Մերձակա ժամանակահատվածում Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական կյանքի խոշորագույն իրադարձությունները կդառնան նախագահական ընտրությունները: Մասշտաբային առումով երկու երկրների անհամեմատելիությունը հազիվ թե տեղին դարձնի առարկայացնելու այդ երկու գործընթացների նմանություններն ու տարբերությունները: Այդուհանդերձ դրանք կարող են դրսեւորվել ինքնին:
Անդրադառնանք Ռուսաստանին: Ակներեւ է, որ միաբեւեռ աշխարհը սկսում է մայրամուտ ապրել, այդպես էլ չհասցնելով ձեւավորվել որպես կուռ համակառույց: Եվ հարցը միայն ամերիկացիների արտաքին քաղաքական ու ռազմական ձախողումների մեջ չէ: Օր-օրի հզորանում ու մոլորակով մեկ շոշափուկներն է տարածում արեւելյան ուրվականըՙ Չինաստանը: Ամենամեծ անակնկալն է մատուցում Ռուսաստանը, որը ելցինյան ավերող ու այլասերող «դեմոկրատիայից» հետո մեծ դժվարություններով, բայց վստահորեն վերականգնում է տնտեսական, ռազմաքաղաքական կարողությունը:
Անշուշտ, իրավացի են ռուս պատմաբաններն ու քաղաքականագետները, որոնք առանձնացնում են այն միտքը, որ Ռուսաստանում ղեկավարի ընտրությունը սոսկ պետության գերագույն իշխանավորների ընտրություն չէ: Ազգային խառնվածքի, պատմական ավանդույթների, ստեղծված քաղաքաիրավական համակարգի բերումով այդ անձը դառնում է երկրի պետական իշխանության արդյունավետության, ազգային միասնության, սոցիալական համերաշխության, պատմական զարգացման լիդերը, խորհրդանիշը, երաշխիքը: Ռուսաստանում դեռեւս չի ստեղծվել այնպիսի իրավաքաղաքական համակարգ, որն ապահովի պետության ղեկավարի գործունեության ազատությունը եւ միաժամանակ վերահսկի այն (արմատապես ոչինչ չեն փոխի, օրինակ, ոչ Նիկոլայ Սարկոզին Ֆրանսիայում եւ ոչ էլ Գորդոն Բրաունը Մեծ Բրիտանիայում): Ռուսաստանում տակավին շատ ուժեղ է անհատի սուբյեկտիվության պարագան: Այդ իսկ պատճառով առաջիկա ընտրություններում կարեւորագույնը դառնում է քաղաքական ժառանգորդության հարցը, հաջորդ նախագահը կկարողանա՞ պահպանել կայունությունը եւ զարգացնել առաջընթացի միտումները:
Ո՞րն է Պուտինի ամենամեծ ծառայությունը Ռուսաստանի ներկա պատմական փուլում: Նախորդից ժառանգելով համակարգային աննախադեպ ճգնաժամ, նա ի վերջո գտավ դրա հաղթահարման բանալինՙ վերականգնեց պետության դերը տնտեսության կարեւորագույն ռազմավարական բնագավառներում, իշխանությունը կրկին դարձրեց ուղղահայաց: Ավելին, նախագահական երկրորդ ժամկետում նա գիտակցեց ու ձեւակերպեց ազգի ու պետության զարգացման երկարաժամկետ ծրագրերը:
