգնականն էր: Նույն պաշտոնը նա զբաղեցրել է Սոֆիայի «Լեւսկիում» (2002-04 թթ.): 2004-06 թթ. Դուշան Միհիչը «Վոյվոդինայի» մարզական տնօրենն էր:

«Արարատն» արդեն մի քանի օր է, ինչ նոր մարզչի գլխավորությամբ Ձորաղբյուրում մարզումներ է անցկացնումՙ նախապատրաստվելով «Բանանցի» հետ հանդիպմանը: Այդ խաղն արարատցիների համար շատ կարեւոր է: Հաղթանակի դեպքում նրանք կզբաղեցնեն առաջին տեղը:

«Ազգի» թղթակցի հետ զրույցում սերբ մարզիչը հետեւյալ կարծիքը հայտնեց «Արարատի» եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլի մասին.

- Չեմ ուզում անուններ տալ, բայց «Արարատում» թե՛ տեղացի ֆուտբոլիստների, թե՛ լեգեոնականների մեջ իրոք տաղանդավոր խաղացողներ կան: Պարզապես լավ մենեջերներ են անհրաժեշտ, լավ աշխատանք պետք է կատարել, որպեսզի այդ ֆուտբոլիստները ժամանակի ընթացքում ընդգրկվեն եվրոպական ակումբներում: Տեղյակ եմ, որ արարատցիներն աչքի են ընկնում արդյունավետ խաղով, առաջնության մասնակիցներից էլ ամենաքիչ թվով գոլեր են բաց թողել, այսինքնՙ պաշտպանությունը եւս հուսալի է գործում: Նշանակում է, խաղային օղակների համագործակցությունը բարվոք է: Դիտել եմ «Արարատի» մասնակցությամբ «Բանանցի» հետ եզրափակիչ հանդիպման, «Միկայի», «Շախտյորի» հետ խաղերի տեսագրությունները: Դրանք վկայում են, որ «Արարատը» ֆիզիկապես լավ է նախապատրաստված, տեխնիկական վարպետությամբ էլ ֆուտբոլիստներն աչքի են ընկնում: Մնում է, որ խաղի առաջին րոպեներից մինչեւ վերջին վայրկյանները խաղադաշտում կենտրոնացված լինեն, ոչ մի պահ զգոնությունը չկորցնեն, ինչպես դա պատահեց «Միկայի», «Շախտյորի» հետ հանդիպումներում:

Ընդհանուր առմամբ ծանոթ եմ արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների խաղին: Օրինակ, դիտել եմ ռումինական «Պոլիտեխնիկի» վերջին խաղերից մեկը, որում ինձ շատ դուր եկավ Արտավազդ Քարամյանի խաղը: Շատ արագաշարժ ֆուտբոլիստ է: Գիտեմ, որ Հայաստանը շատ լավ ֆուտբոլիստներ ունի, հայկական ֆուտբոլը տարեցտարի առաջադիմում է: Կարող եմ ասել, որ մոտ 5 տարի անց արդեն զգալի տարբերություն կզգացվի այսօրվա խաղամակարդակի համեմատ: Ընդհանրապես հայ ֆուտբոլիստները ֆիզիկապես լավ են նախապատրաստված, տեխնիկական վարպետությունն էլ բարձր մակարդակի վրա է: Ճիշտ է, հայ ֆուտբոլիստները դեռեւս շատ պետք է աշխատեն իրենց վարպետությունը կատարելագործելու համար, որպեսզի ավելի մեծ թվով խաղացողներ կարողանան հանդես գալ արտերկրում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4