Բնականաբար, Պուտինին չի կարող չմտահոգել այն հարցը, թե ով կփոխարինի իրեն: Առայժմ նա առաջին պլան է մղել երկու հոգուՙ Դմիտրի Մեդվեդեւին ու Սերգեյ Իվանովին, թեեւ ակնարկում է, որ հնարավոր են նաեւ ուրիշ թեկնածուներ: Հիշյալ երկուսի համար նա ստեղծել է հավասար պայմաններՙ որպես առաջին փոխվարչապետներ, սակայն հստակ տարբերակել է նրանց պարտականությունները: Իվանովը վերահսկում է ռազմարդյունաբերական համալիրը, ինովացիոն տեխնոլոգիաները, արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ: Մեդվեդեւին վստահված են ազգային ծրագրերի իրագործումը, գիտությունը, կրթությունը, սոցիալական ոլորտը, սպորտը (երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ եթե նրանցից մեկը դառնա նախագահ, մյուսը պատրաստ կլինի գրավելու վարչապետի աթոռը): Այլ խոսքով ասած, այս երկուսը ի պաշտոնե մոտ են վարչական ռեսուրսներին եւ կարող են օգտագործել դրանք, եթե իրենց կողմը գրավեն հասարակական կարծիքը: Մեդվեդեւը եւ Իվանովը Պուտինի մերձավոր զինակիցներն են. նույն քաղաքից են, նույն իրավաբանական կրթությունն են ստացել, երկար տարիներ աշխատել են պետական մարմիններում: Նրանցից որն էլ դառնա նախագահ, կարելի է առնվազն հույս ունենալ ընտրված կուրսի շարունակման, անցման շրջանում Պուտինի քաղաքական դիրքերի պահպանման հարցում:
Իսկ ի՞նչ շանսեր ունեն նախագահի մյուս հավակնորդները: «Պուտինականների» համեմատՙ ոչ մի: Արդեն խիստ «մաշված» են Գենադի Զյուգանովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գրիգորի Յավլինսկին: Իսկ ովքե՞ր են «թարմ» թեկնածուները. Միխայիլ Կասյանովի, Վիկտոր Գերաշչենկոյի, Վլադիմիր Բուկովսկու եւ նմանների վարկանիշը շատ հեռու չէ զրոյից: Իսկ «հայ» ականավոր շախմատիստ ու նորաթուխ քաղաքապետ Գարիկ Կասպարովը իր «անհամաձայնության» երթերով սկսել է հիշեցնել շառլատանի:
Երբ Պուտինն ինքը եկավ իշխանության գլուխ, Արեւմուտքը վստահ էր, որ կշարունակվի Ելցինի «գիծը», այսինքնՙ Ռուսաստանը կանի այն, ինչ կթելադրվի դրսից: Մանավանդ որ նախագահը նվազ ճանաչված անձ է, գրեթե զուրկ «խարիզմից», երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավում հիմնականում արեւմտամետ ուժեր են կամ իսկական դրածոներ եւ այլն: Սակայն իրադարձությունները զարգացան այլ հունով, եւ եթե այս ընտրություններում հաղթի Պուտինի թեկնածուն, ապա դա կդառնա Արեւմուտքի հերթական պարտությունը ռուսական ուղղությունում: Այդ պատճառով էլ իշխանափոխության պայքարում Արեւմուտքը կգործի առավել անողոք, նրան ոչ մի պարագայում ձեռնտու չէ ուժեղ Ռուսաստանը, գերադասելի է ելցինյան տիպի դեմոկրատական «անառականոցը»: Մինչդեռ Պուտինը կանխատեսել է նաեւ այդ հավանականությունը, եւ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների (հատկապես իրավապահ) վերաբերյալ օրենքները ապօրինի դարձրեց օտար պետությունների կողմից դրանց նյութական աջակցություն ցույց տալու բոլոր ձեւերը: Այսօր նույնիսկ զավեշտական է պատկերացնել, որ, ասենք, «Յաբլոկոն» կամ Աջ ուժերի միությունը կարողանան որեւէ կերպ ազդել ընտրությունների վրա: Ծայրահեղ զգույշ կգործեն նաեւ օլիգարխները, ոչ ոք չի ուզենա հայտնվել Խոդորկովսկու վիճակում:
Մեզ մնում է միայն մտածել, թե Հայաստանին ինչքանով է ձեռնտու Պուտինի թեկնածուն:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա